«Գեղամ Վարդանյանի նկատմամբ ներքին հետաքննություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում». ՀՀ փոխվարչապետի գրասենյակ

Օգոստոսի 31-ին «Փաստինֆո»-ն տեղեկություն էր հրապարակել, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում. 2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։

Ըստ տեղեկությունների՝ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, քննության համար հիմք են հանդիսացել տվյալները, համաձայն որի՝ Գեղամ Վարդանյանն օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա։ Մասնավորապես, նոր պայմաններ են առաջ քաշել կապալառուների առջև, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար, և մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ։ Հոդվածում նաև նշվում էր, թե կա վարկած, որ հայկական կողմը միտումնավոր է անգործություն դրսևորում՝ հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար։

168.am-ը փորձեց կառավարությունից մեկնաբանություն ստանալ մամուլում շրջանառվող այս տեղեկության վերաբերյալ:

«Եթե իրավական որևէ պրոցես կա, ապա դա իրավական տիրույթում է»,- 168.am-ին ասաց կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:

Հենց օգոստոսի 31-ին մի քանի հարց ուղղել էինք նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, քանի որ նրա գրասենյակն է համակարգում ԵՏՀ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները: Խնդրել էինք պատասխանել մասնավորապես այս հարցերին.

1. Ի՞նչ տեղեկություն ունի ՀՀ կառավարությունը մամուլում առկա այն տեղեկության մասին, որ ԵՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը կասկածվում է ֆինանսական միջոցների վատնումներ կատարելու, տենդերի հայտարարման կանոնները խախտելու համար:

2. Ի՞նչ տեղեկություն ունի ՀՀ կառավարությունը Գեղամ Վարդանյանի նկատմամբ ԵՏՀ կոլեգիայի նախագահի հանձնարարությամբ իրականացված ներքին քննությունից:

3. Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ կառավարությունն այս հարցերում:

4. Մամուլը, հղում անելով ԵՏՀ-ի իր աղբյուրներին, նշում է, թե Գեղամ Վարդանյանի դրսևորած պաշտոնեական անգործության վերաբերյալ կա վարկած, որ հայկական կողմն է միտումնավոր անգործություն դրսևորում՝ հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար: Ո՞րն է կառավարության պատասխանը մամուլում տարածված մեղադրանքների առնչությամբ:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ «ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանի նկատմամբ ներքին հետաքննություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»:

«Համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանված ընթացակարգերի՝ որոշակի երկրին առնչվող նախարարների կամ պաշտոնատար անձանց նկատմամբ որևիցե ներքին հետաքննություն իրականացնելիս կոլեգիան ծանուցում է այդ երկրին նմանատիպ հետաքննություն իրականացնելու մտադրության վերաբերյալ: Նման ծանուցում առկա չէ:

Հայտնում ենք նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության շրջանակներում մենք նկատում ենք հանձնաժողովի՝ բոլոր ուղղություններով տարվող հետևողական և արդյունավետ աշխատանքը, որտեղ իրենց ակտիվ դերակատարությունն ունեն նաև Հայաստանի ներկայացուցիչները»,- նշված է պատասխան հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս