«Վրաստանը ՌԴ քաղաքացիներին թույլ է տալիս մեկնել ՌԴ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ». քաղաքացի
Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Լուսինե Ղուկասյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր Բագրատաշենի անցակետից, որտեղ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ սպասում են ՌԴ մեկնել ցանկացող մարդկանց մի մասը, ավտոբուսներ են մեկնել Ռուսաստան:
«Այսօր դուրս է եկել 2 ավտոբուս, որին թույլտվություն է տվել Վրաստանի դեսպանատունը: Վրաստանն ասում է՝ միայն ՌԴ քաղաքացիների համար է, ասում եմ՝ ինչի՞ համար, մեզ հետ կան նաև Հայաստանի քաղաքացիներ, որ այնտեղ ունեն բիզնես, երեխաներ, Վրաստանը թույլ չի տալիս, օդային տրանսպորտով չեն կարողանում գնալ: Վրաստանի դեսպանատնից մեզ ասել են՝ կազմեք ցուցակ, ուղարկեք դեսպանատուն, ասում են՝ չենք կարող ասել՝ կլինի 10 օրի՞ց, թե՞ 20 օրից, ձեր ֆինանսներով ավտոբուս վարձեք, գնացեք: Ինձ դիմում են ՀՀ քաղաքացիներ, որոնք ունեն ժամանակավոր կացություն ՌԴ-ում, բայց Վրաստանը թույլ չի տալիս Հայաստանի քաղաքացիներին: Թե ինչո՞ւ Վրաստանն այսպես պատասխանեց, թե սա «պալետիչեսկի» բաներ են, չգիտեմ ինչ է»,- ասաց Ղուկասյանը:
Նա նշեց, որ ինքն էլ Ռուսաստանի քաղաքացի է և մյուս ավտոբուսով ինքն էլ է գնալու, սակայն եկել է Կառավարության առջև Հայաստանի քաղաքացիների համար:
«Ի՞նչ տարբերություն, եթե 36 ժամով տրանզիտ են տալիս, թող Հայաստանի քաղաքացիների համար էլ բացեն, էլի փակեն: Բելառուսով էլ են գնացել, հետ են ուղարկել»,- ասաց նա:
Լուսինե Ղուկասյանը նշեց, որ օդային ճանապարհով մեկնելու տոմսերի գներն էլ թանկանում են:
«140 հազար է տոմսի գինը, մարդիկ գնում են առնելու, դառնում է 180 հազար: Մարդիկ կան, որ ամեն գնով գնում են, բայց մարդ կա՝ գումար չունի, վեց ամիս մնացել են այստեղ, ծախսվել է»:
Կառավարությունից պահանջում էին, որ համագործակցեն Վրաստանի և Ռուսաստանի հետ այս խնդիրների կարգավորման համար:
«Մենք մեր տվյալները պետք է ուղարկենք դեսպանի պոչտային, թույլտվություն տա, խնդրում ենք, որ մեր վարչապետը համագործակցի, մեզ շուտ թողնեն, ոչ թե մի ամիս հետո, մի ամսից էլ ո՞ւր գնա, երեխան դպրոց պետք է գնա, մի քանի օր մնաց սեպտեմբերին»,- ասաց Ղուկասյանը: