«ՀՀ քաղաքացիություն չունեցող և ՀՀ-ում աշխատանքի առաջարկ ստացած լիբանանահայերը բյուրոկրատական խնդիրների են բախվում. Կառավարության մեկ որոշում է պետք». Վարուժան Ավետիքյան

Մասնավոր սեկտորը փորձում է լիբանանահայերի համար աշխատատեղերի հարց լուծել, բայց պարզվում է, որ լիբանանյան ծանր կացությունից Հայաստան եկող և աշխատելու առաջարկ ստացած լիբանանահայը, որը չունի ՀՀ քաղաքացիություն, ծանր բյուրոկրատիայի միջով պիտի անցնի համապատասխան իրավունք ստանալու համար:

«Երբ կազմակերպություններն աշխատանքի առաջարկ են անում լիբանանահային, և եթե տվյալ լիբանանահայը ՀՀ քաղաքացի չէ, ապա պետք է ստանա աշխատանքի թույլտվություն: Օրինակ, երբ մենք հայտարարություն տարածեցինք, 120 դիմորդ ունեցանք, որից պիտի 3-ին ընտրենք, հարցազրույցներ ենք 2 շաբաթ անցկացրել: Բայց սա մեկ հոգու խնդիր չէ, այլ հարցը շատ ավելի լայն է: Այսինքն՝ բանավոր կարգադրությամբ լուծելու հարց չէ, պետք է կառավարության մակարդակով որոշում կայացվի ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերի մասով, որոնք վերադառնում են հայրենիք և աշխատանքի են անցնում, քանի որ քաղաքացիություն և Հատուկ կարգավիճակ ստանալը ժամանակ է պահանջում: Կառավարության մեկ որոշում է պետք, որը դեռ երեկ կարող էին ընդունել: Նվազագույնը, ինչ կարող են անել՝ որոշել, որ այսօրվանից Լիբանանից Հայաստան փախչող հայերի վրա գործող կարգը չի տարածվում, հետո նոր թող գլոբալ օրենսդրական փոփոխություններ մշակեն: Հարցը շատ ավելի պարզ է»,- 168.amի հետ զրույցում ասաց TK & Partners իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը:

Նշենք, որ օտարերկրացիների աշխատանքը ՀՀ-ում կարգավորվում է «Օտարերկրացիների մասին» օրենքի 22-29-րդ հոդվածներով:

Մասնավորապես, օրենքի 22-րդ հոդվածի 4 կետում ասվում է, որ «օտարերկրացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու աշխատանքային գործունեություն` գործատուի կողմից իրեն տրված աշխատանքի թույլտվությունը փոխանցելու դեպքում»: Իսկ 23-րդ հոդվածը սահմանում է, որ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել`

ա) Հայաստանի Հանրապետության մշտական և հատուկ կացության կարգավիճակ ունեցողները, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները,

բ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,

գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա,

դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաև կարճ ժամկետով ժամանող մշակութային և սպորտային մասնագիտություն ունեցող անձինք,

ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները,

զ) օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով,

է) օտարերկրյա առևտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առևտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու և դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները,

ը) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք,

թ) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները,

ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները,

ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,

ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները:

Բացի այս, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները սահմանված են ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N493-Ն որոշման N1 հավելվածում:

Արդյոք անձամբ լիբանանահայից Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ստացե՞լ է բողոք՝ հարցին 168.am-ի հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը պատասխանեց, որ աշխատանքի թույլտվության հետ կապված մեկ գրավոր բողոք են ստացել լիբանանահայից, և ի պատասխան՝ հղում կատարել համապատասխան օրենքին:

«Այլ բողոքներ թեմայի վերաբերյալ չենք ստացել լիբանանահայերից, քանի որ նրանց մեծամասնությունն արդեն իսկ ունեն ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ, հետևաբար՝ այս խնդրին չեն բախվում: Այս ընթացքում մեր առաջնային խնդիրը լիբանանահայերի զբաղվածության ապահովումն է ՀՀ-ում, ուստի մեկնարկել ենք լիբանանահայերի զբաղվածության աջակցության ծրագիրը»,- հայտնեց նա:

ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն էլ իր հերթին փաստեց, որ, առհասարակ, օտարերկրացիներին տրվող աշխատանքի թույլտվության գործընթացը ՀՀ-ում մի փոքր բարդացված և խճճված է:

«Այդ իսկ պատճառով նախաձեռնել ենք աշխատանքի թույլտվության նոր համակարգի ներդրման օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը բոլորովին վերջերս քննարկվել է խոշոր գործատուների հետ: Հնչել են մի շարք առաջարկներ, որոնց հիման վրա կատարվում են որոշ լրամշակումներ, որոնք ներկայացվելու են առաջիկայում կայանալիք միջգերատեսչական նիստին, դրանից հետո ըստ ընթացակարգի կներկայացվի կառավարություն, խորհրդարան, և այն ընդունվելուց հետո գործառույթը կանցնի Միգրացիոն ծառայության տիրույթ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս