Նախատեսում են կիրառել հատուկ «գործիքակազմ». Որոշվելու է զրպարտության «չափը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանություններն առաջիկայում նախատեսում են օրենսդրական փոփոխություններ իրականացնել. ըստ այդմ, առաջարկվում է սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:
Թեմայի հետ կապված արդեն իսկ հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ նշելով, որ «այս նախաձեռնությունը գործող իշխանությունների ձեռքին եւս մի գործիք է` ուղղված ազատ խոսքի, մասնավորապես` մամուլի ազատության սահմանափակմանը»:
Երեկ հայտնի դարձավ, որ այս հայտարարությանը արձագանքել են Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան եւ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն իրենց նպատակին հասնելու համար նախատեսում են ստեղծել տեղեկատվական դաշտն ուսումնասիրող առանձին խումբ, որի հիմնական նպատակը դաշտում ոչ միայն մոնիտորինգ իրականացնելն է, այլեւ համապատասխան վերահսկողություն սահմանելը:
Ի դեպ, ըստ տեղեկությունների, կիրառվելու է սոցիոլոգների կողմից կազմված հատուկ գործիքակազմ, ինչի միջոցով որոշվելու է տվյալ լրատվամիջոցներում եւ հատկապես սոցցանցերում արված հրապարակումների հավաստիության, վիրավորանքի եւ զրպարտության «չափը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: