Բաժիններ՝

«Աշխարհը քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու այլ գործիքներ ունի, քան ուղիղ նրանց «գլխատելը»». քննարկում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռնության դեպքերի վերաբերյալ

Այսօր «Հոդված 3» ակումբը կազմակերպել էր տեսաքննարկում «Բռնություն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ու վերասոցիալականացման քաղաքականության խնդիրները» թեմայով:

Քննարկման սկզբում Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արփի Սարգսյանը ներկայացրեց դեպքի՝ նախարարության տարբերակը, որն ավելի վաղ հրապարակվել էր պաշտոնական հաղորդագրության տեսքով: Այն է՝ պայքար քրեական ենթամշակույթի դեմ: Ներկայացրեց, որ եղել է չնախատեսված խուզարկության փորձ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից, ինչին պատժախցում եղած անձինք  կոշտ դիմադրություն են ցուցաբերել, հետո եղել է այն, ինչ բոլորը մանրամասն արդեն գիտեն: Անդրադարձ չեղավ դիմադրությունը «ճնշելու» եղանակներին, մեթոդներին ու հետևանքներին:

Թեմային անդրադարձավ նաև Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի՝ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, ով նշեց, որ ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խումբը մեկնել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ուր և արձանագրել են խնդրահարույց իրողություն, ունեցել են նաև գրավոր բողոք, որի վերաբերյալ ՄԻՊ-ն արդեն համապատասխան գրություններ է ուղարկել տարբեր գերատեսչությունների:

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ միայն օրենսդրության փոփոխությամբ հնարավոր չէ արդյունավետ պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, հատկապես կարևոր է ՔԿՀ ուժեղ պետի գործոնը:

«Կարծում եմ, որ պատժի և խրախուսանքի միջոցների ճկուն համակարգ է պետք, որին, հույս ունեմ, կնպաստի Քրեակատարողական նոր օրենսգիրքը, որպեսզի ՔԿՀ ղեկավարությունը կարողանա առավել արդյունավետ կերպով իրականացնել այն գործառույթները, որոնք օրենքով իր վրա դրված են: Շատ կարևոր է, օրինակ, արտաքին աշխարհի հետ կապի ընդլայնումը»,- ասաց Գոհար Սիմոնյանը՝ շեշտելով, որ շատ հաճախ մարդիկ պատժախցում հայտնվում են բջջային հեռախոս ունենալու համար, ու թեև գիտեն, որ դրա համար կարող են պատժվել, բայց, միևնույն է, պահում են, որովհետև տաքսոֆոնների համակարգն արդյունավետ չէ, այն շատ թանկ է, իսկ մարդիկ կարիք ունեն իրենց ընտանիքների հետ շփվելու:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյան էլ կարևորեց այն հանգամանքը, որ նույնիսկ այն պարագայում, երբ իրենք տեսել են հետքեր ազատազրկված անձանց մարմինների վրա, նրանք շարունակել են հերքել, որ միջադեպ է տեղի ունեցել: Բացի դրանից, ըստ բանախոսի, շատ էական է այն հանգամանքը, որ խուցը կամ պատժախուցը վերջին վայրն են, որտեղ արգելված իրը կարող է հայտնաբերվել:

«Այսինքն՝ մինչև էդտեղ հասնելը նախ այդ արգելված իրերը հասել են քրեակատարողական հիմնարկի տարածք, ինչ-որ ուղիով ներթափանցել են ՔԿՀ-ից ներս, և, որն է զարմանալի, որ անձինք գտնվել են պատժախցում… Այդ արգելված իրերը հայտնվել են նաև պատժախցում, որտեղ հսկողությունը մի փոքր ավելի խիստ պետք է լիներ»,- ասաց դիտորդական խմբի անդամը՝ նշելով, որ արգելված իրեր հայտնաբերելու գործողությունն իրավասու մարմինները վերջից են սկսել: Եվ միգուցե այս դեպքում պետք է հավասարաչափ պատասխանատվության ենթարկել նաև քրեակատարողակա՞ն ծառայողներին:

Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի խոսքով էլ՝ ժողովրդի ընտրած լեգիտիմ իշխանության համար քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չպետք է դիտարկվի՝ որպես հաղթանակ, այլ՝ ինքնին ենթադրվող, նորմալ երևույթ:

«Ինչ վերաբերում է երևույթի քրեականացմանը, ապա այն դեռևս չի աշխատում, որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, որովհետև որևէ քրեական հեղինակություն, «օրենքով գող» դեռևս չի հայտնվել գոնե դատարանի առաջ ՀՀ քրեական օրենսգրքի 223.1 հոդվածով, այն է՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն խմբի աստիճան տալը, ստանալը կամ պահպանելը»,- ասաց Արշակ Գասպարյանը:

Ըստ նրա՝ աշխարհը քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու այլ գործիքներ ունի, քան ուղիղ նրանց «գլխատելը»: Խնդիրը բանտերը կառավարելն է:

«Շատ ավելի վատ՝ հիմնարկի ու այդ ամբողջ կառավարման համակարգի համար, որ չկա մեկը, որը լինի այնքան հեղինակություն, որ այդ հեղինակությանն ասի՝ հեռախոսդ տուր, ու նա չտա այն, առանց ֆիզիկական ուժի կիրառության ու հատուկ ջոկատայինների»,- նկատեց քրեական արդարադատության փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բռնություն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ու վերասոցիալականացման քաղաքականության խնդիրները

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում օրեր առաջ դատապարտյալների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:Չնայած կոնկրետ բռնության գործով ընթանում է քննություն, իրավապաշտպանները կարծում են, որ քրեակատարողական հիմնարկներում կյանքի կազմակերպման, վերահսկման մեխանիզմները պետք է փոխվեն, որպեսզի հասնենք նրան, որ ազատազրկված անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը լինի անկյունաքարային:Բանն այն է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում օրեր առաջ տեղի ունեցած բռնությունը խոսում է ավելի լուրջ և խորքային խնդրի՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ու վերասոցիալականացման քաղաքականությանն անցնելու պետության որդեգրած սկզբունքի թերի կատարման, հատվածական ու ընտրողական մոտեցման մասին:Այս հարցերին հանգամանորեն անդրադառձանք սեպտեմբերի 7-ին «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Բռնություն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ու վերասոցիալականացման քաղաքականության խնդիրները» թեմայով ՀԵՌԱՎԱՐ ՔՆՆԱՐԿՄԱՆ (տեսաքննարկման) ժամանակ:Բանախոսներն էին.ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ, ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, քրեական արդարադատության փորձագետ❗️ Լատինատառ և վիրավորանք պարունակող մեկնաբանությունները կհեռացվեն։

Gepostet von «Հոդված 3» ակումբ – #Article3 Club am Montag, 7. September 2020

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս