Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշը
Լուկոյլը, ըստ Forbes-ի վարկածի, կրկին գլխավորել է Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշը: Այդ մասին հաղորդվում է հանդեսի կայքում:
Անցյալ տարի նավթաընկերության հասույթը կազմել է 7,841 տրիլիոն ռուբլի: Վարկանիշի առաջատարների հինգյակը մնացել է առաջվանը:
Այսպես, երկրորդ տեղում կրկին հայտնվել է «Սուրգուտնեֆտեգազ»-ը՝ 1,814 տրլն ռուբլի հասույթով, երրորդում X5 Retail Group ընկերությունն է՝ որը կառավարում է «Պյատերոչկա», «Պերեկրյոստոկ» եւ «Կարուսել» ցանցերը (1,734 տրլն ռուբլի):
Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ռուսաստանի խոշորագույն ռիթեյլերներից մեկը՝ «Մագնիտ»-ը (1,369 տրլն ռուբլի), իսկ հնգյակը եզրափակել է «Տատնեֆտ»-ը՝ 932,3 մլրդ ռուբլի ցուցանիշով:
Վեցերորդ դիրքում, ինչպես եւ մեկ տարի առաջ, հայտնվել է բնական գազի խոշորագույն անկախ արտադրողներից մեկը՝ «Նովատեկ»-ը՝ 877,8 մլրդ ռուբլի հասույթով:
Նրան հաջորդում են՝ «Նորիլսկի նիկել»-ը (831,7 մլրդ), Evraz մետալուրգիական ու լեռարդյունահանող ընկերությունը (770,3 մլրդ) եւ «Մեգապոլիս» ընկերությունների խումբը, որն ունի եւ կառավարում է ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքների դիստրիբուցիայի եւ լոգիստիկայի ոլորտի ակտիվները (752,3 մլրդ):
Առաջին տասնյակը եզրափակել է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատը՝ 684,4 մլրդ ռուբլի հասույթով: Ընդամենը վարկանիշում ներկայացված են 200 մասնավոր ընկերություններ, որոնց միագումար հասույթն անցյալ տարի կազմել է 45,3 տրիլիոն ռուբլի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: