«Այս ծրագիրը միայն ողջունում եմ, եթե չքաղաքականացվի». Վովա Վարդանովը՝ աշխարհազոր ստեղծելու նախագծի մասին
168.am-ի զրուցակիցն է առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար, հետախույզ, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։
– Պարոն Վարդանով, Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել աշխարհազոր: Ի՞նչ կարծիք ունեք նախագծի վերաբերյալ։
– Ինչպես ցանկացած պաշտպանական համակարգի օգնող, օժանդակող ծրագիր, բնականաբար, մենք մի փոքր ուշացել ենք, այսինքն՝ 30 տարի։ Աշխարհազորի հետ կապված ծրագիրը բռունցքի մի մատն է, այն հարվածային բռունցքը, որը մենք պարտավոր ենք դառնալ, որպեսզի պատերազմի թեժ փուլը մտնելու վտանգը հեռացնենք մեր տներից ու առհասարակ ժամանակի մեջ։ Պետք է ունենալ պաշտպանական համակարգի հզոր կառույց, և այդ հզոր կառույցը պետք է ունենա տարբեր բաղկացուցիչ մասեր, որից մեկը աշխարհազորն է, բաղկացած այն մարդկանցից, որոնք զինվորական ծառայությանը, գոնե Պաշտպանության նախարարության կարծիքով, պիտանի չեն։
– Այդ դեպքում ի՞նչ պետք է անի Երկրապահ կամավորական միությունը։
– Չեմ կարծում, որ Երկրապահը խանգարող կառույց է, այն 2016 թվականի ապրիլին ցույց տվեց իր արագ մոբիլիզացվելու ունակությունը, արագ մարտի դաշտ դուրս գալու կարողությունները։ Վերջին հաշվով, թուրքերը դանդաղեցրեցին իրենց առաջխաղացումը հենց դրա պատճառով, որ մեծաթիվ ռեսուրս կուտակեց Պաշտպանության բանակը կենտրոնական հատվածում, ինչը հնարավորություն տվեց չթուլացնել հյուսիս-հարավը, և կենտրոնը մնաց կայուն ու ուժեղ։ Այս ամենի արդյունքում՝ թշնամու կուտակած բրոնետեխնիկան վրա չտվեց, այս ամենը Երկրապահի շնորհիվ էր։
Եթե օրերից մի օր այդ ստեղծված աշխարհազորն այն աստիճան պատրաստված լինի, որ Երկրապահի կարիքը չունենանք, ապա կարծում եմ, որ ԵԿՄ-ի գոնե տարեց հատվածը կարող է իսկապես գնալ հանգստի։ Սակայն երիտասարդ երկրապահը, որը քիչ թե շատ ծանոթ է ռազմական գործին, պատանի երկրապահը նույնպես, չեմ կարծում, որ կշեռքից կարելի է գցել ցանկացած օգնող մեկ հատված։
Կարծում եմ՝ մենք ինչ-որ տեղ նույնիսկ, եթե ոչ՝ հանցավոր, ապա որոշակի անլուրջ վերաբերմունք ենք ցուցաբերում մեր կանանց նկատմամբ, որ նրանց հնարավորություն չենք տալիս, որպեսզի օգտվեն այն իրավունքից, որը կոչվում է երկիր պաշտպանել։ Սա պետք է լինի պարտականություն և իրավունք ՀՀ ցանկացած քաղաքացու, այդ թվում՝ կանանց համար։
– Բայց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում աղջիկներ ուսանում են։
– Դա կամավոր սկզբունքով է, բայց ո՞վ է ասում, որ քաղաքացին պետք է իր պարտքը կատարի կամավորական սկզբունքով։ Հիմա մեզ պարտադրում են, չէ՞, որ այս դիմակները կրենք, բա ինչո՞ւ չեն պարտադրում, որ մենք անվտանգության հետ կապված մյուս հարցերը համատարած բոլորս լուծենք։ Համոզված եմ, օրերից մի օր կգանք դրան։ Նույնիսկ անհեթեթ ծրագրեր են փորձում, դեմոգրաֆիական խնդիրները լուծելու համար գոնե սա առաջ քաշեն, հնչեցնեն։ Թող ինձանից լավ մաչո չլինեն, ինքս Ներքին Շենգավիթում եմ մեծացել, ով չի հասկանում, թե դա ինչ թաղամաս է, կարող են հետաքրքրվել։ Նկատի ունեմ, որ ինքս շատ հեռու եմ առանց անհրաժեշտության ֆեմինիզմի պաշտպան դառնալուն։ Բայց հիմա ես դարձել եմ ֆեմինիզմի քարոզիչ: Էլ ի՞նչ իրավունք, եթե կինը չի օգտվում իր գլխավոր իրավունքից՝ լինել հայրենիքի պաշտպան։ Հիմա աշխարհազորի մեջ կանայք նորից կամավոր սկզբունքներով են ընդգրկվելու, սա շատ քիչ է՝ կինը պետք է ծանոթ լինի ռազմական գործին։
– Ամբողջությամբ ծանոթացե՞լ եք աշխարհազոր ստեղծելու վերաբերյալ նախագծին, կա՞ն դիտարկումներ, որոնց մասին կցանկանայիք բարձրաձայնել։
– Եթե խոսքը տարածքային գումարտակների մասին է, ապա դրա մասին ես խոսում եմ 2006 թվականից։ Միշտ ասել եմ, որ այն ԱԻՆ-ի, ոստիկանության հետ կապված՝ կարող է անհրաժեշտ լինի։ Այս ծրագիրը ես միայն ողջունում եմ, եթե չքաղաքականացվի, երբ պաշտպանության համակարգի հետ կապված ցանկացած ծրագիր քաղաքականացնում են, այն կիսով չափ թուլացնում է պաշտպանական համակարգը։ Կրկնում եմ՝ մեր բռունցքի մի մատը աշխարհազորն է, իսկ մյուս մատները՝ գործող բանակն է, դրան կից ակտիվ մոբիլիզացիոն ռեզերվը, կամավորականները։
– Վիգեն Սարգսյանի Պաշտպանության նախարար եղած ժամանակ շրջանառվեց ազգ-բանակ հայեցակարգ, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո կարծեք թե շրջանառությունից դուրս եկավ։ Այսօր մեզ անհրաժեշտ չէ՞ ունենալ ազգ-բանակ կոնցեպտ, գաղափարախոսություն։
– Գաղափարախոսությունը կարող է տարբեր լինել, որը տարբեր քաղաքական ուժերին դուր է գալիս, բայց որ մեր ազգը պետք է բանակ լինի, իսկ երկիրը՝ ամրոց, սա միայն էշը չի հասկանում։ Էշը, որ սիրում է՝ իրեն կերակրեն, զբոսաշրջիկները նստեն, ման գան, հետո նորից կերակրեն։ Այն մարդիկ, որոնք դեմ էին ազգ-բանակին, չգիտեմ, նրանք, հնարավո՞ր է՝ փողոցում առողջ քայլեն, իրենք հաստատ հոգեբանական ինչ-որ բուժումներ են ստանում։ Կարծում եմ՝ քաղաքական հայացքներից ելնելով՝ ազգ-բանակի դեմ խոսակցություններ եղան, դրա դեմ հայտաարություններ արվեցին։ Ըստ իս՝ Վիգեն Սարգսյանը վատ նախարար չէր, ես զարմացած էի, որ քաղաքացիական առաջին նախարարն ունենք, նա վատը չէր, նույնիսկ կարելի է դրական գնահատականներ տալ։ Սակայն նրա առաջ քաշած ազգ-բանակ գաղափարի մեջ գլխավոր թեզը, որը ժողովուրդը չնկատեց՝ դա ակտիվ ռեզերվն է։ Փիառ էր արվում, օրինակ, բարձրագույն կրթությանը զուգահեռ՝ սպայական կոչում ստանալու հնարավորությունը, և այլն, ինչը մեր պաշտպանական համակարգի աշխատող փոքր հատվածներն էին, որը ամբողջությամբ չէր կարող նկարագրել ազգ-բանակը։ Այդ ամենը կիսատ էր, ազգ-բանակ չէր։
– Հիմա ի՞նչն է խանգարում՝ այդ հայեցակարգն ամբողջացնել և կրկին դնել շրջանառության մեջ։
– Դե, ամբողջացնելու մի մասն աշխարհազորն է, դրա համար երբ նայում եմ այդ նախագծին, այն, իհարկե, խմորոտ է, սակայն ողջունելի է թեկուզ այն բանը, որ այսօրվա իշխանությունները, որոնք թվում է, թե «կպան» ազգ-բանակ կոնցեպտին, իրականում «կպան» իրենց քաղաքական հակառակորդներին՝ ՀՀԿ-ին։ Իրականում փորձում են ազգ-բանակ կոնցեպտին նոր շունչ տալ, թեկուզ ազգ-բանակի անունը չհնչեցնելով։ Այս հարցում իրենք ճիշտ ճանապարհին են, մնացած հարցերում հաստատ չէ, չգիտեմ, այնտեղ կրթություն կա, բան կա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ 168.am-ի տեսանյութում