2020թ․ ամառային զորակոչի ընթացքում «Ես եմ» ծրագրին ՀՀ-ից դիմող չի եղել

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը հոդված էր հրապարակել, որում նշել էր, թե՝ «Ես եմ» ծրագրի մասնակիցների թիվը չի աճում, ավելին՝ մեկնարկից անընդհատ իջնում է։

Ըստ այդմ, ըստ Աբրահամյանի, ծրագիրը կամ պիտի փակել, կամ վերակառուցել:

«Ես եմ» ծրագրով առաջին զորակոչը կազմակերպվել է 2017-ի ձմռանը: Նշված ծրագրի շրջանակներում զինվորական ծառայություն անցնելու համար դիմել և ՀՀ զինված ուժեր է զորակոչվել 515 քաղաքացի։

168.am-ին ՊՆ-ից հայտնեցին, որ, մասնավորապես, 2017թ․ ձմռանը դիմել է 142 քաղաքացի, 2018թ․ ամռանը՝ 117, 2018թ․ ձմռանը՝ 94, 2019թ․ ամռանը դիմողների թիվը 89 է, իսկ 2019թ․ ձմռանը՝ 73:

Մեզ  հայտնի դարձավ նաև, որ 2020 թ․ ամառային զորակոչի ընթացքում «Ես եմ» ծրագրով ծառայության անցնելու համար ՀՀ-ից դիմելիություն չի գրանցվել, Արցախից եղել է:

Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագրով այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար:

Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝

  1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիպոթեքային ծրագիր),
  2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
  3. ուսման վարձի փոխհատուցում:

Ինչ վերաբերում է  «Պատիվ ունեմ» ծրագրին, ապա  2018 թվականին դիմել է՝ 350, 2019-ին՝ 420, իսկ 2020 թվականին՝ 650 քաղաքացի։

Նշենք, որ ծրագրի մասնակիցներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված տարեկան վարձի չափով: Բուհը և զինվորական պատրաստությունը սահմանված կարգով ավարտելուց հետո զորակոչված քաղաքացուն շնորհվում է լեյտենանտ զինվորականի կոչում, նրա հետ կնքվում է կրտսեր սպայական կազմի պայմանագրային ծառայություն անցնելու մասին պայմանագիր և վիճակահանությամբ նշանակվում ծառայության.

– դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստության դեպքում՝ 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով,

– բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստության դեպքում՝ ուսումնառության և 1 տարի ժամկետով կլինիկական ռեզիդենտուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառության ավարտից հետո՝ 4 տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս