Հայ աշակերտները կայք են ստեղծել՝ շփման խնդիր ունեցող երեխաների և նրանց ծնողների համար
Աշտարակի Ստարտափ ակումբի աշակերտների նոր գաղափարը նվիրված է աուտիզմ ունեցող երեխաներին, նրանց հետ աշխատող մասնագետներին և նրանց ծնողներին։ Ստարտափն առաջարկում է լուծումներ՝ աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու կատարել մի շարք հեշտ առաջադրանքներ և ավելի ինքնակազմակերպված դառնալ: Թիմի 5 անդամները, ովքեր 16-17 տարեկան են, ծանոթացել են Աշտարակի Ստարտափ ակումբում։
«Երկրորդ շրջանի ընթացքում անհրաժեշտ էր մի քանի հոգով հավաքվել մեկ գաղափարի շուրջ և ստարտափ հիմնել։ Թիմը ձևավորեցինք և սկսեցինք ուսումնասիրությունները։ Արդյունքում պարզեցինք, որ շփման հետ դժվարությունները լուրջ խնդիր են շատ մարդկանց համար»,- պատմում է թիմի անդամ Թերեզա Թումանյանը։
Թիմի մյուս անդամ Մերի Հովհաննիսյանը նշում է, որ քննարկումների արդյունքում ի վերջո ծագեց Bright-ի գաղափարը, կայք, որը շփման խնդիր ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներին տրամադրելու է անհրաժեշտ գործիքակազմ։
Այսպես էլ թիմը սահմանել է իր առաքելությունը. «Bright կայքի առաքելությունն է՝ բարելավել շփման խնդիր ունեցող երեխաների կյանքի որակը՝ նրանց հետ աշխատող մասնագետներին և ծնողներին տրամադրելով անհրաժեշտ գործիքակազմը»։
Աշխատանքների ընթացքում թիմի առաքելությանը միանալ է համաձայնել կլինիկական հոգեբան և փորձառու թերապիստ Անահիտ Հայկազունին։
«Խնդրի մասին ավելի մանրամասն տեղեկացա, երբ այցելեցի կրթական վերականգնողական կենտրոն։ Երեխաների մոտ չափից ավելի խուճապի և տագնապի զգացողություններ են առաջանում այլ մարդկանց հետ շփվելիս, և նրանք լիովին չեն ընդգրկվում հասարակության մեջ։ Մասնագետները նրանց հետ աշխատելիս օգտագործում են սոցիալական պատմություններ։ Վերջինս բավականին արդյունավետ մեթոդ է, այն երեխային վիզուալ կերպով նկարագրում է իրավիճակը և համապատասխան քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել։ Սոցիալական պատմությունները ներառում են մի քանի նկար և համապատասխան քանակով կոնկրետ տիպի կարճ նախադասություններ։ Մասնագետներն իրենց դասերի ընթացքում ընթերցում և բացատրում են այս իրավիճակները։
Խնդիրն այն է, որ այժմ սոցիալական պատմությունները ստեզծվում և օգտագործվում են թղթային տարբերակով, սակայն ամեն երեխայի անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել, բայց և այդքան սոցիալական պատմություն թղթի վրա պատկերելը դժվար է, երբեմն՝ անիրատեսական»,- պատմում է Թերեզան։
«Քանի որ սոցիալական պատմությունները թղթային տարբերակով են, իսկ յուրաքանչյուր երեխայի անհնարժեշտ է անհատական մոտեցում, առաջանում է խնդիր, որի լուծումն առաջարկում է Bright կայքը։ Կայքում ներկայացված են լինելու ամենատարածված սոցիալական պատմությունները նկարների, վիդեոների և կարճ նախադասությունների միջոցով, որոնք ներկայացնում են որևէ սոցիալական իրավիճակ` նշելով այն գործողությունները, որոնք երեխան պետք է իրականացնի»,- նշում է Մերին։
Կայքում մասնագետները կունենան տարածված սոցիալական պատմությունների նկար և վիդեո տարբերակները։ Մասնագետները հնարավորություն կունենան ստեղծել սոցիալական պատմություններ։
Կայքի վրա աշխատանքները սկսվելու են մասնագետների կողմից մշակված հատուկ մեթոդով, սոցիալական պատմությունները՝ նկարելով և նկարահանելով։
Կայքում մասնագետները նույն մեթոդով ստեղծելու են սոցիալական պատմություններ։
Թիմը մոտակա մի քանի ամիսներին մասնակցելու է Preezma ընկերության կողմից կազմակերպված ծրագրավորման դասընթացին, ինչպես նաև Beeline Startup Incubator-ի ինկուբացիոն ցիկլին։ «Այս հրաշալի հնարավորությունները ստացել ենք Ստարտափ ակումբի Դեմո օրվա արդյունքում՝ որպես մրցանակ։ Այս ընթացքում կաշխատենք ստարտափի և տեխնիկական, և բիզնես կոմպոնենտի վրա»,- նշում է Թերեզան։
Հետագայում, կայքի և կայքի բովանդակության աշխատանքների ավարտից հետո կթեստավորվեն վերականգնողական կենտրոններում, այնուհետև՝ կհանձնվեն օգտագործման։
Սիրարփի Աղաբաբյան