Բաժիններ՝

Այս քաղաքին արագություն է պետք, որ խցանումներ չլինեն. Վարորդները դժգոհ են սահմանված  60 կմժ արագությունից

Հուլիսի 18-ից Երևանի ամբողջ տարածքում 60 կմժ արագությունից ավելի չի կարելի վարել։

Արագության փոփոխությունը հիմնականում վերաբերում է Իսակովի և Մյասնիկյան պողոտաներին, Թբիլիսյան խճուղուն, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի, Սարալանջի փողոցներին և Աշտարակի խճուղուն։ Նախկինում նշված ուղղությունների վրա 70-80 կմժ արագություն էր, սակայն այժմ առավելագույն արագությունը միայն 60 կմժ է։

Ոստիկանությունը վստահեցնում է, որ այս փոփոխության նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն է։  2019 թվականի վիճակագրական տվյալները փաստում են՝ այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, բավական շատ են վթարները, առավել ևս՝ մահվան ելքով պատահարները։ 2019 թվականի ցուցանիշներով՝ Երևանում տեղի է ունեցել 2172 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 86 և մարմնական վնասվածքներ ստացել 2801 մարդ։

Ամեն օր Երևանի բոլոր փողոցներում երթևեկող, շտապող ու չշտապող քաղաքացիների տեղափոխող տաքսու վարորդ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ փոփոխությունն արդյունավետ չէ:

«Առավելագույն արագությունը միայն 60 կմժ  սարքելը շատ վատ է:  Այն փողոցները, որտեղ 60 կմժ է, անընդհատ խցանումներ են՝ Իսակովի և Մյասնիկյան պողոտաներ, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան փողոց… Գալիս, հասնում են արագաչափի մոտ, ու խցանում է լինում, այսինքն, սկսում են դանդաղ վարել, հետո՝ նորից արագ: Սեպտեմբերի 15-ից ավելի վատ է լինելու երթևեկության վիճակը: Պիկ ժամերին էլ վարել հնարավոր չի լինելու: Ասենք հաճախորդը նստում է ու մեկ կիլոմետր պետք է գնա, մեկ ժամ գնում ես խցանումների հետևանքով: Ո՞վ է մեղավոր, ոչ մեկը, սակայն դրա պատճառով այդ ժամերին չեն վարում մեծ մասամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տաքսու վարորդը:

Ամեն օր սեփական մեքենայով աշխատանքի մեկնող Արմեն Գասպարյանը ևս կողմ չէ 60 կմժ-ին:

«Այս քաղաքին արագություն է պետք, որ խցանումներ չլինեն: Առանց այդ էլ մարդիկ ալարում են մեքենան վարեն: Իսկ վթարներն անգրագիտության, անուշադրության, կանոնները չպահելու, խմած վիճակում ղեկին նստելու և արագությունը գերազանցելու պատճառով են: Ոմանք նաև հղփացած են ու ցուցամոլ ու նաև այդ պատճառով են արագ վարում»,- նշեց Արմեն Գասպարյանը:

Հարցն ակտիվորեն քննարկվում է նաև համացանցում:

«Այս փոփոխությունից երթևեկությունը դարձրել է ահավոր վտանգավոր. առաջ 100 կմժ արագությամբ գնում էին, հասնում արագաչափին՝ արգելակելով նվազեցնում 80 կմժ, իսկ հիմա 100 կմժ գալիս են, արագաչափը տեսնում՝ խառնվում են իրար ու արագությունը նվազեցնում 20 կմժ-ի»,- գրել է Կարեն Գրիգորյանը:

«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանից հետաքրքրվեցին՝ 60կմժ-ն իրեն արդարացրե՞ց, թե՞  ոչ:

«Այսքան շուտ հնարավոր չէ ասել: 4-6 ամիս պետք է»,- նկատեց Դավիթ Պեդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս