Նիկոլ Փաշինյանի նախատինքը և Տավուշի նախկին մարզպետի գլխիկոր լռությունը
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ: Չինարի սահմանապահ համայնքում նա հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր ոչ մի բնակելի տուն չի կառուցվել զրոյից: Մովսես գյուղում էլ Փաշինյանն ասել է, որ Մովսես գյուղն իր գոյության 300 տարվա ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել:
168.am-ը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին հիշեցրեց․ «Ժամանակին եղել եք Տավուշի մարզպետ, ի՞նչն է եղել պատճառը, որ Մովսեսում ասֆալտապատ ճանապարհ չի եղել, Չինարիում տուն չի կառուցվել, ինչի մասին ասաց ՀՀ վարչապետը, և ինչը Դուք, իր կողքը կանգնած, լուռ լսում էիք»:
Ի պատասխան՝ նա ասաց․ «Հիմքից նոր կառուցվող տներ չեն եղել, դրա մասին է խոսքը: Ինչ վերաբերում է Մովսեսի ճանապարհին, ամբողջական նման մասշտաբի ասֆալտապատման աշխատանքներ չեն արվել երբևէ»:
Հարցին՝ Դուք այդ հարցերը բարձրացրե՞լ եք ժամանակին, ինչո՞ւմն է եղել խնդիրը, որ չի արվել, Արմեն Ղուլարյանին այս հարցադրումը դուր չեկավ, և նա միանգամից հիշեց, որ քննարկման է:
«Դուք հիմա ինձ ի՞նչ հարցեր եք տալիս: Դուք Ձեր հարցերը կարող եք գրավոր ուղարկել, ես հիմա ժամանակ չունեմ: Կրկնում եմ՝ այդ ծավալի, մասշտաբի աշխատանքներ երբևէ չեն արվել, ճանապարհաշինության նկատմամբ ծրագրային ամբողջական մոտեցում չի եղել»,- արձագանքեց Տավուշի նախկին մարզպետը:
Մենք, այնուամենայնիվ, պնդեցինք, որ ամեն դեպքում Արմեն Ղուլարյանը պատասխանի՝ Տավուշի մարզը ղեկավարելիս այս խնդիրները բարձրացրե՞լ է, թե՞ ոչ:
«Այո, բարձրացվել է, և դա ոչ միայն մարզպետն է բարձրացնում, այլ համապատասխան գերատեսչությունները»,- վստահեցրեց նա:
Մովսես գյուղի նախկին գյուղապետ Արարատ Ավալյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով գյուղում ասֆալտապատ ճանապարհ լինել-չլինելու խնդրին՝ ասաց, որ 2015-ին Մովսես-Նորաշեն ճանապարհի հարցով դիմել է կառավարությանը:
«Դիմումն ընդունեցին, դրանից հետո 2016-ին, որ արդեն ծրագիրը հաստատվում էր, մեկ էլ պարզվեց՝ բյուջեի գումարները սպառված են, տեղաբաշխված, մնաց 2017-ին: Դե, 2016-ի հոկտեմբերից էլ ես չեմ աշխատում, իմ հաջորդին եմ տվել բոլոր դիմումները, գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը, որ պիտի շարունակվեր, բայց անհետևողական մնաց, չարվեց: Դե, հեն ա, հիմա արվեց, խնդիրն ինչո՞ւմն է: Նշեմ, որ խոսքն ասֆալտի մասին է, ասֆալտապատ չի եղել ճանապարհը: Մինչև 1990 թվականն ասֆալտապատ եղել է Մովսես-Այգեպար ճանապարհը, բայց դա էլ 30 տարի չի աշխատում, սաղ քարուքանդ է եղել»: