Երևանում շենքի պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 41-ամյա տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Երեկ ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից պայթյուն էր տեղի ունեցել: Փրկարարները շենքի բնակիչներին տարհանել էին, իսկ 3 քաղաքացիների փլատակների տակից էին դուրս բերել: Երրորդ քաղաքացուն փրկարարները մահացած էին գտել, իսկ մյուս երկու քաղաքացիներն այս պահին գտնվում են հիվանդանոցում:
168.am–ի հարցին ի պատասխան՝ Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին տեղեկացրեց.
«Նրանց վիճակը շարունակում է նույնը մնալ, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուսը՝ կայուն: Վերջինը գիտակցությամբ է տեղափոխվել, բայց խնդիրներ կան, ոչ այսօր, բայց կարծում եմ՝ հնարավոր է՝ վիրահատվի»,- ասաց Դանիելյանը:
Հիշեցնենք, որ երկու տուժած քաղաքացիները, որոնք հոսպիտալացվել էին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ 71-ամյա Սվետլանա Ս․-ն և 41-ամյա Էդգար Մարգարյանը: Հենց վերջինի բնակարանում էլ տեղի էր ունեցել պայթյունը:
Հիշեցնենք նաև, որ երեկ առավոտյան դեպքի վայրում էին եղել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ տուժած քաղաքացիներին ժամանակավոր կացարաններ կտրամադրվեն: Ավելի ուշ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ քաղաքացիները կտեղափոխվեն Երևանում գտնվող բարձրակարգ հյուրանոց։