«Ցանկացած վտանգ պետք է նաև հիմնավորված լինի իրավական առումով». Անահիտ Մանասյան
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրավաբանական հանրույթի քննարկման տիրույթում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշումն է՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միացմամբ Գերագույն դատարան ստեղծելու և ընդհանուր իրավասության դատարաններին իրենց վարույթում քննվող գործերի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորություն տալու վերաբերյալ:
Իրավաբանական հանրույթը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որն այդ որոշումը կայացրել է 8 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, երկու մասի է բաժանվել: Որոշման կողմնակիցները պնդում են, թե հենց այս ճանապարհով է հնարավոր Հայաստանում ստեղծել հաջողված իրավական համակարգ: Հակառակ տեսակետի կողմնակից իրավաբաններն էլ պնդում են, թե ՀՀ-ում գործող իրավական համակարգի խնդիրները կարելի է լուծել առանց համակարգը ձևախեղելու:
«Գերագույն դատարանի ստեղծման հարցը բարձրաձայնվել է հանձնաժողովի առաջին նիստին և գործունեության այս կես տարվա ողջ ընթացքում եղել է ամենաթեժ քննարկման առարկան: Մենք որևիցե այլ հարցի շուրջ այդքան հաճախ չենք հանդիպել և քննարկում չենք ունեցել, ինչքան այս թեմայի շուրջ: Այո, եղել են բազմաթիվ հակափաստարկներ: Այո, և մեր կողմից ներկայացվել են փաստարկներ»,- «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Լևոն Գևորգյանը:
Լևոն Գևորգյանի խոսքով՝ թյուր է այն կարծիքը, թե ձևավորված հանձնաժողովի թիրախում ՍԴ-ն է ու նրան առնչվող հարցերը:
«Երբ խոսքը գնում է օրենքների սահմանադրականության քննության, հակասահմանադրականության ճանաչման, ինչպես նաև իրավունքի պաշտպանության հարցերի վերաբերյալ, այստեղ Սահմանադրական դատարանը բացառապես մեր քննադատության թիրախը չէ: Եվ կարծում եմ՝ այստեղ նաև որոշակի կա կանխավարկած, որ այս փոփոխությունը քայլ առ քայլ է գնում այն քաղաքական զարգացումներին, որոնք տեղի են ունենում երկրում: Իրականում այն որևիցե կապ չունի այդ գործընթացի հետ»,- նշեց Լևոն Գևորգյանը:
Հանձնաժողովի մեկ այլ անդամի, իրավաբան Արմեն Մազմանյանի մեկնաբանությամբ էլ՝ այս հայեցակարգով բարձրացնում են դատավորների կարգավիճակը, նրանց փորձում են տալ ավելի արժանապատիվ կարգավիճակ՝ վերացնելով, նրա բնորոշմամբ, առկա քամահրական մոտեցումը՝ «նրանք տգետ են, ո՞նց մենք կարող ենք նրանց վստահել սահմանադրական արդարադատություն իրականացնել»:
«Այսօր մենք ունենք դատական համակարգի զարգացման տեսլական, որտեղ ընդհանուր իրավասության դատարանը՝ իր կարգավիճակով դատավորը, շատ քիչ է տարբերվում քաղաքացիական ծառայողից: Նա օրենքի տառը կատարող պաշտոնյա է: Դա անկախության տեսակետից կաշկանդող երևույթ է: Քաղաքացիական ծառայողը չի կարող ազատ լինել, ազատ մտածել: Դա ուղղակի ինստիտուցիոնալ առումով հակացուցված է: Քաղաքացիական ծառայողը կատարում է քաղաքական որոշումներ: Դա կատարող մարմին է»,- ասաց Արմեն Մազմանյանը:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի խոսքով՝ ոչ ոք դատավորների արժանապատվության մասին չի խոսում: Ըստ Քոչարյանի՝ քննարկում են դատավորների մասնագիտացման հարցը, ու խոսքն այն մասին է, որ քրեական գործեր լսող դատավորը պետք է մասնագետ լինի քրեական իրավունքի և այդ ոլորտին վերաբերող միջազգային պարտավորությունների, իսկ սահմանադրական արդարադատության հարցը քննեն այդ ոլորտում խորը գիտելիքներ ունեցող մասնագետները:
«Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ընթացքում հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ սահմանադրագետ Անահիտ Մանասյանը նշեց, որ մեր իրավական համակարգում կան խնդիրներ, որ խնդիրների մի մասը ճիշտ են ախտորոշված, մի մասն էլ, ըստ նրա, վիճելի են զուտ ախտորոշվածության ձևաչափի տեսանկյունից:
«Դրանց լուծումներ կան, այո, գործող մոդելի պայմաններում, բայց ինձ համար հստակ չէ, թե արդյո՞ք այս խնդիրները լուծումներ ստանալու են նոր մոդելի պայմաններում: Քանի որ վտանգները և թերություններն էլ ամբողջականապես հաշվարկված չեն, ես կխուսափեմ ինձ վրա անձնական պատասխանատվություն վերցնել՝ ոչ թե վախենալու տեսանկյունից, այլ ռեալության տեսանկյունից, քանի որ ցանկացած վտանգ պետք է նաև հիմնավորված լինի իրավական առումով, և նաև ինքս էլ չեմ համարի, որպեսզի պետությունը իրավական անվտանգության տեսանկյունից գնա այս ուղիով»,- հավելեց Անահիտ Մանասյանը: