«Սամվել Կարապետյանն Արցախի Նախագահի ամենամտերիմ թիմակիցներից մեկն է, բայց ԱԽ կազմում կարող են լինել միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաները». Վահրամ Պողոսյան

Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության նախագահը հաստատեց ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը, սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ԱԽ անդրանիկ նիստն այս կազմով: Նշենք, որ Նախագահի հրամանագրով հաստատված կազմը հետևյալն է․

Նախագահ

ԱԺ նախագահ

Վարչապետ

Անվտանգության խորհրդի քարտուղար

Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար

Արտաքին գործերի նախարար

Նախագահի աշխատակազմի ղեկավար

Գլխավոր դատախազ

Գերագույն դատարանի նախագահ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Ոստիկանության պետ

Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ

Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։

168.am-ը հիշեց, որ 2019-ի դեկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցում էր նաև Արցախի «Ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, որը 2019 թվականի ապրիլին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։

Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Արցախի նախագահի աշխատակազմից։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ հետ զրույցում նախ հիշեցրեց՝ ԱԽ-ն խորհրդակցական մարմին է, և երկրի Նախագահն է հաստատում և որոշում կազմը:

«Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նա այսօր համարվում է Արցախի նախագահի ամենամտերիմ թիմակիցներից մեկը. նա Արցախի ազատամարտիկների միության ղեկավարն է, իսկ Նախագահը հանդիսանում է միության վարչության անդամ, ավելին, իր աշխատավարձի մեծ մասը փոխանցում է այս կառույցին: Երկրորդ՝ «Ազատամարտիկների միությունը» հասարակական կազմակերպություն է, ուստի  նրա ղեկավարը չի կարող լինել խորհրդի կազմում, այստեղ խնդիրն անձը չէ, խորհրդի կազմում միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաները կարող են ընդգրկվել, իսկ նախկինում, որոշ դեպքերում Սամվել Կարապետյանը ԱԽ նիստին, թերևս,  այլ հիմունքով  է մասնակցել»,- ասաց Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս