«Սննդի կազմակերպման նոր համակարգը շատ վաղուց սպասված բան էր, բայց զինվորը սոված չի եղել, սննդի պահանջված կալորիականությունը պահպանվել է». Գեղամ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարարի հուլիսի 27-ի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը:

168.am-ի հետ զրույցում խորհրդի համակարգող, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը նշեց, որ աշխատակարգի պահանջով տեղի է ունեցել խորհրդի անդամների ռոտացիա, ինչը ենթադրում է կազմի 1/3-ի չափով թարմացում: Անդամների թիվը 16 է, որից 6-ը նոր անդամներ են:

Մեր հիշեցմանը, որ ժամանակին հասարակական խորհրդի ակտիվ անդամներից էր «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, սակայն նա կրկին խորհրդի կազմում չէ, Գեղամ Հարությունյանը նշեց, որ դեռևս 2015-ից նա կամովին դադարեցրել է իր անդամակցությունը:

«Ժամանակի ընթացքում շատ կազմակերպություններ դուրս են եկել խորհրդից, նորերն են մտել: Խորհրդի կազմը չի մնացել անփոփոխ, ինչը շատ ճիշտ է, քանի որ դա թարմացում է բերում աշխատանքներում, ինչպես նաև՝ արդիականացնում հայացքը շատուշատ հարցերի նկատմամբ՝ պաշտպանական քաղաքականության և ոլորտի հետ կապված»,- հավելեց Հարությունյանը:

Պաշտպանության նախարարի խորհրդականը հայտնեց, որ ամփոփել են նախարարին կից հասարակական խորհրդի հովանո ներքո քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքը, և, որ համաճարակային իրավիճակը չի խաթարել բողոքարկման գործընթացը:

«Մենք ստացել ենք 164 դիմում-բողոք, որը 28-ով ավելին է 2019-ի ամառային զորակոչի ցուցանիշից, և 53-ով՝ 2019-ի ձմեռային զորակոչի: 164 դիմում-բողոքներից միայն 3-ն են, որ զինակոչիկի առողջական վիճակին չեն վերաբերել: Մենք 100 միջնորդագիր ենք ուղարկել զորակոչային իրավասու մարմիններին, և մեր միջնորդագրերի քննարկման և ազդեցության արդյունքում վերանայվել է զինծառայության պիտանիության մասին 42 փորձաքննական եզրակացություն: Այսինքն, 42 երիտասարդ, որ պիտի զորակոչվեին՝ ըստ նախկին եզրակացությունների, մեր միջամտությունից հետո չեն զորակոչվի, կստանան ժամկետներ բուժման համար, իսկ ոմանք ընդհանրապես ճանաչվեցին ոչ պիտանի զինծառայության համար և հաշվառվեցին պահեստազորում»,- մանրամասնեց Գեղամ Հարությունյանը:

Պատեհ առիթն օգտագործելով՝ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի համակարգող, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանից փորձեցինք պարզել՝ արդյոք համաձա՞յն է այն պնդումների հետ, որ զինվորը մինչև 2018 թվականը սոված է եղել, և հիմա նոր-նոր հաց է ուտում բանակում: Ի դեպ, նման կարծիք հաճախ հայտնում են նրանք, որոնք ժամանակին աշխատանքի բերումով վստահեցրել են, գրել, որ զինվորը սոված չէ:

Ի պատասխան՝ Գեղամ Հարությունյանն ասաց, որ սննդի մատակարարման նոր համակարգն ունի իր առավելությունները, բայց դա չի նշանակում, որ նախկինում համատարած զինվորը սոված է մնացել:

«Բանակն իր զարգացման մեջ անընդհատ նոր բարձունքների է հասնում: Ես կարծում եմ, որ սննդի կազմակերպման այս նոր համակարգը շատ վաղուց սպասված բան էր: Մենք ինքներս՝ որպես հասարակական խորհուրդ, նախկինում նշել ենք, որ անհրաժեշտ է լրջորեն անդրադառնալ սննդի կազմակերպման հարցերին: Մի քանի անգամ նշել ենք, որ ճաշի և ընթրիքի ժամերը չպետք է դիտել զուտ սննդի ընդունման ժամեր, դրանք լարվածության և հոգնածության թոթափման ժամեր պիտի լինեն, իսկ դրա համար ճաշարանները պետք է ունենան համապատասխան կահավորում, ճաշի կազմակերպումը պիտի համապատասխան ձևով լինի: Նախկինում եղած իրավիճակը սրան չէր նպաստում: Բայց զինվորը սոված չի եղել, միշտ սննդի պահանջված կալորիականությունը պահպանվել է, որը գիտականորեն հաստատված ցուցանիշներ են, և անընդհատ բարելավվել է սննդի կազմակերպումը, այդ թվում՝ առաջնագծում: Բայց, կրկնում եմ, այն համակարգը, որը ներդրվեց, ողջունելի է, դրանք վաղուց սպասված փոփոխություններ էին: Հիմա շատ լավ մոտեցումներ որդեգրվեցին, ամբողջ խոհանոցային բլոկը թարմացվում է, բերվում են լրիվ նոր սարքավորումներ, կահավորանք: Փոխվել է սպասքը, դրանք շատ որակով են, և այդ ամեն ինչն անում է սպասարկող կազմակերպությունը, պայմանագրի կետերից մեկն է, և հավելյալ ծախս չի նստում պետության վրա: Սեղանների շուրջ զինվորները շատ խիտ նստած չեն հիմա, տեղ-տեղ առանձին են նստում: Բացի այս, զինվորներն օգտվում են սեզոնային միրգ-բանջարեղենից»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Իսկ այն, որ մինչ համավարակը զինվորի ծնողները չեն դադարել ինչ-ինչ իրեր, պարագաներ, սնունդ ուղարկել իրենց որդիներին, Գեղամ Հարությունյանը դա համարեց ավելի շատ ծնողի վերաբերմունքի հարց:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Երկրի հարցը» հաղորդաշարի շրջանակում ասել էր, որ սննդի հետ կապված որևիցե խնդիր բանակում չի եղել: Ըստ նրա՝ եղել են զորամասեր, որ զորամասերի ղեկավարների, թիկունքային ապահովման ստորաբաժանումների, լավագույն խոհարարների միջոցով բավականին բարձր է կազմակերպվել սննդի կազմակերպումը, բայց եղել են նաև զորամասեր, որտեղ եղել են թերություններ և բացթողումներ:

«Ես ուրախ եմ, որ իմ ժամանակահատվածի և ներկայիս ՊՆ Դավիթ Տոնոյանի հետ մեր գաղափարները՝ անցնել սննդի ծառայության նոր տեսակի, այսօր իրականացվել է, որը բավականին մեծ ֆինանսներ է իր մեջ պարունակում: Այն ժամանակ այդ ֆինանսները չեն եղել, և այսօրվա ղեկավարությունը, եթե գտել է դա, փառք և պատիվ իրենց, բայց չի կարելի ասել, որ նախկինում հայ զինվորը եղել է սոված»,- նշել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս