«Գանձասար-Կապանի» կոլումբիացի կիսապաշտպանը միացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին
«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:
Ֆուտբոլիստն այս թեմայի շուրջ առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.
«Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում և միշտ սպասել եմ այս պահին: Հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անչափ ուրախ և շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար:
Եթե ընդգրկվեմ Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել: Ես դա կանեմ իմ ընտանիքի և իմ Հայաստանի համար, երկրի, որն ինձ համար դարձել է երկրորդ տուն:
Մենք բոլորս տեղյակ ենք Խոակին Կապառոսի՝ Իսպանիայում ունեցած հաջողությունների և մարզչական հիանալի որակների մասին: Մենք շատ բան ունենք սովորելու նրանից: Վստահ եմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ կստացվի»:
Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին՝ Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Խաղային կարիերայի կազմում հասցրել է հանդես գալ հետևյալ ակումբներում․«Բոյակա Պատրիոտաս» (Կոլումբիա) – 2008, «Բոգոտա ՖԱ» (Կոլումբիա)–2009-2011, «Ատլետիկո Հուիլյա» (Կոլումբիա)–2011, «Ալիանցա Պետրոլերա» (Կոլումբիա) – 2012-2013, «Մուրսիելագոս» (Մեքսիկա) – 2014-2015, «Գանձասար-Կապան»–2015: