Բաժիններ՝

Դեռ քանդում են, հետո կմտածեն փոխհատուցման մասին. Սևանում Նկարիչների միության հանգստյան տան շուրջ հարցերը շատ են

Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը գործնական փուլում է. երեկ լրատվամիջոցների հետ զրույցում նշել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նա օրեր առաջ ֆեյսբուքյան էջում արդեն տեղեկացել էր, որ Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի ավելի քան 3000 շինություն:

«1905 նիշից ցածր գտնվող կառույցներն ապամոնտաժվելու են․ ափամերձ հատվածներից կհեռացվեն բոլոր ապօրինի կառույցները։ Ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որն այս պահին զբաղվում է չափագրման և գույքագրման հարցերով։ Աշխատանքները մոտ 1.5 ամսից կավարտվեն, ու դրանց կհաջորդեն իրավական գործընթացները։ Համատեղ ջանքերով վերականգնենք մեր ազգային հարստություն՝ Սևանա լճի էկոհամակարգը՝ #օրենքի ուժով, և այսուհետ երաշխավորենք դրա անխաթարությունը՝ բոլորիս պատասխանատու և սրտացավ վերաբերմունքի ներքո։ #Օրենքի_գերակայություն
#Պաշտպանված_շրջակա_միջավայր»,- նշել էր նախարարը՝ մաքսիմալիստական այս ձգտումների մեջ այդպես էլ չանդրադառնալով օրենքի գերակայության մյուս կողմին, թե ինչպես են վարվելու այն մարդկանց շինությունների հետ, ովքեր ունեն սեփականության իրավունք, կամ՝ արդյո՞ք սկսվելու է փոխհատուցման գործընթաց այն տարածքների ու շինությունների պարագայում, որոնք, օրինակ, նորից օրենքի ուժով հանձնվել են այս կամ այն կազմակերպությանը՝ մշտական տնօրինման կարգավիճակով:

Ի դեպ, իշխանական «Հայկական Ժամանակ» լրատվամիջոցի հետ զրույցում նախարար Ռ. Պետրոսյանն այլ փակագծեր էլ էր բացել:

«Հաղթողին, ըստ նախարարի՝ պետությունը կպատվիրի 32 համայնքային և պետական սեփականության շենք-շինությունների քանդման աշխատանքներ, որոնք գտնվում են թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր: Այդ շենք-շինությունների մեջ հիմնականում ներառված են պոմպակայաններ, ինչպես նաև Նկարիչների միության Սևանի հանգստյան տան մի մասնաշենքը: Պետրոսյանն ասաց, որ առնվազն 1.5-2 ամսից դրանց քանդման աշխատանքները պաշտոնապես կմեկնարկեն»,- տեղեկացրել էր լրատվամիջոցը։

Այս հայտարարությունը լայնորեն քննարկվեց հասարակական շրջանակներում, հատկապես՝ Նկարիչների միության Սևանի հանգստյան տան մասնաշենքին վերաբերող որոշման առնչությամբ:

168.amը նախարարության սույն որոշման առնչությամբ զրուցեց Նկարիչների Միության հանգստյան տան ղեկավար, գեղանկարիչ Վահագն Գալստյանի հետ, ով նշեց, որ ապամոնտաժման մասին ծանուցումն արդեն ստացել են.

«Ծանուցումը եղել է, ինչ-որ տիպային ընդհանուր ծանուցում»:

Հարցին՝ մինչ ծանուցումն արդյոք որևէ քննարկում եղե՞լ է պատկան մարմինների հետ, հատուցման գործընթաց սկսելու վերաբերյալ որևէ փոխհամաձայնություն եղե՞լ է, Վ. Գալստյանը պատասխանեց.

«Որևիցե քննարկում չի եղել՝ ո՛չ հատուցման մասին, ո՛չ պրոցեսի. մեզ համար բավականին անակնկալ էր: Մենք երեկ դեռ ծանուցման պատասխանն ենք ուղարկել»:

Դիտարկմանը, թե պատասխան՝ որ համաձա՞յն չեք որոշման հետ, նա արձագանքեց. «Ծանուցման մեջ, եթե չեմ սխալվում, նշված էր, որ մենք ունենք ապօրինի տարածք և ապօրինի շինություն. մենք պատասխանում նշել ենք, որ Նկարիչների միության պանսիոնատը որևիցե ապօրինի շինություն չունի և որևիցե ապօրինի տարածք չի օգտագործում, որովհետև շինությունները 70-ականներին են կառուցվել, հետևաբար՝ չեն կարող լինել ապօրինի:

Մենք ունենք փաստաթուղթ, որում նշված է՝ մեր հողատարածքը հատկացված է մեզ մշտական օգտագործման կարգավիճակով»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ դեռ հույս ունի, թե որևէ փոխհամաձայնություն կլինի, հակառակ պարագայում ստիպված կլինեն խնդրի մասին բարձրաձայնել:

Ռոմանոս Պետրոսյանի խոսնակ Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով կոնկրետ հարցազրույցում նախարարին վերագրվող մտքերին՝ պնդեց.

«Նախարար Պետրոսյանն իր հարցազրույցի ընթացքում որևէ անդրադարձ չի կատարել Սևանա լճում Հայաստանի Նկարիչների միության հանգստյան տանը կամ դրա որևէ մասնաշենքի կամ ողջ հանգստյան տան ապամոնտաժման խնդրին»:

Դիտարկմանը, թե հանգստյան տան տնօրենն էլ է հայտնել, որ ապամոնտաժման վերաբերյալ ծանուցում արդեն ստացել են՝ չնայած, որ ունեն փաստաթուղթ, որ այդ շենքն իրենց պատկանում է մշտական օգտագործման կարգավիճակով, նախարարի խոսնակը նկատեց, որ ծանոթ չէ այդ ծանուցմանը և փաստաթղթին, հետևաբար՝ մեկնաբանություն չի կարող տալ.

«Այս պահի դրությամբ կա 32 գույքագրված շենք-շինություն՝ պետական և համայնքային պատկանելության, որոնք ենթակա են ապամոնտաժման, որովհետև գտնվում են 1901.5 նիշից ցածր»:

Հարցին, թե դրան կհաջորդի 1905 մետր նիշից ցածր շինությունների՞ ապամոնտաժումը, Դավիթ Գրիգորյանը պատասխանեց. «Այո՛, այդ գույքագրման աշխատանքներն անդադար ընթանում են»:

Ի պատասխան հարցին էլ, թե հնարավո՞ր է՝ լինեն դեպքեր, որ նախարարությունը սկսի փոխհատուցման գործընթաց, նա արձագանքեց. «Այս պահին որևէ կերպ դա չեմ կարող մեկնաբանել՝ հաշվի առնելով այն, որ դա իրապես կապված է այս կամ այն շինության իրավական հիմք ունենալու-չունենալու հետ»:

Ի դեպ, նախարարի խոսնակը տեղեկացրեց, որ Սևանի առափնյա հատվածներում աշխատող խումբն աս պահին զբաղված է միչև 1901.5 նիշը գտնվող շենք-շինությունների գույքագրմամբ, իսկ որոնց գույքագրումն ավարտվել է, արդեն սկսվել են ապամոնտաժման աշխատանքները:

Որո՞նք են Ռոմանոս Պետրոսյանի խոսնակի նշած 32 շենք-շինությունները, և արդյո՞ք այդ ցանկում կա Նկարիչների միությանը պատկանող մասնաշենքը․ 168.am-ն այս հարցերը ճշտեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Խլոյանից:

Վերջինս տեղեկացրեց՝ Նկարիչների միության հանգստյան տունը նշվող 32 շենք-շինությունների ցանկում է, և հավելեց. «1901 նիշից ներքև է. ենթակա է ապամոնտաժման»:

Դիտարկմանը, թե հանգստյան տան ղեկավարը նշում է, որ իրենք դեռ 1970-ական թվականներից ունեն տարածքի մշտական օգտագործման փաստաթուղթ, և հարցադրմանը, թե այդ փաստաթուղթը հաշվի չի՞ առնվելու, նա արձագանքեց. «Հաշվի առնվել-չառնվելու խնդիրը չկա այստեղ. Սևանա լճի մակարդակը պետք է լինի 1903.5 մետր»:

Փոխհատուցման վերաբերյալ որևէ տեղեկություն չուներ նաև Արա Խլոյանը. «Այս պահին ես չունեմ նման տվյալներ, ես հիմա զուտ լճի մակարդակի տեխնիկական մասերի մասին եմ ասում:

Մենք ունենք 32 նմանատիպ շենքեր-շինություններ, որոնց համար արդեն տեխնիկական մրցույթներ են հայտարարվել»:

Մեր նկատառմանը, թե կապ չունի՞, որ մի կողմից՝ դա կատարվելու է նաև օրենքի խախտումով, քանի որ կոնկրետ այդ շենքն իրենց է պատկանում, ապօրինի տարածք չէ, ««Սևան» ազգային պարկի» տնօրենը պատասխանեց.

«Ջուրը, որ բարձրանում է՝ ուզում է՝ լինի օրինական կամ անօրինական, մենք հիմա տեխնիկական մասի մասին ենք խոսում»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ նման հարցադրումներին ինքն իրավասու չէ պատասխանել:

Արա Խլոյանից փորձեցինք ճշտել նաև, թե ապամոնտաժման ենթակա շենքերի մեջ կա՞ն հայտնի «սեփականատերերի», պաշտոնյաների շինություններ, որոնց մասին տեղեկություններ էր հայտնել «Հայկական Ժամանակ» լրատվամիջոցը, նա նշեց.

«Ինձ չի հետաքրքրում անունը կամ ազգանունը, ինձ նիշ կա տրված, ես կատարում եմ իմ աշխատանքը»:

Այսպիսով՝ աշխատանքը սկսվել է, նախարարը գործնական քայլերի մասին է խոսում, իսկ իրավական լուծումների մասին դեռ պարզաբանումներ չկան, մինչդեռ լուծումներին սպասողներ կան:

Նկարիչ Հենրի Գարուկյանի որդին՝ գրաֆիկ-դիզայներ Մուշեղ Գարուկյանը, մեկն էր նրանցից, ում զայրացրել է նախարարության որոշումը կոնկրետ այդ շենքի առնչությամբ: Ըստ նրա՝ առանց լուծումների՝ նման քայլերն անընդունելի են: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ պանսիոնատում եղել է դեռ 1978 թվականին, երբ 4 տարեկան էր. «Դա տան նման մի բան էր մեզ համար»:

Հարցին, թե ինչպիսի՞ լուծումներ պետք է լինեն, նա պատասխանեց. «Ես դեռ հինգ տարի առաջ այդ հարցի շուրջ մտածել եմ, երբ տեսա, որ Սևանի մակարդակը բարձրանում է: Իմ կարծիքով՝ շենքը պետք է քանդել և մի քիչ ավելի հետ կառուցել նորը, որովհետև այդ վայրը շատ մեծ մշակույթ է, դա ուտել-խմելու տեղ չէ: Ճիշտ է, ես պայքարում եմ նախևառաջ Սևանի համար, բայց նաև պայքարում եմ այդ կուլտուրայի համար: Առանց լուծման՝ չի կարելի վերացնել մի ամբողջ մշակույթ: Այդտեղ այնպիսի նկարիչներ են եղել՝ սկսած Էդվարդ Իսաբեկյանից, ու դեռ գնում են. դա մարդկանց սրտերում նստած բան է, չի կարելի այդպես վերացնել»:

Հիշեցնենք՝ դարձյալ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում նախարար Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով հնարավոր փոխհատուցումների մասին հարցին, նկատել էր. «Չեմ կարող այս պահին այդ մասին խոսել, քանի որ դեռևս գույքագրման և ուսումնասիրության փուլում ենք»:

Նկատենք, սակայն, 32 շենք-շինություններ արդեն գույքագրված են, այդ թվում՝ Նկարիչների միության հանգստյան տան մասնաշենքը, իսկ փոխհատուցման կամ որևէ այլ կարգավորման մասին՝ ոչ մի խոսք:

Ի՞նչ է ստացվում՝ մինչև քանդելու «հեղափոխական» որոշման գալը, նախարարությունը չի՞ մտածել դրան հաջորդող համապատասխան կարգավորումների մասին, թե՞ նախարարությունը լուծումներ սկսելու է փնտրել՝ ըստ աղմուկի ուժգնության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս