Հայ-իրանական երկխոսությունը չի վերածվում կոնկրետ արդյունքների․ վերլուծաբան

Այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, կարևորվել է ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:

«Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Ուշագրավն այն է, որ հեռախոսազրույցը կայացել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ սեպտեմբերի 12-15-ը Եգիպտոս կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ։

Ի դեպ, Եգիպտոսում Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ԵԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Անհնար է թերագնահատել հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը Իրանի Իսլամական Հանրապետության և, ավելի շատ, Հայաստանի Հանրապետության համար, որի երկու բաց սահմաններից մեկն Իրանի հետ է։

168am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Հայաստանն ու Իրանը, հատկապես ներկայումս, քննարկելու բազմաթիվ հարցեր ունեն։ Ըստ նրա, ըստ էության շփվելու խնդիր կողմերը չունեն, շփվում են՝ ըստ անհրաժեշտության, շատ դիրքորոշումներ են համաձայնեցնում, վերահաստատում բարեկամական հարաբերությունների առկայությունը։ Սալամիի խոսքով՝ այդ թեմաներն են մերձավորարևելյան զարգացումները, Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումը, Ղարաբաղյան հակամարտության շրջանակում իրանցի դեսպանների որոշ հայտարարություններում տեղ գտնող ձևակերպումները, թուրքական գործոնը տարածաշրջանում, ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, Իրանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում։

Սալամին նշեց, որ տպավորություն է, թե բազմակողմ հարցերով ավելի արդյունավետ համագործակցություն և երկխոսություն կա, քան երկկողմ մակարդակում։ Նրա գնահատմամբ՝  հայ-իրանական փոխըմբռնում կա տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում թե Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասում, ինչը կարևոր է թե՛ Իրանի, և թե՛ Հայաստանի համար։

«Իսրայելի թեման զգայուն թեմա է Իրանի համար, Իսրայելի ուղղությամբ ոչ մի քայլ Իրանը չի կարող դրական ընդունել, բայց Իրանը հասկանում է նաև այն աշխարհաքաղաքական իրականությունը, որում Հայաստանն է, և վստահաբար այս թեման ևս տեղ է գտնում երկկողմ շփումների օրակարգում, և այս հարցով երկխոսությունը երբեք չպետք է դադարի՝ երկկողմ հարաբերություններում խնդիրներ ապագայում չառաջացնելու նպատակով։ Հայաստանն ու Իրանը մի շարք ուղղություններով նույնական մոտեցում ունեն, իսկ որ ուղղություններում այդ մոտեցումները տարբերվում են, կա ըմբռնում և հարգանք այդ դիրքորոշումների նկատմամբ։ Սակայն հայ-իրանական քաղաքական երկխոսությունը չի վերածվում կոնկրետ արդյունքների, ավելի բարդ է տնտեսական համագործակցության ոլորտում իրավիճակը, մի շարք ուղղություններով քննարկումներից այն կողմ իրավիճակը չի անցնում, և ստացվում է, որ համագործակցությունն առավելապես իրավիճակային բնույթ է կրում, քանի որ քննարկվում են իրավիճակներից բխող հարցեր, դիրքորոշումներ, և այդքանով սահմանափակվում է։ Բնականաբար, չենք կարող հաշվի չառնել, որ համավարակի պայմաններում կանգ է առել ակտիվ դիվանագիտությունը, փոխայցերը, նոր պրոյեկտներ հնարավոր չեն, սակայն ընդհանուր առմամբ տնտեսական հարաբերությունները թարմացնել, նոր ծավալուն պրոյեկտներ իրականացնել չի հաջողվում, չի հաջողվում երկու երկրների գործարար միջավայրի շրջանակներում բավարար ուշադրություն և հետաքրքրություն առաջացնել հենց երկու երկրների հանդեպ, որպեսզի ավելի շատ ներդրումներ հենց այս տարածաշրջանում արվեն, որոշ հատվածական ծրագրեր արվում են, բայց դրանք անհրաժեշտ արդյունավետություն չեն ապահովում, այսինքն՝ բավարար չեն։

Այսինքն՝ հայ-իրանական հարաբերություններում առկա մթնոլորտը երկու երկրների համար արդյունքների վերածելու խնդիր կա, շատ ջանքեր են անհրաժեշտ, մեծ ուշադրություն, բայց այդ հետաքրքրվածությունը նաև երկու իշխանությունների շրջանում չի ուրվագծվում, բավարարվում են նրանով, ինչ կա։ Սակայն փորձագետներս շատ ենք խոսել, որ հարաբերությունները խորը վերանայման և արդյունքների կարիք ունեն, դրանք դեռ չկան, հուսանք՝ ապագայում կլինեն։ Ուզում եմ նշել նաև այն, որ, ի տարբերություն Հայաստանի, Իրանը շատ հարևաններ ունի, արտաքին քաղաքական բազում խնդիրներ ունի և գուցե այդ պատճառով չի հատկացնում բավարար ուշադրություն Հայաստանին, որը ակնկալում է Հայաստանը, սակայն կա ընկալում, որ այդ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս