«Պետք է ռազմականացնել Հայաստանը. նախարարների առաջին տեղակալներ նշանակել զինվորականների». Գրիգոր Գրիգորյան

Օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման դրեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ որով նախատեսվում է ստեղծել աշխարհազոր։

Նշենք, որ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է։

168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հանրային քննարկման դրված նախագծի ստեղծման աշխատանքներին մասնակցած «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ աշխարհազորի ստեղծման գաղափարը նոր չէ, այն առկա էր մեր իրականության մեջ դեռևս 1990-ական թվականներից, երբ ստեղծվում էին կամավորական ջոկատներ։

«Աշխարհազորի ստեղծման գաղափարը շատ ճիշտ է Հայաստանի համար, որովհետև մենք շրջապատված ենք թշնամի պետություններով և պետք է կարողանանք մեր հույսն առաջին հերթին մեզ վրա դնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Գրիգորյանի՝ աշխարհազորի ստեղծմամբ աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ լինելու է համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ։

«Սակայն այդ պաշտոնյաները՝ քաղաքապետի կամ մարզպետի տեղակալը, նշանակվելու են պահեստազորի սպաներից, իսկ տվյալ տեղակալի առաջադրումն անելու է անմիջականորեն գլխավոր շտաբի պետը։ Նշանակվելու են այդ պաշտոններին այնպիսի մարդիկ, որոնք ունեն բարձրագույն ակադեմիական կրթություն, սահմանային ծառայության փորձառություն և զբաղեցրած լինեն հրամանատարական պաշտոններ։ Գաղափարը հետևյալն է՝ պետք է ռազմականացնել Հայաստանը. առաջարկ կա նաև, որ բոլոր նախարարների առաջին տեղակալները լինեն զինվորականներ»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով նախագծի առնչությամբ հնչող մեկ այլ մտահոգության, ըստ որի, չի բացառվում, որ աշխարհազորն օգտագործվի քաղաքական նպատակներով, քանի որ օրենքի նախագծով սահմանված է, որ աշխարհազորը մասնակցում է բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը, մասնակցում քաղաքացիական պաշտպանության գործընթացին, Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ այս հարցն ինքը բարձրացրել է նաև նախագծի քննարկման ժամանակ։

«Աշխարհազորն իրավունք չունի մասնակցելու որևէ քաղաքական գործընթացի։ Այս նախագծում պարզապես լրացուցիչ չեն գրել, որ աշխարհազորի գործողությունները պետք է կատարվեն միայն ու միայն պատերազմական իրավիճակում, խաղաղ պայմաններում աշխարհազորը որևէ բանի մեջ չի ներգավվելու. այո՛, մասնակցելու է զորավարժությունների, և այլն, բայց որևէ գործողության չի մասնակցի, եթե պատերազմ չէ։ Խաղաղ պայմաններում քաղաքական գործընթացների չի մասնակցելու, դա հստակեցված է. գիտեք՝ այն, ինչ նախագծով ներկայացված և հանրայնացված է, շատ քիչ մասն է այդ գաղափարի։ Շատ բաներ կան, որոնք չեն ներկայացվել, դետալացված են բազմաթիվ հարցեր՝ սկսած դպրոցներում ռազմագիտություն առարկա դասավանդող ուսուցչի վերապատրաստումից մինչև նախարարություններին առնչվող հարցեր»,- ասաց նա։

Պահեստազորի գնդապետի փոխանցմամբ՝ որոշ հարցեր կան, որոնք հատուկ չեն հրապարակվել, որովհետև այս փուլում նպատակահարմար չէր և կարող էր օգտագործվել այլ նպատակներով։

Գրիգորյանն անդադարձավ նաև աշխարհազորի համար նախատեսված տարիքային շեմին՝ 50-70 տարեկան, և նշեց, որ աշխարհազորայինների քանակի ավելացման հետ մեկտեղ՝ այդ տարիքային շեմը կիջեցվի։

Ինչ վերաբերում է պարտադիր զինվորական ծառյությունից խուսափած անձանց աշխարհազոր ընդգրկել-չընդգրկելուն՝ Գրիգորյանը նկատեց, որ նախագծի քննարկման ժամանակ եկել են այն եզրակցության, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք ևս պետք է ընդգրկվեն աշխարհազորի կազմում։

«Քննարկվել է նաև աղանդավորական կազմակերպությունների և ԼԳԲՏ համայնքների ներկայացուցիչներին աշխարհազոր անդամագրելու կամ չանդամագրելու հարցը։ Կարծում եմ՝ այդ խմբերին պետք է առհասարակ վռնդել Հայաստանից, և ցանկացած հրամանատար երբեք չի ցանկանա իր զորքում նման մարդ ունենալ. ավելի լավ է տվյալ հրամանատարը 10 զինվոր պակաս ունենա, քան ունենա մեկը՝ աղանդավորական կազմակերպություններից կամ այդ համայնքից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ նախագծում հստակ սահմանված չէ, որ աշխարհազորին կարող են անդամագրվել բացառապես ՀՀ քաղաքացիները, Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ պարտադիր չէ բացառապես ՀՀ քաղաքացի լինելու հանգանանքը, որովհետև կարող են մասնակցել նաև երկքաղաքացիները, սփյուռքահայերը, անգամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս