Բաժիններ՝

Ինչ դասեր է քաղել COVID- 19-ի դեմ պայքարող բժիշկը

Արդեն գրեթե 7 ամիս է, ինչ հանրապետության մի շարք հիվանդանոցների բժիշկներն ու բուժքույրերը պայքարում են նոր տիպի կորոնավիրուսի դեմ։ Բուժաշխատողներից շատերը առաջին ամիսներին մեկուսացված են եղել, սակայն տանն այդ ժամանակ սպասել են նրանց երեխաները, ծնողները, ընտանիքի մյուս անդամները։ Այժմ իրադրությունն ավելի լավ է, ամեն ինչ կարծես թե դրական գույներ է ստանում՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը գնալով պակասում են, ինչի շնորհիվ էլ բժիշկներն արդեն հանգիստ տուն են գնում, կարողանում են գրկել իրենց հարազատներին։

«Արմենպրես»-ը Պացիենտների անվտանգության համաշխարհային օրվա առիթով, որի կարգախոսն է՝ «Ապահով բուժաշխատողներ, ապահով պացիենտներ», խոսել է մանկական թոքաբան, «Արաբկիր» ԲԿ-ի թոքաբանական իզոլացված COVID-19 բաժանմունքի վարիչ Ստելլա Սարգսյանի հետ։ Փորձել ենք հասկանալ, թե ինչ դժվարություններ են եղել համավարակի տարածման առաջին օրերին, հոգեբանական ինչ փորձությունների միջով են անցել, ինչ դասեր են քաղել։

Առաջին պացիենտը եղել է 35 օրական

«Արաբկիր» ԲԿ-ում, որտեղ մեկ բաժանմունք հատկացվել է COVID-19-ով հիվանդ երեխաներին բուժելու համար, 35 օրական առաջին պացիենտին ընդունել են մարտի 31-ին։

«Առաջին անգամ էինք այս հիվանդության հետ «շփվում», այդ պատճառով բոլորիս մոտ առաջին զգացողությունները հստակ չէին, ինչ-որ տեղ անհանգստություն կար, պատասխանատվության շատ ավելի մեծ զգացում։ Մենք առաջին իսկ օրվանից փորձել ենք բուժսպասարկման բարձր որակ ապահովել՝ պահպանելով բուժաշխատողների ու պացիենտների անվտանգությունը»,- նշեց բժշկուհին։

Հոսպիտալացված երեխաների շրջանում եղել են բավականին ծանր կլինիկական ընթացքով երեխաներ։ Հիվանդության ծանր լինելը հիմնականում պայմանավորված է եղել ուղեկցող քրոնիկական հիվանդություններով՝ նյարդաբանական, մանկական ուղեղային կաթված, զարգացման հապաղում, սիմպտոմատիկ էպիլեպսիա։ Նման հիվանդություններ ունեցող երեխաներն ինտենսիվ բուժման կարիք են ունեցել։

«Մենք ունեցել ենք օնկոլոգիական, արյան համակարգային հիվանդություններով երեխաներ, որոնք քիմիաթերապիա էին ստացել, և նրանց մոտ նույնպես ծանր ընթացք էր գրանցվում։ Եղել է նաև 8 տարեկան մի պացիենտ, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, և նա ուներ նաև լյարդի քաղցկեղ, մետաստատիկ ախտահարումով։ Նա բարձր ջերմություն ուներ, արյան համակարգի կողմից արտահայտված շեղումներ, որոնք երկար ժամանակ չէին կարգավորվում»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ անգամ նման դեպքերի ականատես լինելուց հետո ինքը թևաթափ չի եղել ու մտածել է իր պացիենտների կյանքը փրկելու մասին։

Ամիսներ ձգվող մեկուսացվածություն

Առաջին մեկ ամիսը, ինչպես և բժիշկների մեծ մասը, Սարգսյանը ապրել է հիվանդանոցում, ապա մոտ 2-3 ամիս առանձին բնակարանում մեկուսացված է եղել։ Այդ ընթացքում նա տուն չի գնացել, չի շփվել ոչ ոքի հետ։ Բաժանմունքի կազմակերպման աշխատանքներին անձամբ է մասնակցել, այդ իսկ պատճառով, այնպիսի զգացողություն, թե ուր է ընկել և ինչ է անելու՝ չի ունեցել։

Նկատում է՝ երբ առաջին անգամ հայտարարել էին արտակարգ դրության մասին, ինքը հասկացել էր, որ պետք է համախմբվել, ինքնակազմակերպվել և արագ գործի անցնել, որպեսզի կարողանան ստեղծված իրավիճակից հավուր պատշաճի դուրս գալ։

«Մի փորք անհանգստանում էի ընտանիքիս անդամների, հարազատներիս համար և առաջին 2-3 ասմվա ընթացքում նրանց հետ շփումը խիստ սահմանափակ է եղել։ Մեկուսացվել էի առանձին բնակարանում և այդ ամենից հետո առաջին անգամ նրանց հետ շփվել եմ, երբ թեստ էի հանձնել ու բացասական էր պատասխանը»,- նշեց բժշկուհին։

Բուժաշխատողների անվտանգությունից բխում է պացիենտների անվտնագությունը

Աշխատանքի ընթացքում Սարգսյանն ու նրա կոլեգաներն առնչվել են տարբեր մասնագետների և տարբեր նեղ մասնագիտացված հիվանդությունների հետ ու բարդությունները հիմնականում դրանում են կայացել։

Նրա խոսքով՝ բուժաշխատողների անվտանգությունից բխել է պացիենտների անվտնագությունն ու որակյալ բուժսպասարկումը։ Սկզբնական շրջանում բավականին բարդ աշխատանքներ են իրականացվել, մանրակրկիտ մտածել աշխատանքային բոլոր կանոնները՝ սկսած հիգիենայի պահպանումից մինչև արտահագուստի հագնելն ու հանելը։

Փորքիկները վախենում էին արտահագուստից

«Սկզբնական շրջանում մեր արտահագուստը փոքրիկների համար տարօրինակ էր, նրանց մոտ ավելի շատ վախի զգացում էր առաջացնում, սակայն հոսպիտալացման ընթացքում նրանք հարմարվում էին։ Սակայն կար նաև հակառակը․ 3-4 տարեկան մի երեխա ունեինք, ով այնքան էր հավանել մեր արտահագուստը, որ ամեն անգամ մեծ ոգևորությամբ էր մեզ դիմավորում, անգամ ծնողներին էլ խնդրում էր իրեն նմանատիպ արտահագուստ գնել»,- նշեց մանկական թոքաբանը։

Ասում է, թե նման բաներն իրենց ոգևորում էին և այդ հանգամանքը հիշելով ավելի ուրախությամբ էին կրում այդ համազգեստը և մոռանում դրա հետ կապված բոլոր դժվարությունները։ Այժմ էլ իրենց պացիենտ երեխաներից ոմանց հետ սոցցանցերում ընկերացել են և նրանք վիրտուալ տիրույթում, սակայն բժշկի իրական կերպարը տեսնելով` կարողանում են շփվել միմյանց հետ։

Կորոնավիրուսի ընթացքում բժիշկներին չեն հանդիպել պացիենտների ջղայն հարազատներ

Կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հարազատները, բարեբախտաբար, հիմնականում մեղադրանքներ չեն հնչեցրել բժիշկների հասցեին և փորձել են ըմբռնումով մոտենալ տեղի ունեցող իրադարձություններին։

«Ես ուրախությամբ եմ նշում այն փաստը, որ մեր փոքրիկների ծնողները, չնայած իրենց անհանգստությանը, բավականին խելացի են իրենց դրսևորել և մեր հասցեին մեղադրանքներ չեն հնչեցրել։ Ընդհանուր առմամբ, ազգի անհանգստությունն ու լարվածությունը սկզբնական շրջանում բավականին մեծ էր, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ հարթվեց»,- նկատեց Ստելլա Սարգսյանը։

Առաջին գաղափարը և նպատակը եղել է փոքրիկներին օգնելը

Իր աշխատանքային փորձում բժշկուհին առաջին անգամ էր առնչվում նման հիվանդության հետ և մեծ դասեր է քաղել այդ ամենից։ Ասում է, որ բժշկի մասնագիտությունն այնպիսին է, որ ամբողջ կյանքի ընթացքում սովորում են, կարելի է ասել՝ ամեն օր։ Կորոնավիրուսային համավարակի առաջին օրերից սկսած` նոր բաներ են սովորել՝ նոր հմտություններ, նոր ձեռքբերումներ, նոր իրավիճակներում հարմարվելու կարողություն, կոչմանը համապատասխանելու ավելի մեծ ձգտում։ Ձեռք են բերել գիտելիքներ, եղել է նաև միջազգային փորձի փոխանակում։

«Կարող եմ ասել, որ հենց սկզբից էլ չեմ վախեցել այս հիվանդությունից, միայն մի փոքր անհանգստություն կար, քանի որ այն լրիվ նոր էր ու չբացահայտնված։ Չնայած այդ ամենին, մեզ համար առաջին գաղափարն ու նպատակը եղել է մեկը՝ օգնել փոքրիկներին շուտ ապաքինվել և տուն գնալ»,- անկեղծացավ բժիշկ Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ իր համար ուրախալի մի փաստ է արձանագրել, որ քաղաքացիները սկսել են ավելի լավ հետևել իրենց հիգիենային, նախկինում ձեռնոցներ էին հանգում, մինչև այսօր նաև պարտաճանաչ կերպով, սոցիալական պատասխանատվության զգացումով դիմակներ են դնում։ Այսպիսով նրանք օգնել և օգնում են բուժաշխատողներին, որոնք էլ օգնում են քաղաքացիներին, այսինքն` այստեղ կա փոխգործակցություն մեկ նպատակի համար։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս