«Չծառայած մարդը պայմանագրային ծառայության չի կարող անցնել, իսկ եթե օրենքում փոփոխություն լինի, պետք է ուսումնական գործընթաց սահմանել». Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի երեք պատգամավորների կողմից («Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյան, Անդրանիկ Քոչարյան, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյան) շրջանառության մեջ է դրվել օրենքների նախագծերի փաթեթ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը և հավելավճարը վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։
Ըստ մեր տեղեկությունների, այդ գումարն ամսական կտրվածքով կազմում է 200.000 դրամ (15 օր հերթապահություն + 15 օր հատուկ տարածքում ծառայություն):
Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ ետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան:
Հիմնավորման մեջ ասվում է.
«Պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումարի վճարումը որպես քրեական պատասխանատվությունից ազատման հիմք՝ տրամաբանական է, քանի որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձին փաստացի փոխարինում է պայմանագրային զինծառայողը, որի նկատմամբ պետությունը կրում է բազմաթիվ պարտավորություններ՝ այդ թվում՝ վարձատրության պարտավորություն, և դրա չափով վճարումը որոշակիորեն վերականգնում է սոցիալական արդարությունը: Նշվածն ամենևին չի նշանակում, որ նպատակը գումարի գանձումն է, Նախագծով ֆիքսվում է գաղափարը և հիմնավորումն առ այն, որ դա ուղղված է առաջին հերթին՝ սոցիալական արդարության վերականգնմանը: Այդ է վկայում նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածում կատարվող լրացումը, որով նախատեսվում է սահմանել, որ քննարկվող գումարը ենթակա է վերադարձման, եթե վճարողը երեք տարվա ընթացքում անցել է պայմանագրային զինվորական ծառայության երկու տարի ժամկետով: Այս պարագայում նպատակը ոչ միայն սոցիալական արդարության վերականգնումն է, այլ նաև անձի վերասոցիալականացումը: Փաստացի, ստացվում է, որ առանց պատժի կիրառման՝ իրագործվում են պատժի նպատակները: Այս նպատակի մասնավորեցումը հետևյալն է. պատիժը, ի տարբերություն պետական հարկադրանքի այլ միջոցների, առաջացնում է յուրահատուկ իրավական հետևանք՝ դատվածություն, որը պատժի ինքնուրույն հաջորդ տարրն է:
Պատիժը և նշված ինքնուրույն տարրը միշտ կապված են դատապարտյալի իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ, պատճառում են բարոյական զրկանքներ և զրկում են անձին որոշակի բարիքներից, և իրագործելով այն՝ պետությունը, այնուամենայնիվ, նույնպես կրում է որոշակի կորուստներ՝ կապված արդարադատության իրականացման, պատժի կատարման և այլ հանգամանքների հետ:
Սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է, եթե հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվի այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար, և Նախագծով առաջարկվող կարգավորումները հենց սոցիալական այն գործընթացն են լինելու, երբ իրացվում են անձի որակական փոփոխություններ, հայացքների վերակառուցում, որն արտահայտվում է իրավահպատակ վարքագծում, այն վերասոցիալականացմանն ուղղված անմիջական գործընթաց է՝ վարքագծի նորմերի և կանոնների, անհատական արժեքների նոր համակարգ, որը տարբերվում է տվյալ անհատի մոտ նախկինում ձևավորված արժեքներից, ուստի այն նոր դերերի, հմտությունների յուրացումն է հասարակական բարոյականությանը չհամապատասխանող նախկինի փոխարեն՝ այն նախկինի, որի դրսևորմամբ խուսափել էր պարտադիր զինվորական ծառայությունից: Կարգավորումը նախատեսվել է այնպես, որ քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո, եթե անձը ցանկանում է վերադարձնել իր վճարած գումարը, պայմանագրային ծառայության պետք է անցնի երեք տարվա ընթացքում: Այս ժամկետի սահմանափակումը նախատեսվել է երեք նպատակով՝ որպեսզի շուտ հետևի վերասոցիալականացումը քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո, անձը կրկին չդիմի արտագաղթի, քանի որ այլևս հայրենիքում կունենա վարձատրվող զբաղվածություն, և երրորդը այն գաղափարն է, որ որքան էլ առկա է զինվորական ծառայության տարիքային սահմանափակում, այնուամենայնիվ նախընտրելի է, որ ծառայողն ավելի երիտասարդ լինի, և այս պարագայում այն որոշակիորեն կապահովվի»:
Նշվում է նաև, որ շատ դեպքերում զորակոչիկները ստանալով տարկետում՝ խուսափում էին վերջին զորակոչերից, և արդեն ուժը կորցրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումը կատարվում էր խուսափած զորակոչերի դիմաց, վճարվող գումարը չափազանց քիչ էր կազմում, արդյունքում՝ հետևությունն այն է, որ հաշվի առնելով, որ քննարկվող արարքը տևող է, չպետք է այն գնահատել դրվագներով կամ հատվածներով, և պատճառված վնասը հարթող վճար սահմանվելու դեպքում այն պետք է միանվագ լինի: Այս կարգավորումն ընդունվելու դեպքում լուծվում է նաև քրեաիրավական խնդիր, քանի որ Օրենսգրքի քրեական պատասխանատվությունից ազատելու 72-րդ հոդվածով սահմանված ինստիտուտն անմիջականորեն կարող է կարգավորել քննարկվող հասարակական հարաբերությունները:
ԼՀԿ երիտմիության քարտուղար, Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովի խոսքով՝ զինվորական ծառայության և զինապարտության մասին օրենքում փոփոխությունների կատարումը պետք է դիտարկել երկու ասպեկտով՝ զինվորական պատրաստվածություն և իրավաբանական հետևանքներ:
«Իրավական հետևանքն այն է, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով բանակից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունն ավելի խստացնում ենք՝ միջինից դարձնում ենք ծանր հանցագործություն, ուստի ավտոմատ կերպով վաղեմության ժամկետը երկարում է. եթե այն ժամանակ 5 տարի կարող էր սպասել շարքային կազմը՝ մինչև 27, և մինչև 35՝ սպայակազմը: Այսինքն՝ 5 տարի գումարելուց հետո կարող էին վերադառնալ հայրենիք, և կատարած հակաիրավական արարքը որևէ քրեական հետևանք չէր ունենա, ապա հիմա մենք դա դարձնում ենք ծանր հանցագործություն, ուստի կրկնապատկվում է դրա վաղեմության ժամկետը՝ 10 տարի: Այստեղ կրկնապատկվում է նաև տրվող գումարի չափը՝ մոտ 10.000 դոլար: Սա ամեն մեկն իրեն չի կարող թույլ տալ, իսկ մենք ՀՀ-ից դուրս գտնվողների մեծ թվաքանակ ունենք, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով խուսափել են զինվորական պարտականությունը կատարելուց: Սա չի նշանակում, որ այս մարդիկ պիտի լինեն «իզգոյ», նրանք պետք է վերադառնան Հայաստան, որովհետև մենք նաև ժողովրդագրական խնդիր ունենք: Ըստ այդմ՝ ավելի լավ է, որ ցածր գումար վճարեն և վերադառնան՝ շարունակելով իրենց կյանքը, քանի որ նրանց մեջ կան գիտնական, բիզնեսմեն տղաներ, որոնք ուզում են վերադառնալ, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում գալ: ԼՀԿ-ն առաջարկել էր թողնել նույն ձևաչափով, որն անցած տարիներին կար. եթե չեմ սխալվում, վճարում էին 3.6 միլիոն դրամ և ազատվում էին հետագա ամեն ինչից: Բայց գործող իշխանությունները մերժեցին այս նախագիծը՝ ասելով, որ չպետք է լինի այնպես, որ գումարով բանակից ազատվեն, այնինչ մենք տեսնում ենք, որ ավելի շատ գումարով են ազատվելու ծառայությունից: Եթե կային մարդիկ, որ չէին կարողանում վճարել 3.6 միլիոնը և վերադառնալ հայրենիք, հիմա առավելևս մոտ 5 միլիոնը չեն կարողանալու: Սա՝ իրավական մասով: Ի դեպ, ԼՀԿ-ն առաջարկել էր նաև համաներում հայտարարել այս դրվագով, բայց շեշտել էր, որ սա մեկ անգամ է արվելու. քրեական հետապնդումը դադարեցվում է, եկեք վճարեք, որ մենք դեմոգրաֆիական խնդիրը լուծենք»,- ասաց Սարկիսովը:
Անդրադառնալով կետին, որ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվելու է և վերականգնվելու է հանրային պաշտոնի իրավունքը, ԼՀԿ ներկայացուցիչն այստեղ լուրջ խնդիր տեսավ:
«Ո՞նց կարող է բանակում չծառայած, զինվորական կարգին, հայկական բանակի դրվածքին անծանոթ, 7-8 տարի ամենաքիչը ՀՀ-ում չգտնված անձը պայմանագրային ծառայող լինել: Սա լուրջ խնդիր է, քանի որ պայմանագրային զինծառայող լինելու համար մինիմալ գիտելիքներ են պետք, որովհետև որոշակի ստորաբաժանում կարող է ղեկավարել, լուրջ պարտականություններ է ունենալու: Գուցե մարտական հերթապահություն իրականացնող զորամասում անցնի ծառայության, հիմա բանակի կարգին ու դրվածքին անծանոթին տանելու են դիրքի ավա՞գ: Այստեղ լուրջ խնդիր կա: Ես գտնում եմ, որ բանակում չծառայած մարդն իրավունք չունի բանակում անցնել պայմանագրային հիմունքներով ծառայության: Ասում են՝ վճարելու են պայմանագրայինի 2 տարվա աշխատավարձի և հավելավճարի չափով, եթե դրույքաչափը բարձրացավ, ինչպե՞ս է այդ հարցը կանոնակարգվելու, ազդելո՞ւ է վերադարձողի վրա, թե՞ ոչ: Խելամտության կանխավարկածը հուշում է, որ չպետք է ազդի, որովհետև ինքն այն ձևաչափով է կնքել պայմանագիր: Մեկ այլ խնդիր. ասվում է, որ հանրային պաշտոնի իրավունքը կվերականգնվի, եթե խուսափած անձը քրեական հետապնդումից ազատվելուց հետո երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով անցնի պայմանագրային ծառայության: Ի՞նչ է ստացվում՝ կառավարության մեծամասնությունը բանակում չծառայած, զինվորական նիստուկացին անծանոթ մարդիկ են, և այդ կառավարությունը պարտադրում է մարդկանց, որ նրանք հայրենիք վերադառնան, բայց չկարողանան հանրային պաշտոն զբաղեցնել, եթե չեն անցել պայմանագրային ծառայություն: Սա անընդունելի է, ճիշտ չէ: Առնվազն ազնիվ չէ, երբ բանակում չծառայածները պարտադրում են մարդկանց հանրային ծառայության անցնել այն դեպքում, եթե անցել են պայմանագրային ծառայություն: Այս մասով օրենքը խիստ սահմանափակումներ է մտցնում, ինչը ԼՀԿ-ի նախկին առաջարկված նախագծերում առկա չէր»,- մանրամասնեց Սարկիսովը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը չի կարծում, որ օրենսդրական առաջարկված փաթեթով բոլոր խնդիրները լուծվում են, և, որ նախ՝ պետք է վերլուծվի և դասակարգվի զորակոչից խուսափածների դրդապատճառները:
«Այլ բան է, երբ մարդիկ 15 տարեկանում դուրս են գալիս երկրից, լրիվ այլ բան, երբ փոքր տարիքում՝ ընտանեկան տարբեր պատճառներով պայմանավորված, երկրից հեռանում են և ինչ-որ փուլում վերադառնում հայրենիք: Ունենք այդպիսի մեծ թվով քաղաքացիներ, որոնք բավականին վաղ փուլում դուրս են եկել երկրից, մշտական հիմունքներով նրանց ընտանիքի անդամները այլ երկրում են բնակվում, և նրանք տարբեր պատճառներով ցանկություն են ունենում վերադառնալու իրենց հայրենիք: Երկրորդ՝ երբ նշվում է վճարվող գումարի թիվը՝ պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձ և հավելավճար, ապա այստեղ էլ հստակեցումների կարիք կա, թե ինչ պայմաններում ծառայություն կրող պայմանագրայինի է վերաբերում: Պետք է նշեմ, որ, եթե սա նաև կանխարգելող բնույթի նախաձեռնություն է, ապա վճարման ենթակա գումարի թիվը բավականին ցածր է:
Նաև խնդիրներ եմ տեսնում գումարը վճարելուց հետո հետագայում պայմանագրային ծառայության անցնելու, և, այսպես ասեմ, իր տված գումարը վերադարձնելու առումով: Այստեղ ևս լրացուցիչ կարգավորումների խնդիր կա: Չծառայած մարդը պայմանագրային ծառայության չի կարող անցնել, իսկ եթե օրենքում փոփոխություն լինի, ապա պետք է ուսումնական գործընթաց սահմանել: Մի խոսքով, հասկանում եմ, որ ցանկություն կա այս հարցը կարգավորել, սակայն դրանք այս տեսքով դեռ բավականին շատ հարցեր են առաջացնում»,- շեշտեց Աբրահամյանը:
Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն իր հերթին ասաց, որ բանակը «քանդող» օրենք չէ առաջարկվողը, բայց ոչ էլ հարցի լուծում է, այսինքն՝ վերադառնում ենք հեշտ տարբերակի՝ փողը վերցնել և ազատել բանակից, ի վերջո, դրսում այդ մոտ 10.000 դոլար կամ մոտ 5 միլիոն դրամ աշխատելը դժվար չէ:
«Կարելի էր ավելի գլոբալ լուծում մտածել, օրինակ, պետությունը սկսեր օրենքով սահմանված կարգով հետապնդել այդ մարդկանց, պատկերավոր ասած՝ ընդունող երկրում հասներ նրանց ձերբակալմանը, բերեր Հայաստան, իջեցներ օդանավակայանում և ասեր՝ կամ բանակ ես գնում, կամ՝ բանտ: Եթե ասեն՝ խիստ է, այդ դեպքում արդա՞ր է, որ մեկը զոհվում է, մյուսը դրսում աշխատելով՝ փողը հավաքում, տալիս և ազատվում: Կրկնում եմ՝ պետությունը պետք է մեխանիզմներ ունենա, հետապնդի նման մարդկանց, հասնի Հայաստան բերելուն և, իդեալում՝ բանակում ծառայելուն»,- նշեց նա:
Դիտարկմանը, որ երբեմն կարծիքներ են հնչում, թե բոլորը չէ, որ կարող են առաջնագծում ծառայել, բոլորը չէ, որ դրա համար ծնված են, փոխարենը՝ կարող են այլ ձևով բանակին «օգնել», Մհեր Հակոբյանը դա անընդունելի համարեց:
«Իսկ ո՞վ է ծնված ծառայելու համար: Պատերազմը հակամարդկային երևույթ է, մարդը չի կարող մարդ սպանել, դա դեմ է մարդկային բնույթին: Էլ չասենք, որ դու ինքդ կարող ես սպանվել, ի՞նչ է ստացվում՝ մարդիկ կան, դա իրենց համար սովորական է, մարդիկ էլ կան, այսպես ասենք, կապույտ արյուն ունե՞ն, կամ վերին արտի ցորե՞ն են: Եթե մարդը պատերազմի համար չէ, թող գնա այլընտրանքային ծառայության, թող այլք էլ իրենց կյանքը պոստերում վտանգեն: Բա էդ տղերքը քա՞ր են, որ դիվերսիա են հետ մղում, հակառակորդի դիպուկահարի թիրախում են, նրանց ամեն մի օրը կարող է վերջինը լինել: Մենք Իսլանդիա չենք: Կրկնում եմ՝ այս օրենքը չի լուծում խնդիրը լիարժեք, լավը չի, բայց չարիք էլ չի: Այսինքն, րոպեական լուծում է: Տպավորություն կա, թե Քրեական օրենսգրքում փոփոխություն են մտցնում, որ հայտնի օրենսդրական կարգավորումը ոչ թե ամեն տարի երկարացվի, այլ դառնա մշտական: Սա, ըստ իս, վատ է»,- նշեց նա:
168.am–ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միավորման անդամ Դավիթ Տոնոյանը՝ հայտնելով իր սուբյեկտիվ կարծիքը, նշեց, որ օրենսդրական այս փոփոխությունը կխթանի երկրից հեռանալուն՝ վստահությամբ, որ դրսում կաշխատեն այդ գումարը և կվճարեն հետագայում Հայաստան հանգիստ գալ-գնալու համար։
«Մենք այս պահին չունենք այն ռեսուրսները, նաև՝ մարդկային, որ կարողանանք պատերազմող երկրի կարգավիճակում լինելով՝ պարտադիր ծառայությունը փոխել միայն պայմանագրայինով։ Մի կողմից՝ խոսում ենք ազգ-բանակ գաղափարի մասին, մյուս կողմից՝ դյուրացնում ենք բանակից «ազատվելու» կարգը ու թուլացնում ազգի ռազմական պատրաստությունը։ Քաղաքացիների մոտ կստեղծվի դժգոհություն, որ բանակում ծառայելու են համապատասխան գումար չունեցողները։
Ինքս շատ դեպքեր գիտեմ, որ ապագայում ծառայությունից խուսափելու հեռանկար չունենալը շատերին ստիպել է վերադառնալ և ծառայել»,- նշեց նա՝ ասելով, որ այս դեպքում, եթե չաճի արտագաղթի ցուցանիշը, ապա առնվազն կնվազի վերադարձողների թիվը:
Դավիթ Տոնոյանը հիշեց, թե ինչպես է ինքը ժամանակին կորցրել անվճար ուսման հնարավորությունը Մոսկվայում և ծառայության անցել հայկական բանակում, որից հետո նորից դիմել անվճար սովորելու համար և ընդունվել:
«Չեմ համարում հայրենասիրությունից ելնելով քայլ, այլ պարտականություն և ընդամենը ՀՀ քաղաքացի լինելու մինիմալ «արժեք»: Երբևէ մեր ընտանիքում չի քննարկվել, որ կարելի է չծառայել»,- հավելեց Տոնոյանը: