«Եթե Թուրքիան հնարավորություն ունենա շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն իրականացնել Հայաստանի նկատմամբ, վստահ եղեք, որ դա անելու է». Կարեն Վերանյան

«Ադրբեջանի դիվանագիտական կորպուսում բավականին լուրջ խմորումներ են տեղի ունենում՝ սկսած արտգործնախարարի փոփոխությունից: Սա, խոշոր հաշվով, չի կարող անդրադառնալ Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա, նկատի ունենալով, առաջին հերթին, բանակցային գործընթացը, բայց այդուհանդերձ, որոշակի փոփոխություններ Ադրբեջանի ղոկավարությունը փորձում է իրականացնել նաև արտաքին ճակատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը:

Նրա խոսքով՝ եթե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում լինի, ապա այն կարևոր կլինի ճանաչողական տեսանկյունից. «Երկրորդ հերթին՝ կցանկանայի նաև նշել այն հանգամանքը, որ ըստ էության, Ադրբեջանի թե՛ դիվանագիտական կորպուսը, և թե՛ ռազմաքաղաքական ղեկավարությունը, առհասարակ, որոշակի բարդույթավորված դիրքերից են հանդես գալու ընթացիկ բանակցություններում՝ պայմանավորված տավուշյան գործողություններից հետո կրած բավականին խայտառակ պարտությունով: Խնդիրներ իրենք ունեն ոչ միայն արտաքին, այլև ռազմական ճակատում, բայց բանակցություններին այլընտրանք չկա: Որքան էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սրի իրավիճակը, որքան էլ գնա արկածախնդրության, այդուհանդերձ դրան հաջորդելու է բանակցային փուլ: Շատ կարևոր է, որ այն կետերը, որոնք հնչեցրել է հայկական կողմը, և մասնավորապես՝ այն դրույթները, որոնք մինչ այդ բանակցություններում չեն եղել, խոսքը սահմանային բնակավայրերի և տեղի բնակչության անվտանգության ապահովման հարցերի մասին է, դառնան բանակցությունների բաղադրիչ: Սրանք շատ կարևոր հարցեր են, որովհետև եթե մենք հաշվի չենք առնում անմիջական անվտանգային հարցերը, ապա բանակցությունները լինելու են բավական ընդհանուր, մակերեսային, առավել ևս՝ մեծ ակնկալիքներ չկան, որ Ադրբեջանի ղեկավարությունն էլ ավելի կառուցողական դիրքորոշում կորդեգրի՝ հատկապես տավուշյան դեպքերից հետո»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվացմանը, նա նշեց, որ Թուրքիայից ցանկացած ուղղությամբ մշտապես պետք է սպասել վտանգի. «Թուրքիայի գործողությունները տարածաշրջանում, և ոչ միայն մեր տարածաշրջանում, մշտապես սպառնալիքներ ու մարտահրավերներ են՝ տարածաշրջանի բոլոր խաղացողների համար: Եվ, իհարկե, նախիջևանյան ուղղությամբ, որովհետև Թուրքիան դա դիտում է հնարավորություն՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու Ադրբեջանի միջոցով և նախիջանյան ուղղությամբ՝ ի հակակշիռ Ռուսաստանի՝ իր ազդեցությունն էլ ավելի մեծացնելու համար:  Նախիջևանում վերջին տարիներին ընթացող ռազմատեխնիկական հագեցման, ռազմականացման, ռազմական տեխնիկայի և զինվորականության կուտակումները բավականին խնդրահարույց են մեր անվտանգության և ամբողջ տարածաշրջանի կայունության պահպանման տեսանկյունից: Բայց, միևնույն ժամանակ, շատ կարևոր է հստակեցնել, որ Հայաստանը հստակ քայլեր, ամեն դեպքում, իրականացնում է՝ նախիջևանյան ուղղությամբ թուրք-ադրբեջանական սպառնալիքների, մարտահրավերների հակազդման և այդ հավասարկշռությունը ապահովելու ուղղությամբ, փորձում հնարավորինս թույլ չտալ, որպեսզի Թուրքիան փորձի խախտել այդ ուժային հավասարակշռությունը: Հայաստանը շատ հստակ քայլեր իրականացնում է նաև Ռուսաստանի հետ՝ ՀՕՊ համակարգերի հետ աշխատանքի կոորդինացման առումով, և մեր գործողությունները բավականին հստակ են: Մի բան պարզ է, եթե Թուրքիան օրերից մի օր հնարավորություն ունենա շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն իրականացնել Հայաստանի նկատմամբ, վստահ եղեք, որ դա անելու է: Քանի դեռ դա չի իրականացրել, թույլ է տալիս ասել, որ ուժային հավասարակշռությունը պահպանվում է»:

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիային չի կանխում Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը, նա պատասխանեց. «Այո, իհարկե, կանխում է: Սա չի խոսում այն մասին, որ ՀԱՊԿ-ում չկան խնդիրներ: ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել, որպեսզի այդ խնդիրներն օր առաջ լուծվեն, քանի որ դրանք վնաս են հասցնում հենց Ռուսաստանին, ՀԱՊԿ-ի միջազգային և տարածաշրջանային հեղինակությանը: Եվ որքան ամուր լինի ՀԱՊԿ-ը՝ իր պատասխանատվության գոտում, և ավելի վստահելի գործընկեր՝ անդամ պետությունների միջև հարաբերություններում, և ընդհանրապես՝ որպես կառույց, այնքան անդամ պետություններն ու ՀԱՊԿ-ը շատ ավելի արդյունավետ կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները, ինչպես նաև փոխգործակցության մակարդակը շատ ավելի արդյունավետ կլինի: Այն քաղաքական խնդիրները, որ ՀԱՊԿ-ում ժամանակ առ ժամանակ բարձրացվում են, տարբեր երկրների կողմից ուղղակի և միջնորդավորված կերպով փորձ է կատարվում Թուրքիա-Ադրբեջան շահերը հաշվի առնել: Այս ուղղությամբ պետք է աշխատանք տանել: Ռուսական կողմին մեսիջներ պետք է հասցվեն, որ այդուհանդերձ, դրանք ուղղված են հենց Ռուսաստանի դեմ, հենց ՀԱՊԿ-ի հեղինակության դեմ, և որքան շուտ այդ հարցերը լուծվեն, այնքան լավ: Իհարկե, ՀԱՊԿ-ի նշանակությունը շատ մեծ է, և մեր շահերից է բխում, որպեսզի ՀԱՊԿ-ը շատ ավելի թիրախային և արդյունավետ քաղաքականություն և աշխատանքներ իրականացնի հարավկովկասյան ուղղությամբ՝ փոխգործակցության մակարդակով, անդամ-պետությունների միջև հարաբերությունների արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Այս առումով, առաջին հերթին, պետք է աշխատել ռուսական կողմի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս