«Լավրովի խոսքերը ֆորմալ առումով կարող էին ուղղված լինել Նիկոլ Փաշինյանին, բայց կարծում եմ՝ դա, առաջին հերթին՝ ուղղված էր Թուրքիային». քաղաքագետ

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կարգավորմամբ: Այս մասին երեկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների ու դասախոսական կազմի առջև ելույթում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի, նաև՝ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին, որոնք ավելի են խորացրել լարվածությունը:

«Մեզ մոտ զգացողություն է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են այն հարցում, որ իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) կազմակերպում են տարածաշրջանում»,- հնչած հարցերից մեկին ի պատասխան՝ հայտնել էր Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ տեսակետներ են հնչում, թե անհրաժեշտ է հրաժարվել բոլոր փաստաթղթերից ու սկսել մաքուր էջից կամ գործարկել «պլան Բ»-ն, ինչը, ըստ նրա, մեծ սխալ է:

168.am քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց, թե ում էր ուղղված Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս անուղղակի քննադատությունը, հակամարտության ո՞ր կողմին:

Ի պատասխան՝ քաղաքագետը նախ կարևորեց Սեգեյ Լավրովի հայտարարության համար ժամանակահատվածի ընտրությունը, քանի որ, ըստ նրա, շատ դեպքերում կարևոր է ոչ միայն այն, ինչ ասվում է, այլ այն՝ երբ է դա ասվում. «Այսինքն՝ ժամանակի ընտրությունը գուցե ինչ-որ գործընթացի հետ է կապված, և դա պատասխան է ինչ-որ մի նախաձեռնության, ինչ-որ զարգացման:

Եթե այս տեսանկյունից նայենք, ապա՝ ի՞նչ է կատարվել. Տավուշում եղել է բախում Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այդ բախմանը, արդեն ռազմական առումով, մասնակցության ցուցադրություն է արել Թուրքիան: Ըստ էության, Նախիջևանում արդեն ռազմական բազա է հիմնել և նպատակ ունի Ադրբեջանում ստեղծել ռազմական բազա՝ կարևոր չէ՝ ֆորմա՞լ, թե՞ ոչ ֆորմալ: Բաքվում ցույց էր եղել, որտեղ մարդիկ խնդրում էին, որպեսզի ռազմախաղերին մասնակցելու համար եկած թուրքական զորքերը չլքեն Ադրբեջանը՝ այսպիսով լեգիտիմացնելով թուրքական զորքի ներկայությունն Ադրբեջանում:

Սա նշանակում է հետևյալը, որ Թուրքիան վիճարկում է Հարավային Կովկասը՝ որպես Ռուսաստանի ազդեցության տարածք, և ուղղակիորեն հայտ է ներկայացրել՝ Արցախի խնդրում գլխավոր խաղաղացողներից մեկը դառնալու համար: Եվ, ի տարբերություն Մինսկի խմբի երկրների, այդ խաղացողն ունի ռազմական ներկայություն, և ավելին՝ արդեն դարձել է Ալիևի իշխանության երաշխավորը, որովհետև Ադրբեջանում որոշակի զարգացումներ էին սկսվում, որոնք կանգնեցվեցին Թուրքիայի հայտարարություններով»:

Ըստ քաղաքագետի՝ այս զարգացումների համատեքստում պետք է դիտարկել ՌԴ ԱԳ նախարարի ելույթը, իսկ թե որ կողմին էր ուղղված այն՝ նա մանրամասնեց. «Առաջին հայացքից տպավորությունն այն է, որ սա Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների պատասխանն է, որ իր կետից է ամեն ինչ սկսում, որ ֆորմատի փոփոխություն պետք է լինի՝ Արցախը մասնակցի, ինչ-որ անհասկանալի լուծում պետք է լինի, որը բոլոր կողմերին պետք է բավարարի: Բայց Լավրովը հիմա է դրա մասին խոսում, և ոչ թե՝ այն պահին, երբ այդ խոսքերը հնչել են, այլ հիմա՝ տավուշյան դեպքերից հետո, երբ Թուրքիան հայտ է ներկայացրել՝ որպես հարց լուծող: Եվ եթե հիմա է պատասխանում, ըստ էության, ինքը պատասխանում է Թուրքիային և Ադրբեջանին»:

Քաղաքագետը մատնանշեց նաև այլ զարգացումներ, որոնք թույլ են տալիս նման ենթադրություններ անել՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների որոշակի բարդացում՝ Հայաստան զենքի մատակարարման հետ կապված, Թուրքիայից առաջին դեմքերի մակարդակով հնչող հայտարարություններ՝ Ադրբեջանի կողքին լինելու մասին:

«Չնայած ֆորմալ առումով՝ այն կարող էր ուղղված լինել Նիկոլ Փաշինյանին, բայց կարծում եմ՝ դա, առաջին հերթին՝ ուղղված էր Թուրքիային», -եզրափակեց Ստեփան Դանիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս