«Մինչև վերջ չգնալու այլընտրանք այսօր քաղաքական դաշտում որևէ մեկը չունի». Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ի՝ հանրահավաք անցկացնելու մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ հանրահավաք անցկացնելու հայտարարությանը վերաբերող հարցին։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ԲՀԿ-ն թող մինչև վերջ գնա. «Կարող եմ ասել, որ մինչև վերջ գնան, մենք էլ կտեսնենք, թե վերջիվերջո քաղաքական դաշտում ինչ կատարվեց։ Վստահ եմ նաև, որ քաղաքական դաշտի բյուրեղացում տեղի կունենա։ Մինչև վերջ չգնալու այլընտրանք այսօր քաղաքական դաշտում որևէ մեկը չունի, որովհետև այսօրվա իշխանությունը սակարկումների չի գնում ու չի գնալու, ուստի այդ շահարկումը, թե մինչև վերջ գնալու են, կանգնեցնող իրենց չի լինի, և այլն, իրենց ոչ մեկն էլ չի ուզում կանգնեցնել»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ մեծ հանրահավաք է անցկացնելու՝ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Խոսելով ֆեյք լուրերից և դրանց դեմ ներկայացրած օրենքի նախագծից՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա մեծ խնդիր է ամբողջ աշխարհում, նույնիսկ նախորդ գումարման խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացվել, որը բավականին մեծ քննադատությունների էր արժանացել։
«Ցավոք, այսօր շատ դժվար է այդ եզրը գտնել ազատ խոսքի և լկտիության, կեղծիքի և մյուսի։ Այդ խնդիրը կա ամբողջ աշխարհում։ Կարծում եմ՝ ժամանակը պետք է անցնի, և հասկանանք՝ ինչ ենք անելու»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։