44 միլիոն 758.900 դրամ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նստավայրը կապիտալ վերանորոգելու համար

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 40 հարցից 36-ը չզեկուցվող էին, իսկ դրանցից մեկը վերաբերում էր ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության շենքի կապիտալ նորոգմանը: Կառավարությունը որոշեց Երևանի Տիգրան Մեծ 50 հասցեում գտնվող դատախազության մասնաշենքը, որը տրամադրված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը, կապիտալ վերանորոգելու նպատակով դատախազությանը տրամադրել 44 միլիոն 758 հազար 900 դրամ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Նախագծում որպես հիմնավորում՝ նշված է, որ 2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, նույն օրն ուժի մեջ է մտել նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն): Այդ օրենքների հիման վրա էլ ՀՀ գլխավոր դատախազության կազմում ստեղծվել է նոր՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, որը զբաղվելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթների իրականացմամբ: Բացի այդ, ստեղծվել է նաև Վարչությանն աջակցող բաժին:

Նախագծում նշված է, որ Վարչության և Բաժնի ստեղծման արդյունքում անհրաժեշտ է կարգավորել աշխատակիցների աշխատասենյակների հարցը, իսկ Տիգրան Մեծի 50 հասցեում գտնվող դատախազության մասնաշենքը անմխիթար վիճակում է՝ ուստի անհրաժեշտություն է առաջացել շենքի կապիտալ վերանորոգման:

Նախագծի ամփոփաթերթում ներկայացված տվյալների համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը այս նախագծի վերաբերյալ առաջարկությունում նշել է, թե կառավարության պահուստային ֆոնդերը ծանրաբեռնված են:

«Նախագծով առաջարկվում է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախա­տեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2020 թվականի ինն ամսում ՀՀ դատախազությանը հատկացնել 44,758.9 հազար դրամ՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 50 հասցեի դատախազության մասնաշենքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նստավայրի կապիտալ վերանորոգման աշխատանքների համար։ Այդ կապակցու­թյամբ հայտ­նում ենք, որ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներն ամբողջությամբ ծանրաբեռնված են ՀՀ կառավարության ընդունված որոշում­ներով և ՀՀ կառավարության որոշումների շրջանառվող նախագծերով»,- նշված է ամփոփաթերթում:

Հետաքրքիր է, որ Ֆիննախի այս առաջարկը որոշվել է ընդամենը «ընդունել ի գիտություն», ներկայացնել նախագիծն ու սպասել դրա հաստատմանը:

Արդարադատության նախարարությունը նախագծի վերաբերյալ առարկություններ չի հայտնել:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ակնկալվում է, որ դրա ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության բնականոն գործունեությունը:

Տեսանյութեր

Լրահոս