Սի Ցզինպինը Պուտինին խոստացել է պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները
Չինաստանը Ռուսաստանի հետ միասին պաշտպանելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները: Այդ մասին ասվում է շնորհավորական հեռագրում, որը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Վլադիմիր Պուտինին է ուղարկել պատերազմի ավարտվելու 75-ամյակի առթիվ:
Սի Ցզինպինը պատրաստակամություն է հայտնել «ռուսաստանցի իր պաշտոնակցի հետ միասին աշխատելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը վճռականորեն պաշտպանելու, ինչպես նաեւ միջազգային արդարության նկատմամբ ջանքերը միավորելու ուղղությամբ»:
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց տեսադասի ընթացքում հայտարարել է, որ կասկածներ չպետք է լինեն, թե ով է ագրեսորը եղել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում, եւ ով է «կոտրել նացիստական պատերազմի մեքենայի ողնաշարը»:
Պետության ղեկավարը Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ազատագրումը համարել է Կարմիր բանակի մեծ վաստակը: Նա նաեւ նշել է, որ կարելի է վիճել այն բանի շուրջ, թե ինչ է հաջորդել դրան, ինչ ռեժիմներ են ստեղծվել ազատագրված պետություններում եւ ինչպես է այդ ռեժիմներին վերաբերվել բնակչությունը:
1945 թվականի սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի ներկայացուցիչները «Միսսուրի» ամերիկյան ավիակիր նավում ստորագրել են կապիտուլյացիայի ակտ, ինչը նշանավորում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, որը տեւել է վեց տարի եւ առնվազն 55 միլիոն կյանք խլել: Փաստաթղթի տակ դրված են ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Նոր Զելանդիայի ներկայացուցիչների ստորագրությունները: Խորհրդային Միությունից արարողությանը ներկա է եղել գեներալ-լեյտենանտ Կուզմա Դերեւյանկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: