«Հարյուրավոր դիմումներ են եղել, որպեսզի հարցին պատգամավորները լուծումներ գտնեն». Մխիթար Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը և  անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հեղինակել են օրենքի նախագիծ,  ըստ որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը և հավելավճարը վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Մխիթար Հայրապետյանն ասաց, որ տևական ժամանակ է՝ չի գործում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը:

«Գործող օրենսդրության համաձայն՝ բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում և բանակում չծառայելու համար հայտնվել են քրեական հետախուզման մեջ, կա մեկ սցենար՝ ենթարկվել պատասխանատվության և հայտնվել բանտում: Սա էր, որ մեզ ստիպեց գտնելու նոր լուծումներ, նոր տարբերակներ առաջարկելու մեր հայրենակիցներին, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամանակի ընթացքում ընտանիքի արտագաղթելու հետևանքով և այլն հայտնվել են սփյուռքում:  Հարյուրավոր դիմումներ է եղել այս տարիների ընթացքում, որպեսզի հարցին պատգամավորները լուծումներ գտնեն, քանի որ չկա օրենսդրություն, որը կկարգավորի այս խնդիրը: Հետևաբար՝ մենք շուրջ մեկ տարի առաջ հանդես եկանք հայտարարությամբ, որ նոր լուծում ենք գտնելու, որը լինելու է ինստիտուցիոնալ»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Ըստ նրա՝ նախագծի նպատակը հետևյալն է՝ հնարավորինս օգտագործել այն ռեսուրսը, որը կա սփյուռքում՝ առաջարկելով նրանց հնարավորության մի քանի տարբերակներ: Հետևաբար՝ այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կունենան վերադառնալու Հայաստան և վճարելով պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձ, որը նախնական հաշվարկներով՝ կազմելու է 5-5,5 մլն դրամ, կարող են խուսափել քրեական հետապնդումից:

«Փաստորեն, նրանց բացակայության պայմաններում առաջնագծում, որտեղ պետք է կանգնած լինեին, այլ անձ է կանգնել ու պաշտպանել հայրենիքի սահմանները: Ըստ էության, այստեղ հիմքում դրված է ոչ թե ֆինանսական բաղադրիչը, այլ պատասխանատվությունը, որը նրանք ունեն պետության առջև: Հետևաբար՝ սահմանվել է այն դրույթը, որը չի ենթադրում ֆիքսած գումար, այլ երկու տարվա համար նախատեսված գումարը, որն այս պահին կազմում է 5-5,5 մլն դրամ: Եթե նրանք կհամապատասխանեն այն չափանիշերին, որը ՀՀ Զինված ուժերը կդնի նրանց առջև, և ցանկություն կհայտնեն ներգրավվել զինվորական ծառայության առաջիկա երեք տարիների ընթացքում, ապա այդ գումարը նրանք հետ կստանան: Մարդիկ, որոնք այսուհետև կխուսափեն ծառայությունից, պետք է հասկանան, որ մինչև 47 տարեկանում այս օրենքը տարածվելու է իրենց վրա»,- հավելեց Մխիթար Հայրապետյանը:

Նա նաև շեշտեց, որ այս օրենքով ցանկանում են հնարավորություն տալ Սփյուռքում գտնվողներին վերադառնալու հայրենիք և մասնակցելու պետականաշինությանը և տարբեր ոլորտների զարգացմանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս