Լիպարիտյանի ինքնախոստովանանքը, «բուշլատով» տղաների արածն ու կոստյումավորների չարածը
Ժիրայր Լիպարիտյանի ինքնախոստովանանքը
1991-1997 թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը վերջերս «Առավոտ»-ում` «Քայլ, այս անգամ մի մեծ քայլ՝ դեպի ետ» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում նշում է, թե՝ «մինչև այսօր բանակցությունների ձախողման պատասխանատվությունն Ադրբեջանին և Թուրքիային վերագրելը ուրացումն է մեր կողմից գործված սխալների, որոնց այժմ ավելացրինք Սևրի դաշնագրի որդեգրումը՝ որպես հիմք մեր հարևանների հետ հարաբերությունների»:
«Ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կարգավորելու համար մենք ամեն ինչ չէ, որ արել ենք։ Մեզանում զարգացող ու արդեն պետական կնիք ստացած «հայդատականությունն» ու պահանջատիրությունը, կարծեք, երաշխավորում են, որ այդ սխալների շարքը պիտի երկարացնենք ու լրջորեն չմտածենք, թե իսկապես ի՞նչ է պետք ասել ու անել, և ի՞նչ չպետք է ասել ու անել մեր ժողովրդին և մեր պետականությունը պահպանելու համար։ Ինչպես իմ նախկին վերլուծությունների պարագայում, այս անգամ էլ հուսով եմ, որ սխալվում եմ։ Սակայն որքան ժամանակն անցնում է, այնքան համոզվում եմ, որ այս սցենարը, որի մասին մի քանի անգամ գրել ու խոսել եմ անցյալ տասնամյակների ընթացքում, արդեն ավելի հստակ ուրվագծվում է այսօր»,- գրել է նա:
168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշեց՝ Ժիրայր Լիպարիտյանն ինքնախոստովանություն է անում, որ ինքը սխալ արտաքին քաղաքականություն է վարել, և հիշեցնում է լիսաբոնյան գագաթաժողովը:
««Բուշլատով» տղաների արած գործը պետք է կարողանալ ամրագրել և պահպանել: Հայկական կողմից այդ ժամանակ բանակցողներից մեկը հենց ինքն է եղել այն առումով, որ եղել է ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ հատուկ հանձնարարականների իմաստով (1991 թվականի նոյեմբերից 1994 թվականի սեպտեմբեր եղել է ՀՀ նախագահի խորհրդական, 1993-1994 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1994 թվականի հոկտեմբերից 1997 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան.- Մ.Պ.): Հիմա տղաները բերել-հասցրել էին 1994-ի վիճակին՝ զինադադարի հաստատմանը, այսինքն՝ ստիպել են, որ զինադադարի համաձայնագիր ստորագրվի: Այդ «բուշլատով» տղերքից երեք հոգի գնացել են ու Բիշքեկում ստորագրել են այդ պրոտոկոլը: Դրանից հետո գործընթացն անցել է «կոստյումով» տղաներին:
Բուդապեշտյան ԵԱՀԿ գագաթաժողովից հետո, երբ որոշվել էր, որ Մինսկի խումբ է ձևավորվելու, և երեք կողմ կա կոնֆլիկտում, այդ պրոցեսից հետո, չգիտեմ՝ ինչու, Լիպարիտյան-Գուլուզադե հանդիպումներ են տեղի ունենում: Այդ ամեն ինչի ընթացքում 1996-ին Լիսաբոնում գագաթաժողովին հայկական կողմի համար եղել է սյուրպրիզ, և հայկական կողմը ստիպված է եղել վետո կիրառել: Եթե չեմ սխալվում՝ 46 երկրների ղեկավարները համաձայնել են փաստաթղթին, որի վրա հայկական կողմը, մենակ մնալով՝ ստիպված վետո դրեց: Եթե Հայաստանը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթով է վետո դրել, նշանակում է՝ չենք կարողացել հասնել բարենպաստ պայմանների մեր շահերի համար: Սա հուշում է, որ մենք մեր կարևոր խնդիրները պետք է կարողանանք ԵԱՀԿ շրջանակում լուծել, և պետք եղած դեպքում կարողանանք պաշտպանել մեզ, և դա չդառնա պաշտոնական փաստաթուղթ:
Վերադառնալով Լիպարիտյանին, սա նշանակում է նաև, որ, այո՛, այդ ժամանակվա ՀՀ ներկայացուցիչը եղել է այդ բոլոր պրոցեսների մեջ և թույլ է տվել սխալ: Եվ Լիպարիտյանը փաստորեն ինքնախոստովանում է, որ սխալ են թույլ տվել, բայց դա հայկական կողմը չի սխալվել, այլ ինքն է եղել սխալվողը, և այդ սխալները կապել է մեր գլխին: Իր գնալուց հետո փորձ արվեց մաքրագրել դա, դուրս գալ լիսաբոնյան գագաթաժողովի պրոցեսներից, բայց արդեն այդտեղի փաստաթղթում դրված գաղափարները, միևնույն է՝ մնացել են միջազգային հանրության համար ընդունելի տարբերակ: Եվ, իմ պատկերացմամբ, շատ անգամ ադրբեջանական կողմը մտածել է՝ եթե ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների խորհրդականները կարող են բանակցել, էլ ինչների՞ս է պետք, որ Ղարաբաղը մասնակցի»,- նշեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը՝ փաստորեն Արցախի՝ բանակցային գործընթացից դուրսմղման հիմքը դրվել է ա՞յդ ժամանակ, Թևան Պողոսյանը պատասխանեց՝ հիմքի խնդիրը կամ առնվազն նախադեպը, երբ Ադրբեջանը զգացել է, որ այս պարագայում կարող է ավելի լավ հաջողության հասնել, քան ՄԽ գործընթացում: Այսինքն, այդտեղից է եկել, և դրանից հետո արդեն սկսվել են ճնշումների փորձերը, որ այդ մեխանիզմը նաև ՄԽ-ում գնա:
«Դիվանագետների խնդիրը «բուշլատով տղաների» արածն ամրագրելն է, տղաներն արդեն արյուն են թափել, ամեն ինչ արել, դրանից հետո դու գնում ես՝ ի՞նչ ասես՝ ե՞տ գնացեք, եկեք զիջե՞նք: Ցանկացած դիվանագետի պարտականությունը «բուշլատով» տղաների արածի ամրագրումն է»,- շեշտեց նա:
Հավելենք, որ ժամանակին ՀՀ ԱԳ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է, որ մինչև գագաթաժողով հիմնական բանակցողը հայկական կողմից ինքն է եղել: Եվ որ հիմնական զարգացումները, նրա ասելով, տեղի են ունեցել գագաթաժողովի օրը, կարևոր բանակցություններն ամենաբարձր մակարդակով՝ նախագահների և միջնորդների միջև, հենց Լիսաբոնում են կայացել:
Օսկանյանն ընդգծել է, որ հատուկ պատասխանատու լինելու զգացում չի ունեցել, քանի որ ոչ ոք չէր ակնկալում, որ ամբողջ փաթեթն Ադրբեջանը կարող է պատանդ վերցնել և պարտադրել իր տեսակետը:
«Երբ Լիսաբոն էի մեկնում, ինձ հստակ ասվել էր, որ շատ մոտ են, ընդամենը մի քանի նախադասության, բառի խնդիր է մնացել, Գուլուզադեն և Լիպարիտյանը բանակցում են, տեքստը կուղարկեն Լիսաբոն, և համաձայնեցված այն կդրվի փաստաթղթի մեջ: Վերջին պահին Գուլուզադեն հրաժարվեց: Երբ գնացինք Լիսաբոն, տեքստ չկար, փորձեցինք մի նոր տեքստ ստեղծել: Հիմա այն ամենը, որ Արզումանյանն ու Փափազյանն ինձ վրա են բարդում, բացարձակ կապ չունի իրականության հետ երեք պատճառով, որոնցից այս պահին կուզեմ բացել միայն երկուսը: Առաջինը, Լիպարիտյանն ու Գուլուզադեն վերջին պահին պիտի տեքստ տային, բայց չտվեցին, երկրորդ` հիմնական իրադարձությունները ոչ թե մինչև գագաթաժողովն էր, այլ` հենց գագաթաժողովի օրը: Միջնորդները Տեր-Պետրոսյանի հետ էին բանակցություններ վարում»,- ասել է նա, փոխանցում է aniarc.am-ը:
Ի դեպ, աղբյուրի հաղորդմամբ, Գուլուզադեն գրել է. «Լիպարիտյանը ցանկանում էր, որ մեր բանակցություններն անցկացվեն բացարձակապես գաղտնի: Նա համարում էր, որ ԼՂ հայերի ներկայացուցիչները կարող են բանակցություններին մասնակցել միայն այն բանից հետո, երբ մենք լիովին փոխըմբռնման հասնենք (կարգավորման) հիմնարար սկզբունքներում: Լիպարիտյանը ( Ղարաբաղին) ամբողջովին տեղեկացնում էր մեր բանակցությունների մանրամասները»:
Պետք է ամրագրել «բուշլատով» տղաների արածը. մեզ երկաթե շերեփ է պետք
Հավելենք, որ «Առավոտ»-ում հրապարակած իր հոդվածում Ժիրայր Լիպարիտյանը հերթական անգամ հիշել է Քելբաջարի՝ «խոչընդոտող» դերի մասին:
«Չկարողացա, չկարողացանք առավելագույնին հասնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Պատճառն այն ժամանակ էլ Ղարաբաղի հարցի կապակցությամբ էր։ 1993 թ. փետրվար-մարտին շատ մոտ էինք այդ հարաբերությունները պետական մակարդակով կարգավորելուն։ Այդ ուղղությամբ դիվանագիտական արձանագրությունը (protocol) մշակել էինք, և մնացել էր մեկ կետ, որի վերաբերյալ տակավին համաձայնության չէինք եկել։
Անկարան քննարկում էր այդ ուղղությամբ մեր վերջին առաջարկությունը։ Սակայն ապրիլին այդ բոլորը կանգ առավ, երբ հայկական ուժերը մտան Քելբաջար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին 168.am-ն արխիվային մի փաստաթուղթ էր հրապարակել: Ըստ այդ՝ ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի՝ 1993թ. մայիսի 29-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտյանը ցանկացել է շեշտել՝ եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի կամ գերնպատակ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը հրաժարական կտան:
«Լիպարիտյանը շեշտեց, որ Տեր-Պետրոսյանի կառավարությունը մեծապես մտահոգված չէ տարածքների ձեռքբերման կամ կորստի համար. նրանք ավելի շատ նվիրված են մի շարք արժեքների, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և կյանքի որոշակի որակի ապահովումը։ Եթե Քելբաջարի պահպանումը ներկայիս Հայաստանի ազգաբնակչության գերագույն նպատակ դառնա (ինչպես որ այն արդեն դառնում է այդպիսին շատ հայերի համար, հատկապես՝ Սփյուռքի դաշնակցականների համար), ապա Տեր-Պետրոսյանը և իր կառավարությունը հրաժարական կտան, որովհետև նրանք չեն ցանկանում դրա մաս կազմել»,- նշված է փաստաթղթում:
«Կրկնում եմ՝ դիվանագետը պետք է ուղիներ գտնի ամրագրելու «բուշլատով» տղաների արածը, ոչ թե ասի՝ խոչընդոտում է-չի խոչընդոտում: Հայրենիքի անվտանգությունը քո հողի վրա ես պաշտպանում, ոչ թե օդում: Հերիք է թղթերով բան անենք. մեզ ոչ թե թղթե, այլ երկաթե շերեփ է պետք, ինչն ապացուցում է այսօրվա բոլոր գործողությունները, և ինչպես Արցախի նախագահն է ասում՝ մեզ համար առաջնայինն անվտանգությունն է»,- 168.am-ի հետ զրույցում մեջբերման առնչությամբ ասաց Թևան Պողոսյանը:
Ինքնորոշման իրավունքի երկրորդացում չի գնում. բանակցությունների պիտի գնալ նախապատրաստված
Վերջերս լրագրողների հետ հանդիպմանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «նախկինում շատ ավելի խոսում էին ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա` ոչ, գլխավորն անվտանգությունն է», ինչում որոշ փորձագետներ ռիսկեր տեսան, մասնավորապես՝ խաղաղապահների տեղակայման հնարավորության մասով: Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցումԱրայիկ Հարությունյանը պարզաբանեց.
«Ինչ վերաբերում է, թե որն է Արցախի համար առաջնային՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչո՞ւմը, թե՞ անվտանգությունը, ապա դա արհեստականորեն ձևավորված երկընտրանք է, քանի որ մեկը գլխավորապես միջոց է, մյուսը՝ նպատակ: Այսինքն, ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ու անկախության միջազգային ճանաչումն ինքնանպատակ չեն, դրանք պետք է ծառայեն Արցախի բնակչության երաշխավորված տևական անվտանգությանն ու արժանապատիվ կյանքին սեփական հայրենիքում: Այդ արհեստական երկընտրանքի կողմնակիցները պետք է հետևյալ մտավարժանքով համոզվեն անվտանգության առաջնահերթության հարցում. եթե տեսականորեն ընտրելու լինեն երկու տարբերակի միջև՝ ա) զրո միջազգային ճանաչում փաստացի անկախության ու կայուն անվտանգության պայմաններում (օրինակ՝ Արցախի ներկա վիճակը), և բ) լրիվ միջազգային ճանաչում խիստ խոցելի ու անկայուն անվտանգային միջավայրով (օրինակ՝ մերօրյա Սիրիան կամ Ուկրաինան), ապա արդյո՞ք չէին ընտրի «Ա» տարբերակը: Քանի որ մենք կարծում ենք, որ մեր անվտանգային միջավայրը կարող է բարելավվել, եթե սեփական անվտանգային երաշխիքներին ավելանան միջազգային ճանաչմամբ պայմանավորված երաշխիքները, գլխավորապես այդ պատճառով, այո, մեզ համար կարևոր է միջազգային ճանաչումը, սակայն ոչ երբեք՝ մեր սեփական անվտանգային երաշխիքների հաշվին: Իսկ եթե առաջարկվում է մեր անվտանգության սեփական երաշխիքները փոխարինել միջազգային ճանաչումից բխող անորոշ երաշխիքներով, և Ադրբեջանն էլ անընդհատ անվտանգային իրական սպառնալիքներ է ներկայացնում՝ առանց միջազգային պատշաճ հակազդման, արդյո՞ք պարտավոր չենք ընդգծել մեր անվտանգության ապահովման առաջնահերթությունը բոլոր մնացած պայմանների հանդեպ»:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը ևս այն կարծիքին է, որ ինքնորոշման իրավունքի երկրորդացում չի գնում, պարզապես ասվում է՝ եթե այսօր ես փորձեմ բանակցել, ի՞նչ կա սեղանին կամ «օդում»՝ փաթեթային, փուլային, քիվեսթյան, մադրիդյան:
«Բոլորն էլ միակողմանի զիջումների մասին են. որ փաթեթն էլ վերցնես, պետք է զիջես երևույթ, որը վտանգելու է քո անվտանգությունը: Մարդն ասում է՝ քանի դեռ չկան նոր գաղափարներ, քանի դեռ չի հասունացել նոր իրավիճակ, որտեղ իսկապես մարդիկ կարողանան հասկանալ՝ նոր իրավիճակում նոր մոտեցումներ է պետք, ես դեռ պետք է իմ անվտանգությունն ապահովեմ: Գնալ բանակցության՝ առանց նախապատրաստվելո՞ւ, այդպես չի լինում: Ցանկացած բանակցային սեղանի շուրջ պետք է մտնել նախապատրաստված, դրա համար կարող է պետք լինել անգամ 2 տարի այլ տեսակի գործողություններ ձևավորել, որ ուժեղ դիրքերից նստենք բանակցային սեղան: Խնդիրը սրա մեջ է, ոչ թե ես դադարում եմ համապատասխան գործողություններ կատարել, ԱԳՆ-ն իր աշխատանքներն անում է:
Բայց եթե այսօր չկա ձևավորված մի իրավիճակ, որտեղ մտնելուց ես կարողանալու եմ 100 տոկոսով իմ շահերը բավարարել, ի՞նչ բանակցություն:
Ցանկացած բանակցային գործընթացի համար գոյություն ունի հետևյալ մեխանիզմը. առաջին՝ հասնել շահերի 100 տոկոս բավարարման, երկրորդ՝ որ դիմացինն այն ընդունելի համարի: Բայց եթե ես մտնելու եմ բանակցությունների սենյակ և չեմ կարողանալու 100 տոկոսով իմ շահերը բավարարել, ուրեմն՝ թույլ դիրքից եմ մտել: Դրա համար դեռ պետք է զբաղվել բանակցվող համաձայնագրում լավագույն այլընտրանքի զարգացմամբ: Իմ այլընտրանքն այնքան ուժեղ պիտի լինի, որ դիմացինս ինձ հետ սկսի բանակցել՝ գիտակցելով, որ իր շահերն ընդհանրապես չի բավարարվելու»,- շեշտեց նա:
Երբ պետք էր սաբոտաժի նման մի բան անել և բանակցային պրոցեսը կանգնեցնել, ասվում էր՝ եկեք խոսենք խաղաղապահ ուժերի մասին
Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ կա խաղաղության պարտադրանք. երբ «դեսանտնիկների» նման գալիս են և կանգնում մեջտեղը՝ չեք կրակելու: Բայց դա նորից լինում է ռազմական գործողությունների գաղափարով:
«Հիմա, եթե մենք մտածում ենք, որ լավագույն ձևն այս զինադադարի պահպանումն է, ապա Ադրբեջանին խաղաղության պարտադրման լավագույն միջոցը հզոր բանակ ունենալն է: Եվ եթե մենք ինքներս դա կարողանում ենք անել, ինչպե՞ս է ստացվելու, որ ինչ-որ մեկն առանց մեր ուզելու գա: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ խաղաղապահ ուժերի մասին եթե մեկը խոսում է, պատկերացնո՞ւմ է, թե այդ պրոցեսն ու ընթացքը ոնց է տեղի ունենում:
Մի «գաղտնիք» բացեմ. ցանկացած ժամանակ, երբ մի կողմին ղարաբաղյան հակամարտության գործընթացում պետք էր սաբոտաժի նման մի բան անել և բանակցային պրոցեսը կանգնեցնել, ասվում էր՝ եկեք խոսենք խաղաղապահ ուժերի մասին, և բոլորը թղթերը հավաքում էին և դուրս էին գալիս սենյակից, որովհետև գիտեին՝ դա չի լինելու: Բոլորը հասկանում են՝ շահերի բախումներն այնպիսին են, որ առաջին հերթին՝ չեն լինելու երկրներ, որ միանգամից համաձայնեն, երկրորդ՝ առանց համապատասխան մանդատի որոշման, ոչ մի գործողություն չի կարող լինել, երրորդ՝ ՀՀ-ն մասնակցում է խաղաղապահ առաքելությունների, և գիտակցում ենք, որ երբ մեկը խոսում է, թե Ղարաբաղում խաղաղապահներ են բերելու, նշանակում է՝ պատերազմ է տեղի ունենում: Իսկ մենք ինքներս չե՞նք կարողանում հաղթել այդ պատերազմը, և ստիպված ասում ենք՝ եկե՞ք… Կամ ինչ-որ մեկը որոշել է մեր գլխին օյին բերի և պարտադրանքով գալիս է մեզ վրա»,- նշեց քաղաքագետը:
Ըստ Պողոսյանի, հուլիսյան գործողությունների ժամանակ մեր «բուշլատով» տղաները փայլուն ձևով կատարեցին իրենց խնդիրները, և հիմա պետք է փողկապով, կոստյումով տղաներն ամրագրեն նրանց արածը, այն է՝ մեզ վրա երբևէ մեղադրանք չլինի, երկրորդ՝ Ադրբեջանին ասեն՝ սուս տեղդ նստի: Սրա համար աշխատանքներ կան անելու նաև տեղեկատվական դաշտում և ամրագրելու բարձրաձայնվող խնդիրները՝ մինչև չլինի այնպիսի իրավիճակ, որ հանգիստ վերադառնանք բանակցային սեղան, որ դիմացինդ լուրջ մտածում է բանակցությունների մասին, չենք մտնելու:
Անդրադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, հետաքննության մեխանիզմների կիրառմանը՝ Թևան Պողոսյանը նշեց, որ այստեղ մի շատ կարևոր բան կա, որի մասին չի խոսվում:
Հետաքննություն մեխանիզմներին զուգահեռ՝ պիտի սանկցիա կիրառվի
«Դա սանկցիան է: Ասենք, հետաքննություն արեցին և ասացին՝ Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը, հետո՞: Ադրբեջանը չի էլ վախենում, իրենց ՊՆ-ն էր այն օրն ասում՝ 2016-ի ապրիլյան պատերազմն իրենք են արել, հետո՞… 2020-ին նորից չհարձակվեցի՞ն Տավուշի ուղղությամբ: Ուզում եմ ասել՝ եթե սանկցիաների մասին չենք խոսելու… այս նոր էլեմենտը պետք է մտնի, ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական համագործակցությունը պետք է նույնպես գործիքակազմի մեջ լինի: Այս բոլոր թեմաները պետք է տարբեր ուղղություններով առաջ տանենք՝ դրանով իսկ ամրագրելով «բուշլատով» տղաների արածը»: