«Շահումյանի շրջանը միակն է, որից Ադրբեջանի հիմնական հարթավայրային կենտրոնների վրա կարելի է հսկողություն վերցնել, նույն Գանձակի, Մինգեչաուրի վրա». Կամո Հարությունյանը հակադարձում է Սամվել Բաբայանին
Օրեր առաջ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը երիտասարդության հետ հանդիպմանն ասել է, որ Շահումյանի շրջանը հետ վերցնելը շահեկան չէ:
«Վաղը, որ, Աստված չանի, պատերազմ սկսի, մեզ հաջողություն լինի առաջ գնալ, ես Շահումյանի շրջանը չեմ վերցնելու, որովհետև ես կուզենայի դեպի Կասպից ծով, քան, ասենք, գնալ Կիրովաբադի տակը: Հետաքրքիր չի՝ թե հետագայում սահման պահելու համար, թե տնտեսական շահերից, թե էդ հողերի բերքատվության, թե մի շարք այլ հարցերով, թե նավթ ունենալու»,- ասել է նա:
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Կամո Հարությունյանն անդրադառնալով Շահումյանի և այն վերադարձնելու կարևորությանը, նախ շեշտեց՝ առաջին հերթին այն հայկական հող է:
«Չկա հայկական հող, որը հայ մարդու համար կարևոր չէ: Երկրորդ՝ մենք այն պետությունը չենք, որ կարող ենք մեզ նման շռայլություն թույլ տալ՝ հատկապես հայկական բնակավայրերի հետ կապված: Ինչ վերաբերում է ռազմական կարևորությանը, որը շատ մարդիկ չեն հասկանում՝ անկախ զբաղեցրած դիրքից. եթե չլիներ Շահումյանը, ո՞ւր կհասնեին հակառակորդի զորքերը, եթե չլիներ Շահումյանը և հարձակումը միանգամից լիներ Մարտակերտի վրա, հակառակորդը շատ շուտվանից կհասներ Ստեփանակերտ և մի բան էլ ավելի:
Այսինքն, այսպես ասած, Շահումյանը զսպող, պահող դեր է խաղացել և ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է հարձակում «պահել»: Եթե մարդիկ սա չեն հասկանում… Կամ՝ ասում են՝ կշարժվենք դեպի Կասպից ծով, այ ձեր ցավը տանեմ, Կասպից ծով պիտի Շահումյանով գնաք, կամ Շահումյանի նման տարածքներով: Եթե տնտեսականին անդրադառնանք, ես ուզում եմ իմանալ՝ ամբողջ Արցախի տարածքում որտե՞ղ է ինչ աճում, որ Շահումյանում չի աճում: Ինչ վերաբերում է հանքերին, ոսկի կամ նավթ լինելուն, էդ քանի՞ անգամ են մարդիկ գնացել գեոդեզիա արել, համապատասխան ստուգումներ անցկացրել, որ եզրակացնում են, թե Շահումյանում նման բաներ չեն հայտնաբերելու: Եվ հետո, կրկնում եմ, հայրենիքը նման բաներով չեն չափում, հիմա կարող ենք ասել՝ ինչո՞վ է օգուտ մեզ Արարատ լեռը, բայց դա մերն է, մեր մի կտորն է, ինչ է՝ պիտի մի բան տա, որ նոր ասեմ, թե ի՞մն է:
Շահումյանի շրջանը միակն է, որից Ադրբեջանի հիմնական հարթավայրային կենտրոնների վրա կարելի է հսկողություն վերցնել, նույն Գանձակի, Մինգեչաուրի վրա, տարբեր ուղղություններ շատ կան այնտեղ, որ կարելի է վերցնել հսկողության տակ: Վերջապես Հայաստանը, ընդհանուր հայոց երկիրը դա մի մեծ մարմին է, և ցանկացած մի կտոր, որ կտրես և հանես, ո՞նց կարող է այդ մարմինը չցավալ, դա ծիծաղելի է: Գտնում են՝ Շահումյանում չի աճում ինչ-որ գյուղատնտեսական կուլտուրա, կամ նավթ չկա, գազ չկա, ոսկի չկա, դրանո՞վ ենք մենք Շահումյանի կարևորությունը չափում: Շահումյանի շրջանը դա Գյուլիստանի մելիքությունն է, եթե այդ մարդիկ նույնիսկ դա չեն հասկանում… Ես գտնում եմ, որ ցանկացած հայկական հող, որտեղ էլ ուզում է լինի՝ սկսած Երզնկայից մինչև Ատրպատական, չպետք է կարևորություն տալ՝ ելնելով այդ հողի վրա աճած բույսով կամ այդ հողի տակ գտնվող ինչ-որ բանով»,- շեշտեց Կամո Հարությունյանը:
Հունիսի 13-ին Բուզլուխ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորած լեգենդար հրամանատար Կարոտ Մկրտչյանը՝ Ջամբազի արծիվը, մի առիթով ասել է՝ «Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում: Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»: Իսկ Շահեն Մեղրյանը ժամանակին ակնարկել էր, որ այդ դարպասի բաց լինելը՝ Շահումյանի անկումը, Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր:
«Ես գտնում եմ, որ դա ավելի շուտ ռազմաքաղաքական պարտություն է, և ոչ թե շահումյանցիների կամ ղարաբաղցիների: Սա Հայաստանի քաղաքականության ինչ-որ բացթողումների, քաղաքական ինչ-որ հավկուրության արդյունք է, ինչը հասցրեց նրան, որ այդպիսի ուժեր մեկ շաբաթվա ընթացքում ներգրավվեցին խաղի մեջ և դաժան ռազմական պարտության հասցրին Արցախի հյուսիսում»,- հայտարարել էր Մեղրյանը: