«Մարդիկ բարձր վարձով սովորելու պայմանագրերն արդեն ստորագրել են, բայց մի շարք ուժեր դեռ խոսում են վարձերից». Գեղամ Գևորգյան

«Վարձերի մասին քննարկումները մենք սկսել ենք անցած տարի հոկտեմբերից». այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով բուհի վարձավճարների 70-160 հազար դրամով բարձրացմանը և դրա շուրջ ծավալված քննադատություններին:

«Մարտի 12-ին Գիտական խորհրդի նիստում համարյա միաձայն, ընդամենը 2 ձեռնպահ է եղել, որոշվել են այս վարձաչափերը»,- ասաց Գևորգյանը:

Ռեկտորի ժ/պ-ն նշեց, որ, համավարակի տնտեսական հետևանքներով պայմանավորված, ինքն էլ մտավախություն ուներ, որ դիմորդները քիչ կլինեն, սակայն իր կասկածները փարատվել են, երբ տեսել է դիմորդների թիվը:

«Մայիսի վերջին, երբ համավարակի հետևանքով տնտեսական սահմանափակումները ամենախիստն էին դեռևս, շատ ու շատ տնտեսվարողներ կասեցրել էին գործունեությունը, այդ ժամանակ եղավ 4060 դիմում այդ վարձերով ընդունվելու: Ընդ որում՝ դիմումների կեսն ամենաբարձր վարձով մասնագիտությունների գծով էր: Հիմա, երբ կատարվել է ընդունելությունը, և մարդիկ ստորագրում են պայմանագրեր այդ վարձով սովորելու, մի շարք լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր, առանձին պատգամավորներ սկսում են խոսել վարձերի բարձր լինելու մասին, ես համաձայն եմ, որ շատերի համար դա բարձր է, բայց կա երկու կողմ, մի կողմը ծառայություն է մատուցում, մեկը ծառայություն է ստանում, ընդ որում, մեր առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն»,- ասաց Գևորգյանը:

Նախորդ տարվա հոկտեմբերից «շատ ջրեր են հոսել», այս տարի գարնանից Հայաստանում տարածվեց կորոնավիրուսը, որի պատճառով շատ մարդիկ հայտնվել են ֆինանսական ոչ այնքան լավ դրության մեջ, իսկ ուսանողներն էլ անցել են հեռավար կրթության: Լրագրողներից մեկը հարցրեց, թե Գևորգյանը չի կարծո՞ւմ, որ ստեղծված իրավիճակում բարոյական, մարդասիրական տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ բարձրացնել վարձը, հատկապես, որ ուսումնական գործընթացի արդյունավետությունը հարցականի տակ է:

«Կրթության արդյունավետությունը կամաց-կամաց հարցականի տակ չի լինի արդեն, որովհետև այն թերությունները, ինչ ունեինք նախորդ կիսամյակ, այս տարի շտկելու ենք: Բոլոր այն առարկաները, որոնք պահանջում են առկա շփում դասախոսի հետ, լինելու են առկա բոլոր կուրսերում: Ուսման վարձն այնպիսի բան է, որ չի կարելի ամեն օր փոխել, իջեցնել, բարձրացնել: Ինչ վարձով ուսանողն ընդունվեց, այդ վարձով ավարտում է: Այսինքն՝ այս նոր վարձերը վերաբերում են միայն առաջին կուրսեցիներին»,- ասաց Գևորգյանը:

ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին դուր չեկավ լրագրողի հարցի ձևակերպումը.

«Դուք այդ բառն օգտագործեցիք, խնդրում եմ, մյուսներդ չօգտագործեք, բարոյական խրատներ չտաք: Եկեք խոսենք օրենքից: Նշեք, թե ի՞նչն է էժանացել այս ընթացքում»:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ համալսարանը ևս մեծ կորուստներ է ունեցել, չի ստացել 180 մլն դրամ գումար, որը գոյացել է ուսման վարձերի պարտքերից, հանրակացարանների չստացված գումարներից, չի աշխատել ԵՊՀ-ի Ծաղկաձորի  ուսումնաարտադրական բազան, և այլն: ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն ասաց, որ վարձավճարների բարձրացումն ազդելու է նաև աշխատավարձերի ֆոնդի վրա:

«Դրա արդյունքում դասախոսների աշխատավարձը միջինում 10 %-ով կբարձրանա: Դեկտեմբերին կայացած Գիտական խորհրդի նիստում հայտարարել եմ, որ կավելանան դասախոսների և այն ստորաբաժանումների աշխատավարձերը, որոնք կկարողանան օպտիմալացման հաշվին տնտեսել փողեր, որոնք կտրամադրվի էլի էդ ստորաբաժանմանը: Այդպիսի ստորաբաժանումներ կան: Նաև բարձրանալու է դեկանների աշխատավարձը, մյուսների աշխատավարձերը չի բարձրանալու: Այդ 10 տոկոսով բարձրանալուն միայն վարձավճարների բարձրացումը չի հերիքում»,- ասաց Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս