«Չեն կարող ակնկալել, որ ես տեղի կտամ իմ հասցեին հնչեցված սպառնալիքներին». Ալեքսանդր Ազարյան

Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նպատակադրվել են վեր հանել «Մարտի 1»-ի գործով անարդար դատավճիռներ կայացրած դատավորների անունները և նրանց պատասխանատվության կանչելու իրավական գործընթաց սկսել:

Առնվազն 35 դատավորների կայացրած ակտերն են ուսումնասիրվելու ըստ էության, սակայն էպիկենտրոնում կարծես թե Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն է, «որը 2018-ին Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է, Մարտի 1-ով ամենաակտիվ դատավորներից է: Որպես նախագահող դատավոր՝ լսել է Արամ Բարեղամյանի, Ֆելիքս Գևորգյանի, Արմեն Խուրշուդյանի, Արա Հովհաննիսյանի գործերը»:

Այս առնչությամբ 168.am-ը զրուցեց դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ:

– Պարոն Ազարյան, տեղյա՞կ եք, որ Ձեզ մեղադրում են անարդար դատավճիռներ կայացնելու մեջ ու պատրաստվում են Ձեզ պատասխանատվության կանչելու իրավական գործընթաց սկսել:

– Ովքե՞ր:

– Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը և Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

– Արմեն Խաչատրյանն ու Արման Բաբաջանյանը չէ, որ պետք է որոշեն դատավճռի արդար կամ անարդար լինելը: Հատկապես Արմեն Խաչատրյանի անունը՝ որպես իրավաբանի, ինձ ոչինչ չի ասում, իսկ Արման Բաբաջանյանն ընդհանրապես իրավաբան չէ: Չնայած մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ դատարանի դատական ակտի օրինականության մասին հրապարակային կարող են արտահայտվել նույնիսկ իրավաբանության հետ աղերս չունեցող անձինք։ Նման սիրողական մակարդակի կարծիք իրենք թող արտահայտեն իրենց նեղ շրջապատում, այլ ոչ թե հրապարակայնորեն: Ի դեպ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նույնպես ՀԱԿ անդամ է, եթե չեմ սխալվում, ու ես կուզենայի նրա կարծիքը լսել. նույն Արամ Բարեղամյանի կամ Ֆելիքս Գևորգյանի գործով նման ապացույցների առկայության պայմաններում արդյո՞ք ինքը՝ որպես դատախազ, կհաստատեր մեղադրական եզրակացությունը և գործը կուղարկեր դատարան, թե՞ ոչ: Այ թող Արմեն Խաչատրյանը կամ Արման Բաբաջանյանն իրենց համար հեղինակավոր այդ իրավաբանին հարցնեն, թե նա ի՞նչ կաներ նման պարագայում:

– Անդրադարձ կա Արամ Բարեղամյանի գործին: Այսօր է՞լ Դուք նույն դատական ակտը կկայացնեիք այդ գործով:

– Նշված անձին ես եմ դատապարտել, այո, որպես Առաջին ատյանի դատարանի դատավոր: Եվ այո, նույն դատավճիռը կկայացնեի:

– Նա ասում է, որ պատրաստ չէ Ձեզ ներել:

– Շատ կներեք, իսկ Արամ Բարեղամյանն ո՞վ է, որ ինձ ների: Արամ Բարեղամյանը չէ, ով ուզում է՝ լինի, եթե նման ապացույցներով գործ հենց այս պահին լինի ինձ մոտ, ես նույն մեղադրական դատավճիռը կկայացնեմ:

– Ձեզ համար հասկանալի՞ է այս գործընթացի տրամաբանությունը:

– Բոլոր գիտակից անձանց համար պարզ է, թե այս ամենն ինչի՞ համար է արվում և որտեղի՞ց է գալիս:

– Անդրադառնանք Արամ Բարեղամյանի գործին: Այդ գործը կարծես թե մինչև Վճռաբեկ հասել է, ինչո՞ւ եք հենց Դուք հայտնվել նշված անձանց հետաքրքրությունների տիրույթում:

– Դուք ճիշտ նկատեցիք, խոսում են միայն իմ մասին՝ որպես Առաջին ատյանի դատարանի դատավորի, բայց չգիտես ինչու, մոռանում են նույն քննիչին, ով մեղադրանք է առաջադրել, մոռանում են դատախազներին, որոնք մեղադրական եզրակացություն են հաստատել, գործը դատարան ուղարկել: Մոռանում են Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների դատավորներին, ովքեր իմ դատավճիռը թողել են անփոփոխ, և այն օրինական ուժի մեջ է մտել, և միայն իմ անունն է հոլովվում: Բնականաբար, նորից կրկնեմ, գիտակից մարդկանց համար պարզ է՝ ի՞նչն է սրա նպատակը:

– Ձեզ մեղադրում են, որ Դուք Արամ Բարեղամյանին դատապարտել եք 6 տարվա ազատազրկման մեկ մարդու՝ տուժող ոստիկան Գարեգին Քամալյանի ցուցմունքով:

– Արամ Բարեղամյանի մեղադրական դատավճռի հիմքում դրվել է ոչ միայն տուժողի մեկ ցուցմունք: Նախ ասեմ, որ տուժող ոստիկանը շարքային ոստիկան չէ, այդ ժամանակվա՝ մարտի 1-ի դրությամբ՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն էր, կոչումը, որքան հիշում եմ, գնդապետ կամ փոխգնդապետ: Նա ծանր մարմնական վնասվածք էր ստացել, և առաջին հերթին, երբ նրան հարցաքննել են, նա նկարագրել է իրեն մարմնական վնասվածք պատճառողին: Բացի դրանից, կա անձին լուսանկարով ճանաչելու մասին գործողություն, երբ տուժողին ի ցույց է դրվում 4 լուսանկար, և նա այդ չորս լուսանկարներում պատկերված անձանցից եթե ինչ-որ մեկի ճանաչում է, ասում է՝ ինչի կապակցությամբ է ճանաչում: Այդ գործողության ժամանակ տուժող Քամալյանը ճանաչել է Արամ Բարեղամյանին ու հայտնել, որ նա այն անձն է, ով իրեն մարմնական վնասվածք է պատճառել: Երրորդ ապացույցի մասին նշեմ: Կա անձին ճնաչման ներկայացնելու գործընթաց, երբ արդեն ոչ թե լուսանկարով, այլ սենյակ են մտնում 4 անձինք, և քննիչը տուժողին առաջարկում է հայտնել՝ ո՞ւմ է ճանաչում և ի՞նչ կապակցությամբ: Այդ գործողության ժամանակ նունպես Քամալյանը ճանաչել է Արամ Բարեղամյանին և հայտնել, որ նա այն անձն է, ով մարտի 1-ին իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել: Գարեգին Քամալյանը դրանից հետո էլ է ցուցմունքներ տվել, իր ցուցմունքները պնդել է դատարանում, Արամ Բարեղամյանի հետ դեմ առ դեմ: Նման պայմաններում, ինձ հետաքրքիր է, ո՞ր դատավորը մեղադրական դատավճիռ չէր կայացնի:

Նշվում է, որ 2018 թվականին նույն Գարեգին Քամալյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է ու ասել, որ չի պնդում իր ցուցմունքը:

– Շատ զավեշտալի է: Այսինքն՝ 10 տարի անց Քամայանի հիշողությունն արթնանում է փաստորեն, որովհետև ստացվում է, որ դեպքին հաջորդող օրերին նա ավելի վատ էր հիշում՝ ինչ է կատարվել, քան 10 տարի հետո: Սա աբսուրդի ժանրից է:

– Արամ Բարեղամյանն ասում է, որ «Անմիջապես ցուցմունք գրելուց հետո նրան տարան Էջմիածնի ՄՌՈՒ-ի պետ»: Խոսքը Գարեգին Քամալյանի մասին է:

– Ես չգիտեմ՝ դա իրականությանը համապատասխանո՞ւմ է թե՞ ոչ, սակայն պետք է նշեմ, որ այդ գործով անցնում են նաև երկու շարքային ոստիկաններ, որոնք շատ մոտ են կանգնած եղել ու տեսել են իրենց ղեկավարին՝ Քամալյանին՝ գետնին ընկած, ամբողջովին արյունոտ: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե, այսպես ասած, «սարքել են», Քամալյանին ստիպել են, որ նա Արա Բարեղամյանի դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տա, ուրեմն ի՞նչ է ստացվում, որ փոխգնդապետին կամ գնդապետին կարողանում են ստիպել, սակայն երկու շարքային ոստիկաններին չե՞ն կարողանում ստիպել, որ ասեին՝ մենք էլ ենք տեսել, թե ինչպես է Արամ Բարեղամյանը հարվածում Քամալյանին: Չեն տեսել, դրա համար չեն ասել: Նրանք Քամալյանին տեսել են արդեն հարվածը ստանալուց հետո։ Այսինքն՝ կա փաստ, որ Քամալյանը ծանր մարմնական վնասվածք է ստացել: Ասել է, որ իրեն Բարեղամյանն է հարվածել, վկա երկու ոստիկաններն ասել են, որ չեն տեսել հարվածի պահը: Սա ևս վկայում է այն մասին, որ Քամալյանի ցուցմունքն արժանահավատ է, որովհետև եթե ստիպել են, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող ոստիկանը կեղծ ցուցմունք տա, շատ հանգիստ կարող էին պարտադրել, որպեսզի այդ ցուցմունքն ամրապնդվեր շաքային երկու ոստիկանների ցուցմունքներով:

– Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞ւ է Քամալյանը 10 տարի անց նման բան հայտարարել:

– Ես չգիտեմ, տուժող Քամալյանը հիմա աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, բայց իմ խորին համոզմամբ՝ նրա հիշողության «փայլատակումը» վկայում է միայն մի բանի մասին․ նրան կամ պաշտոն են խոստացել նման հայտարարություն անելու համար, ասելու, որ չի պնդում նախկինում տված ցուցմունքը, կամ էլ նա Մարտի 1-ի գործով ինչ-որ մեղքեր ունի, և իրեն խոստացել են ներել դրանք նման հայտարարություն տալու դիմաց:

– Ֆելիքս Գևորգյանի գործի մասին էլ է նշված: Նրա հայրն ասում է, թե «Ֆելիքսին թույլ չէին տալիս փաստաբան ունենալ: Նաև ստիպում էին, որ նա համաձայնի արագացված դատերի: Երբ որ իրեն բերեցին դատարան, դատավոր Ազարյանն անձամբ մտավ նրա պահման վայր և սկսեց ահաբեկել տղայիս, ասելով՝ եթե հրաժարվես արագացված դատից, տես, թե քո գլխին ինչ կսարքեմ»: Եղե՞լ է նման բան:

– Իրենց երևակայությունն այդքա՞ն է բավականացրել փաստորեն: Այդ գործերով՝ Ամերիկյան դեսպանությունից սկսած, վերջացրած միջազգային կառույցներով, անընդհատ դիտորդներ էին գալիս դատարան և շփվում ամբաստանյալների հարազատների հետ: Բա այն ժամանակ ինչո՞ւ նրանց որևէ մեկը չի ասել, որ դատավոր Ազարյանը նման բան է պարտադրում: Այսքան պրիմիտիվ մտածելակերպ ու ֆանտազիա, ես չգիտեմ, թե էլ ում է բնորոշ: Ի դեպ, Ֆելիքս Գևորգյանի գործով ամբաստանյալները երկուսն էին, ու երբեք չեմ մոռանա նրանց հրճվանքն ու ուրախությունը, երբ ես նրանց դատապարտեցի մի պատժի, որը դատախազի միջնորդած պատժից 5-6 տարի պակաս էր: Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել:

– Չե՞ք վախենում:

– Ինչի՞ց…Ոմանց թվում է, թե Ալեքսանդր Ազարյանը խեղճացել է, ու նրան պատասխանատվության ենթակելու հարցեր բարձրացնելով, վեթինգով սպառնալով՝ կարող են թուլացնել: Նրանք պատկերացում չունեն իմ մասին: Չեն կարող իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնել ու ակնկալել, որ ես տեղի կտամ այդ սպառնալիքներին:

Տեսանյութեր

Լրահոս