Չի բացառվում, որ Բելառուսը փորձի ներքաշել ՀԱՊԿ-ին․ Հայաստանը մերժելու պատճառներ ունի

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած ներքաղաքական ցնցումների, հակաիշխանական բազմամարդ ցույցերի ֆոնին ակտիվորեն քննարկվում է Բելառուսում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ի ուժերով զսպելու հարցը։

Օրերս «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին՝ եթե Բելառուս ՀԱՊԿ-ից օգնություն ուղարկելու համար քվեարկություն լինի, Հայաստանը դե՞մ, թե՞ կողմ կքվեարկի, ասել է, որ Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ:

Նա նշել է, որ նման հարց նախաձեռնելու համար հիմնական դերը կատարում է երկիրը, որ բարձրացնում է օգնության հարցը, բայց Բելառուսի կողմից նման հարց չի բարձրացվել։

Զոհրաբ Մնացականյանը նաև ասել է, որ Հայաստանը և Բելառուսը միասին աշխատում են բազմաբնույթ ձևաչափերով, ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ:

«Մասնավորապես, մենք մասնակցում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին: Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների միջև կա ամուր բարեկամություն: Սա արտահայտվում է մարդկային հարաբերություններում: Եվ, իհարկե, մենք անտարբեր չենք այն բանի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Բելառուսում»,- ասել է Մնացականյանը։

ԱԳ նախարարի կարծիքով՝ Բելառուսում ստեղծված իրավիճակի կարգավորման բանալին այդ երկրի ժողովրդի ձեռքում է։ Ըստ նրա՝ հետևելու են, թե ինչպես Բելառուսի ժողովուրդը կարող է լուծել այս խնդիրը: «Մենք մտադիր ենք շարունակել աշխատել Բելառուսի հետ բոլոր ոլորտներում՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ միջազգային ձևաչափերով»,- եզրափակել է Մնացականյանը։

ՀԱՊԿ-ի միջամտության թեման առավել ակտիվ սկսեց շրջանառվել Մոսկվայի քաղաքականության փոփոխությունից հետո։ Մոսկվան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բազմաթիվ դիմումներից հետո պատրաստակամություն հայտնեց աջակցել Լուկաշենկոյի իշխանությանը՝ Արևմուտքին մեղադրելով Բելառուսում բռնկված ներքաղաքական ցնցումների մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտնեց, որ Բելառուսին օգնելու համար Ռուսաստանում իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ է ստեղծել: «Ալեքսանդր Գրիգորևիչն ինձ խնդրել է Բելառուսին օգնելու համար իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ ստեղծել, ես դա արել եմ: Սակայն այդ ռեզերվը չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը Բելառուսում վերահսկելի է, և դրա անհրաժեշտությունը չկա»,- հայտարարել էր Պուտինը «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում։

Նշենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միշուստինը սեպտեմբերի 3-ին մեկնել էր Մինսկ: Դրան նախորդել էր սեպտեմբերի 2-ին Բելառուսի արտաքին գործերի նախարարի այցը Մոսկվա։ Հայտնի է նաև, որ այս օրերին Մոսկվա է մեկնելու Ալեքսանդր Լուկաշենկոն։

168am-ի հետ զրույցում բելառուս քաղաքական վերլուծաբան Վալեր Կարբալևիչը նախ անդրադարձավ Մոսկվայի պահվածքին՝ ասելով, որ Մոսկվան, ինչպես և ինքն էր ավելի վաղ ակնկալում, կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ տրամադրվելով աջակցել Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Ըստ նրա՝ սկզբում դա տեղեկատվական աջակցություն էր, իսկ հիմա տեղի է ունենում քաղաքական, դիվանագիտական, չի բացառվում՝ նաև ռազմական աջակցություն, ինչպես հենց ղեկավարներն են ասում։

«Ես բազմիցս եմ նշել, որ դա հնարավոր սցենար է, բայց լի է վտանգներով ռուս-բելառուսական հարաբերությունների համար, քանի որ այն հասարակությունը, որն այսօր փողոցում կանգնած բողոքում է իշխանության դեմ, թշնամաբար է տրամադրվելու Ռուսաստանի դեմ։ Բելառուսում այսօր ներքաղաքական պայքար է զարգանում, և արտաքին ցանկացած միջամտություն նոր թիրախներ է ավելացնելու պայքարող հասարակության մոտ, իշխանությունից բացի, ի վերջո, եղբայրական հարաբերությունները դնելով սպառնալիքի տակ, ինչպես Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների դեպքում։ Սա սպառնում է նաև ՀԱՊԿ-ին։ Այդ մասին առանձին կխոսեմ։ Մոսկվան դեռ բավարարվում է քաղաքական աջակցությամբ և դրա առկայության տպավորությունը թողնելով, առայժմ նպատակը՝ թե Լուկաշենկոյի, և թե Մոսկվայի, դրանով սահմանափակվում է, բայց կարող է լինել նաև ավելի լուրջ միջամտություն։ Կարծում եմ՝ ներկայումս ընթանում են լուրջ բանակցություններ Մոսկվայի և Մինսկի միջև, ու դեռ կանխատեսելի չէ, թե ինչ որոշումներ կկայացվեն, բայց ներկայումս, աջակցելով և պահպանելով ներկայիս պաշտոնում Լուկաշենկոյին, հետագայում իր մատուցած այդ ծառայության փոխհատուցումն է պահանջելու, իսկ Ռուսատսանի և Բելառուսի միջև խնդրահարույց թեմաները մինչ ընտրությունները քիչ չէին, որոնցից գլխավորը՝ միութենական պետություն ստեղծելու հարցը, գազային թեման և այլն»,- նման կերպ ուրվագծեց իրավիճակը վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Վալեր Կարբալևիչն ասաց, որ ՀԱՊԿ Կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ միացյալ ուժերը տվյալ երկրի դիմումի առկայության դեպքում կարող են ուղարկվել տվյալ երկիր արտաքին սպառնալիքի, սահմանների դեմ ագրեսիայի դեպքում։

«Երկար տարիներ քննարկվում էր ՀԱՊԿ ուժերը ներքաղաքական իրավիճակներում օգտագործելու հարցը, սակայն սա ամենավիճելի հարցերից մեկն է, և նման իրավասություն ՀԱՊԿ-ն չունի։ Ուստի նման հարց ՀԱՊԿ-ում բարձրացնելն արդեն իսկ կլինի սխալ, և անդամ երկրները հեշտությամբ կկարողանան մանևրել՝ հղում կատարելով Կանոնադրությանը, որում նման ընթացակարգ՝ ներքին իրավիճակին միջամտելու, սահմանված չէ։

Ավելին, ՀԱՊԿ-ում նույնիսկ արդեն իսկ գրված, ուժի մեջ գտնվող Կանոնադրությունը չի գործում, երբ չի բխում անդամ երկրների շահերից, իսկ բոլորի շահը ներքին իրավիճակին չմիջամտելն է, քանի որ դա հետագայում միջպետական խնդիրների պատճառ կարող է դառնալ»,- ասաց վերլուծաբանը։ Ամփոփելով իր խոսքը՝ նա նաև ակնարկեց, որ Հայաստանի դեպքում ՀԱՊԿ կանոնադրությունը խախտվել է Ռուսաստանի և Բելառուսի կողմից, քանի որ վերջինները սպառազինություն են վաճառել Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ հայաստանյան մամուլում վերջին տարիներին ակտիվորեն շրջանառվում էր Ադրբեջանին բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքի թեման։ 2017թ․ աշնանը ադրբեջանական և բելառուսական աղբյուրները գրում էին, որ Ադրբեջանը Բելառուսից փորձում է գնել վերոնշյալ համակարգերը, որպես հակակշիռ Հայաստանի՝ Ռուսաստանից ձեռք բերված «Իսկանդեր» համակարգերին։

2018թ․ սկզբին, սակայն, բելառուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում ասել էր, որ Բելառուսը ցանկանում էր «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին, սակայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իրենց դաշնակից Հայաստանը դեմ էր դրան: Նա հավելել էր, որ գործարքը չի կայացել, և բազմաթիվ հրապարակումներ կային այն մասին, որ Հայաստանին հաջողվել էր չեղարկել գործարքը։

Սակայն 2018 թվականին հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել էր նոր զորամասի բացմանը, և Պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներում երևում էին բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որով էլ հաստատվեց, որ, չնայած պաշտոնական Երևանի դիրքորոշման, այդ գործարքը կայացել էր։ Բացի սպառազինության գործարքներից, ՀԱՊԿ-ը մեծամասամբ որևէ դիրքորոշում չի հայտնել, երբ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի սահմանները։

Տեսանյութեր

Լրահոս