«Մոսկվան բացարձակ պարտավոր չէ Փաշինյանի կյանքը հեշտացնել». Վադիմ Դուբնով

Հարցազրույց ռուս հեղինակավոր վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովի հետ

 – Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո չեն դադարում ներքաղաքական ցնցումները, որին հետևում են բոլոր հետսովետական երկրներում, վերլուծում, փորձում տարբերություններ և նմանություններ գտնել վրացական, ուկրաինական, հայկական, բելառուսական հեղափոխական սցենարների միջև։ Դուք ի՞նչ եք կարծում Բելառուսում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին, և որքանո՞վ դրանք կարող են դիտարկվել հետսովետական տարածքում հեղափոխական շղթայի շարունակության համատեքստում։

– Այդ զուգահեռները, տարբերությունները՝ ևս, ծայրաստիճան պայմանական են, և այդ ամենը հանգում է միայն մեկ բնորոշման, որ կա ոչ այնքան ժողովրդական իշխանություն և ժողովրդական մասսաներ, որոնք կիրառում են նրանց դիմադրելու և հեռացնելու որոշակի տեխնոլոգիաներ։ Այլ որևէ ընդհանուր բան ես չեմ տեսնում, քանի որ բոլոր երկրներում էլ իրավիճակները տարբեր առանձնահատկություններ են ունեցել։ Ուկրաինայում, կարծում եմ, հենց գունավոր հեղափոխություն տեղի ունեցավ, դա պայմանավորված էր իշխանության ներսում տարաձայնություններով, կա իշխանության ներսում առճակատում, այս իմաստով վրացական և ուկրաինական սցենարները գունավոր էին, ներիշխանական կոալիցիա տեղի ունեցավ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա լիովին այլ իրավիճակ էր, ըստ իս, չափազանց թույլ և կոռումպացված իշխանություն, որը զարմանալիորեն չափազանց հեշտությամբ հեռացվեց, և դրանից զարմացան նաև գործողության մասնակիցները։ Սա ես ընդհանուր գծերով եմ ասում։

Բելառուսում լիովին այլ սցենար է, չափազանց ուժեղ, կոնսոլիդացված, հավասարակշռված իշխանություն, որը պահպանում է ինքն իրեն չափազանց շատ մեխանիզմներով՝ վախ, ճնշում, շանտաժ, կոռուպցիա։ Այնպես որ, կան սկզբունքային տարբերություններ։ Բելառուսի խնդիրն այն է, որ հասկանալի չէ, թե իրավիճակի զարգացման ինչ տարբերակներ են հնարավոր՝ երկարաժամկետ խաղաղ առճակատո՞ւմ, կամ հայկական սցենարո՞վ, թեև հայկական սցենարով այնտեղ դեռ չի հաջողվում, կա հույս, որ իշխանության ներսում ինչ-որ խնդիր կառաջանա ինչ-որ փուլում, և դա վաղ թե ուշ կլինի։ Հարցը այն է, թե երբ դա տեղի կունենա։ Իմ կարծիքով, ավելի վաղ, քան սկեպտիկներն են կարծում, դա տարիներ ու ամիսներ չեն, այլ ամեն դեպքում, կարծում եմ, շաբաթների հարց է։

– Այսինքն՝ Լուկաշենկոյի իշխանության վերջն ավելի մոտ է, քան շատ փորձագետներ կանխատեսո՞ւմ են։

– Դժվար է ասել, քանի որ շատերը կարծում են, որ վերջը գալու է տարիներ անց, իսկ այս փուլում նա միայն թուլանալու է, որոշները կարծում են, որ դա տեղի կունենա հաջորդ կիրակի, երբ հաջորդ երթի ընթացքում ավելի շատ մարդ միանա ցուցարարներին։ Ես կարծում եմ՝  դա ամեն պահի կարող է տեղի ունենալ։ Բայց այդ ցանկացած պահը կարող է շատ երկարաձգվել նաև, քանի որ շատ գործոններից է կախված՝ ռեժիմը, ամեն դեպքում, բավականին մեծ ռեսուրսներ ունի ներկայումս քաղաքական իմաստով, դեռ չի նշմարվում, որ դա կքանդվի, կփոշիանա, նշաններ չկան, որ կտապալվի մոտ ապագայում, համընդհանուր հասարակական ճնշում դեռ չի հաջողվում, ուստի լեհական տարբերակը «Սոլիդարնոստ»-ի մասին, եթե խոսենք, ապա չի երևակվում, բայց ցանկացած սցենար կարող է ցանկացած պահի սկսվել, պարզապես իշխանությանը պահող գործոնները ներկայումս ամուր են։

– Ի՞նչ կասեք ռուսական գործոնի և հնարավոր սցենարների վրա ռուսական ազդեցության մասին։

– Կասեմ, որ չափազանց գերագնահատվում է ռուսական գործոնը։ Լուկաշենկոյի դիմումը ՌԴ-ին բացառապես գրագետ և տրամաբանական քայլ է, փորձ է այդ հակամարտությանը տալ որոշակի աշխարհաքաղաքական երանգավորում, քանի որ ներկայումս, պայմանականորեն ասած, բղավում են՝ «Լուկաշենկո, հեռացիր», առանց քաղաքական և աշխարհաքաղաքական շեշտադրումների, այլ հարց է, որ նրան հաջողվի դրանք փոխել և գրավել իր կողմ հակաարևմտյան, ռուսամետ և հակամայդանական, հականատօական ուժերին։ Ես կարծում եմ՝ այդ գիծն է Լուկաշենկոն փորձում առաջ տանել, դա իր դիրքերը մի փոքր կբարելավի, բայց սկզբունքորեն չի փոխի իր քաղաքական ճակատագիրը։

– Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից անմիջապես հետո Մոսկվան հեռավորություն և չեզոքություն էր պահպանում, դրան նախորդել էին տարաձայնություններ Պուտինի և Լուկաշենկոյի միջև, սակայն վերջին շաբաթների ընթացքում իրավիճակ փոխվեց՝ Մոսկվան ավելի ու ավելի հաճախ է անդրադառնում բելառուսական զարգացումներին, ակնարկում միջամտության մասին, Մոսկվան ակնհայտ աջակցություն է ցուցաբերում Լուկաշենկոյին, դա անում է թե հայտարարություններով, թե փոխայցերով, տեղեկատվական աջակցությամբ։ Այս աջակցությունը մինչև ո՞ւր կարող է հասնել։

– Կա երկու սցենար։ Առաջինը ելնում է քաղաքական տրամաբանությունից՝ շատ հասկանալի ու պարզ, որ Ռուսաստանը միջամտել չի կարող և չի անի, չպետք է անի, սա 2014թ․ չէ, սա Ղրիմը չէ, դա Պուտինին ժողովրդականություն չի տա, դա Ղրիմը չէ ոչ միայն՝ քաղաքականապես, այլև՝ աշխարհագրորեն, Ղրիմը երկիմաստ էր Արևմուտք-ՌԴ կողմնորոշման կոնտեքստում, իսկ Բելառուսը երկիմաստության տեղ չի թողնում նաև այդ իմաստով, Բելառուսը սահմանակցում է ՆԱՏՕ երեք անդամ երկրի, Ուկրաինայի, Կալինինգրադի մարզի հետ, որտեղ մեծ ռուսական բազա կա։ Այստեղ Պուտինի համար միջամտությունը շատ ռիսկային է։ Սակայն կա նաև անտրամաբանական տարբերակ, որն իրավունք չունենք մեր հաշվարկներից դուրս թողնել։ Կարծում եմ, որ ռուսական էլիտայում կան բավարար քանակով մարդիկ, որոնց սխալմամբ անվանում են խենթեր, սակայն նրանք այդպիսին չեն, նրանք իրենց տրամաբանությունն ունեն, իրենց բոնուսները և դեմ չէին լինի իրավիճակի սրման , նման մարդիկ կան, բայց կարծում եմ՝ դեռ մոտ ենք այն տարբերակին, որը պայմանականորեն անվանում ենք տրամաբանական սցենար։

– Եթե լինի հեղափոխություն Բելառուսում, դա կլինի՞ արդյոք ճակատագրական ՌԴ-ի համար, ինչպես ինքը՝ Լուկաշենկոն է պնդում, ինչպիսի՞ն կլինեն բելառուսական հնարավոր հեղափոխության հետևանքները ողջ հետսովետական տարածաշրջանի համար։

– Այստեղ, կարծում եմ, հղում են կատարում 19-րդ դարին, երբ եվրոպական հեղափոխությունները Մոսկվային մղեցին դեպի ժողովրդավարական բեկումներ։ Բայց այդ ամենը չափազանցված է, և շատերը ծանոթ չեն իրական պատմությանը։ Չեմ կարծում, որ բելառուսական սցենարը որևէ կերպ ազդելու է ՌԴ-ի վրա, օրինակ՝ Խաբարովսկի ֆոնին, երբ մարդիկ ամիսուկես շարունակ հանդես էին գալիս իշխանության դեմ և հենց այդ նույն շրջանում ընտրություններին ընտրում են մարզպետ «Եդինայա Ռոսիա»-ից, ռուսական տրամաբանությունը լիովին այլ է, Բելառուսը երկրի այլ կողմում է այդ իմաստով։ Լավատեսներին խորհուրդ կտամ հանգստանալ մի փոքր։

– Անդրադառնանք նաև հայ-ռուսական հարաբերություններին ի՞նչ փուլում են դրանք։ Նկատում ենք, որ մեր երկրների ղեկավարները չափազանց հազվադեպ են շփվում, զանգահարում միմյանց, իսկ հեռախոսային խոսակցությունները համավարակի պայմաններում երկկողմ հարաբերությունների խնդիրները քննարկելու ամենատարածված ձևաչափն են այսօր։ Նկատում ենք նաև, որ մեր երկրները սերտորեն համագործակցում են պաշտպանական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Ինչո՞վ եք բացատրում առկա մթնոլորտը Փաշինյանի և Պուտինի միջև, ըստ Ձեզ։

– Չեմ կարծում, որ այդ գործոնն այդքան գերագնահատել է պետք։ Մոսկվային, մեղմ ասած, «не до Пашиняна», Փաշինյանի տեսանկյունից էլ, ընդհանուր առմամբ, որքան նա քիչ գործ ունենա Մոսկվայի հետ, այնքան իր համար ավելի լավ։ Աշխատանքային գործընթաց կա, այլ ուղղություններով փորձել իրավիճակ փոխել երևի թե նպատակահարմար չեն համարում։ Ինչ վերաբերում է նրանց միջև խնդիրներին, ապա, այո՛, խնդիրներ միշտ եղել են, նոր խնդիրներ չեն ամեն դեպքում, քանի որ հայաստանյան ներքաղաքական կյանքում վերջին շրջանում այլ գործընթացներ չկան։ Ամեն ինչ նույնն է, տավուշյան զարգացումները դեռ մարսման փուլում են, եթե խոսենք արտաքին ոլորտից։ Նոր խնդիրների աղբյուրներ հայ-ռուսական հարաբերություններում չկան։

– Մեծ ուշադրության արժանացավ օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Թեև հայտնի է, որ սա ավանդական ձևաչափ է դեսպանի գործունեության շրջանակում, այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանդիպում դեսպանին և, ինչո՞ւ ոչ՝ նաև ՀՀ առաջին նախագահին հիմա։

– Առաջին հերթին Լևոն Հակոբովիչի հետ միշտ էլ պարզապես հետաքրքիր է զրուցելը՝ ով էլ լինի այդ անձը, այդ թվում՝ դեսպանը։ Ուստի այստեղ պարոն Կոպիրկինը կարող էր լիովին համատեղել հաճելին ֆորմալի հետ։ Չեմ կարծում, որ ճակատագրական որևէ բան կա այդ հանդիպման մեջ, կարծում եմ՝ հետաքրքիր զրուցել են՝ առանց մեծ քաղաքական մտադրությունների։ Տեր-Պետրոսյանի համար, անկասկած, դա կարևոր է, քանի որ նա ցանկություն ունի մնալ քաղաքական օրակարգում, որի իրավունքն ունի։

– Հայաստանում չեն դադարում ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիաները, նրանք պահանջում են ՌԴ-ի հետ հաղորդակցության վերականգնում, որպեսզի մեկնեն ՌԴ աշխատելու, ՀՀ իշխանություններից պահանջում են բանակցություններ, իսկ ՀՀ իշխանությունները նշում են, որ բանակցում են, և որոշում պետք է կայացնի արդեն Ռուսաստանը, իսկ ՌԴ-ն նման որոշում չի կայացնում։ Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը։ Հնարավո՞ր են բացառություններ ՀՀ քաղաքացիների համար, եթե այո, ինչո՞ւ չեն արվում այդ բացառությունները։

– Եթե կոնսպիրոլոգները կարծում են, որ սա արվում է Փաշինյանի կյանքը փչացնելու համար, ապա կհիասթափեցնեմ նրանց։ Ես տվյալ հարցն այլ կերպ կդիտարկեի․ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ բացարձակապես պարտավոր չէ Փաշինյանի կյանքը հեշտացնել։ Ուստի կարծում եմ, որ ողջ քաղաքական հատվածը դրան է հանգում, խնդիրը բյուրոկրատական է, առողջապահական։ Հարաբերությունների բնույթն ընդհանուր առմամբ բաղկացած է բացառություններից, որոնք երկար բանակցություններից հետո, այսպես թե այնպես, արվում են։ Ուստի, կարծում եմ, հարցը կլուծվի որոշ ժամանակ անց՝ համընդհանուր իրավիճակի բարելավմանը զուգահեռ։

Տեսանյութեր

Լրահոս