Բաժիններ՝

Արյունաբանական կենտրոնի ղեկավարը՝ իր փորած փոսում. հետաքրքիր բացահայտումներ. ankakh.com

ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և դրա կազմում գործող Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին Անկախ-ին բավականին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։

Այդ տեղեկությունները վկայում են, որ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն այնքան էլ անփոխարինելի և «սուրբ» չէ, որքան որ փորձ է արվում ներկայացվել նրա գործընկերների, մասնավորապես նրա նախկին օգնական, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի կողմից։

Պարզվում է, որ ժամանակին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի ղեկավարած «Նվիրիր կյանք» հիմնադրամի ջանքերով Համաշխարհային բանկը միլիոնավոր դոլարներ հատկացրեց, և երկու տարվա ընթացքում արյունաբանական կենտրոնը վերակառուցվեց, վերազինվեց և դարձավ ժամանակակից լավագույն բժշկական կենտրոններից մեկը, այդ ժամանակ Ռիտա Սարգսյանն անձամբ է դիմել «անփոխարինելի» Սամվել Դանիելյանին և առաջարկել, որպեսզի նա ղեկավարի կենտրոնի կազմում վերաբացված Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը։ Սամվել Դանիելյանը, որն այդ ժամանակ ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավարն էր, կտրականապես մերժել է առաջարկը՝ ասելով, որ չի պատրաստվում աշխատել Արյունաբանական կենտրոնի այն ժամանակվա ղեկավար Սմբատ Դաղբաշյանի «ձեռքի տակ»։

Ակնհայտ էր, որ Դանիելյանը Մուրացանից Արյունաբանական կենտրոն կտեղափոխվեր միայն մեկ դեպքում՝ եթե Դաղբաշյանին աշխատանքից ազատեին և իրեն նշանակեին Արյունաբանական կենտրոնի ղեկավար։

Ռիտա Սարգսյանը, չցանկանալով ներքաշվել անձնական հակասությունների դաշտ և հասկանալով, որ Դաղբաշյանի և Դանիելյանի միջև համերաշխության մթնոլորտ ձևավորելու իր ջանքերը Դանիելյանի պատճառով ապարդյուն են, որոշել է հարցը փակել։ Իսկ Սմբատ Դաղբաշյանը, որը երկար տարիներ ղեկավարել էր Արյունաբանական կենտրոնը, շարունակել է ղեկավարել այն նաև վերակառուցումից հետ՝ շինարարության ողջ ընթացքում ակտիվորեն ներգրավված լինելով գործի մեջ, գիշեր-ցերեկ վերահսկելով աշխատանքները, նույնիսկ գիշերելով հիվանդանոցում, որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի որևէ բան գողանալ։

Ինչևէ, 2016 թվականին կենտրոնը մեծ շուքով վերաբացվում է և սկսում իր գործունեությունը։ Սամվել Դանիելյանը, որն արդեն նեղացած էր Ռիտա Սարգսյանից, քանի որ իրեն առաջարկվել էր ոչ թե ամբողջ կենտրոնի, այլ կենտրոնի կազմում գործող Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնը, այնքան ծանր է տանում նոր կենտրոնի բացումը, որ որոշում է «արտագաղթել» ԱՄՆ։

Գալիս է 2018 թվականը՝ շատերի անավարտ երազանքներն իրականություն դարձնելու «Թավշյա հեղափոխությունը»։ Սամվել Դանիելյանն ԱՄՆ-ից շտապ վերադառնում է Հայաստան, «վազում» Աննա Հակոբյանի մոտ, «երդում տալիս» և պատմում, թե իբր այդ «փիս նախկինները», մասնավորապես Ռիտա Սարգսյանը, ցանկացել են փակել իր կլինիկան, և ինքն այդպես «հուսալքված» ու «հալածված» հեռացել է Հայաստանից։

Հավատու՞մ է արդյոք Աննա Հակոբյանը Սամվել Դանիելյանի պատմած հեքիաթին, թե ոչ, հայտնի չէ, բայց այդ պատմությունը վստահաբար նրան շատ է դուր գալիս, քանի որ սյուժեի հիմքում «հանցագործ նախկիններն» էին։ Եվ ահա Աննա Հակոբյանն իրականացնում է Սամվել Դանիելյանի վաղեմի երազանքը։ 2018 թվականի հունիսի 21-ին Սմբատ Դաղբաշյանն ազատվում է Արյունաբանական կենտրոնի տնօրենի և ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի պաշտոնից, իսկ նրան երկու պաշտոններում էլ փոխարինում է Սամվել Դանիելյանը։

2014 թվականին, երբ խնդիր էր դրվել վերակառուցել Արյունաբանական կենտրոնը, քննարկվում էր Հայաստանի 3 տարբեր բուժհաստատություններում երեխաների քաղցկեղի բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների գերժամանակակից կենտրոնում կենտրոնացնելու հարցը, որպեսզի բոլոր երեխաները հնարավորություն ունենան հավասար պայմաններում լավագույն բուժում ստանալու։ Երբ Սամվել Դանիելյանր հրաժարվում է Մուրացանից տեղափոխվել այդ կենտրոն, քանի որ չէր ուզում աշխատել Դաղբաշյանի ղեկավարության ներքո, բնականաբար դեմ էր նաև երեխաների բուժումն այնտեղ կենտրոնացնելու գաղափարին։ Հավանաբար այդ պատճառով Դանիելյանի մոտ կպչուն մտքեր էին առաջացել, թե շուտով իր ղեկավարած կենտրոնը փակվելու է, և բոլոր հիվանդները գնալու են Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։

Ակնհայտ է, որ նախկին իշխանությունները մտադիր չէին փակել Մուրացանի հիմվանդանոցում գործող Դանիելյանի ղեկավարած կլինիկան։ Եթե նման ցանկություն լիներ, ամենայն հավանականությամբ այն կիրականանար։ Պարզապես Դանիելյանը ստել էր, քանի որ հասկացել էր Աննա Հակոբյանին դուր գալու և վստահություն շահելու ամենակարճ ճանապարհը։

Մի կարևոր բացահայտում ևս․ պարզվում է՝ դեռևս 2014 թվականին հենց Սամվել Դանիելյանն ու Գևորգ Թամամյանն են հիմնադրել «City of smile» (Ժպիտների քաղաք) անվանումով հիմնադրամը, որի գործունեությունը նրանք գաղտնի են պահել նույնիսկ Ռիտա Սարգսյանից, որը համակարգում էր Հայաստանում մանկական քաղցկեղի բուժման համար գումարների հավաքագրման գործընթացը և որի հետ ունեին ջերմ հարաբերություններ։ Հավանաբար Դանիելյանն ու Թամամյանը ցանկանում էին վերահսկողությունից դուրս գործել։ Դա է պատճառը, որ հիմնադրամի միջոցով գումար էր հավաքվում միմիայն դրսից։

Եվ ահա, երբ Սամվել Դանիելյանը իշխանափոխությունից հետո գալիս է Հայաստան ու հանդիպում Աննա Հակոբյանի հետ, ներկայացնում է նաև իր հիմնադրամը և առաջարկում, որ հենց այդ հիմնադրամով էլ այսուհետև հավաքագրվի հետագա գումարը։ Այդպես «Նվիրիր կյանքը» մի կողմ է դրվում, փոխարենը առաջ է գալիս «Ժպիտների քաղաքը»։ Փաստորեն, դա ոչ թե Աննա Հակոբյանի, այլ Սամվել Դանիելյանի նախաձեռնությունն էր։

Արյունաբանական կենտրոնը ղեկավարելու իր երազանքին հասնելու ճանապարհին Սամվել Դանիելյանը պատրաստ էր նույնիսկ մոռացության մատնել այն, որ ժամանակին, երբ դեռևս Ռիտա Սարգսյանի հետ լավ հարաբերություններ ուներ, խնդրանքով դիմել էր նրան և ստացել անձնական չափազանց կարևոր աջակցություն, որը մոռանալը կամ ուրանալը պարզապես դուրս է բարոյականության սահմաններից։ Իսկ նույն Գևորգ Թամամյանը ժամանակին արտերկրում ուսում էր ստացել կրկին Ռիտա Սարգսյանի աջակցության շնորհիվ։ Բայց, ինչպես տեսնում ենք, որոշ մարդիկ պատրաստ են անձնական շահերի համար զոհաբերել նույնիսկ բարոյականությունն ու արժանապատվությունը։

Ի դեպ, Արյունաբանական կենտրոնը ղեկավարելիս Դանիելյանը ամեն տարի ինքն իրեն պարգևատրել է 20 հազար ԱՄն դոլարով՝ հավանաբար շատ գոհ լիելով իր գործունեությունից։ Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ այդքանից հետո Առողջապահության նախարարը որոշեց չերկարաձգել նրա հետ պայմանագիրը, առայժմ հայտնի չէ։ Փաստն այն է, որ հեղափոխության ապտակը Դանիելյանին էլ հասավ։ Թերևս տեղին կլինի հիշել հին ասացվածքը՝ ուրիշի համար փոս փորողը ինքն է ընկում փոսը։

Մեր տեղեկություններով՝ Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմը նույնպես միարժեքորեն չի ընդունում Սամվել Դանիելյանին, և բուժաշխատողների ստորագրահավաքն ու ազատման դիմումները՝ ի աջակցություն նրա, մեծ հարցականների տեղիք են տալիս։ Չի բացառվում նաև, որ բժիշկների մի մասը ճնշման ներքո է ազատման դիմում գրել։

Բուժաշխատողների այս քայլը տարակուսելու տեղիք է տալիս նաև այլ տեսանկյունից․ արդյո՞ք քաղցկեղով հիվանդ երեխաներին լքելու որոշումը չի հատում բարոյականության սահմանագիծը։ Ի վերջո, նույնիսկ լավագույն ղեկավարի հեռացումը ոչինչ է, եթե բժիշկը նվիրված է իր առաքելությանը և հավատարիմ՝ Հիպոկրատի իր երդմանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս