
2020թ. փետրվարից մինչ օրս ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պարգևավճարները կազմել են շուրջ 409 միլիոն դրամ՝ շուրջ 847.000 դոլար

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020թ. մարտ ամսին երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, որը մի քանի անգամ երկարաձգվեց և, չնայած որոշ մեղմացումներին՝ այսօր էլ շարունակում է մնալ ուժի մեջ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 17-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով:
Հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, հատկապես՝ սոցցանցերում: Մարդիկ քննադատում էին համավարակի այդ ծանր պահին «հեղափոխական» պաշտոնյաներին շարունակաբար տրվող պարգևավճարները:
168.am-ը օգոստոսի 14-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ ճշտելու, թե 2020 թվականի փետրվարից մինչ մեր հարցումն ուղարկելու օրը որքա՞ն պարգևավճար է հատկացվել ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին՝ առանձին-առանձին: Որքա՞ն գումար և ո՞ր ամիսների պարգևավճարներն են փոխանցվել կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար բացված գանձապետական հաշվեհամարին:
ԱԺ-ից ստացած գրավոր պատասխանում մասնավորապես նշված է.
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ 2020 թվականի փետրվարից մինչ օրս պարգևատրումների ընդհանուր գումարի չափը կազմել է 326.626.896 ՀՀ դրամ (որից փետրվար և հուլիս ամիսների պարգևավճարները սահմանված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով):
ՀՀ ԱԺ պատգամավորների՝ 2020 թվականի փետրվարից մինչ օրս պարգևատրումների ընդհանուր գումարի չափը կազմել է 82.244.830 դրամ, որից 26.935.515 ՀՀ դրամը՝ մարտ ամսվա պարգևավճարը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ և պատգամավորների համաձայնությամբ, փոխանցվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին:
Նշենք նաև, որ ՀՀ Ազգային ժողովն իրեն տարեկան բյուջետային կտրվածքով հատկացված միջոցներից 500 մլն ՀՀ դրամ վերադարձրել է պետական բյուջե:
Ֆինանսական միջոցները ներառել են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ՀՀ ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ»,- ասված է պատասխան նամակում:
Հարց էինք ուղղել նաև, թե քանի՞ պատգամավոր է հրաժարվել գումարը փոխանցել գանձապետական հաշվեհամարին՝ խնդրելով նշել պատգամավորների անունները և չփոխանցելու հիմնավորումները:
ԱԺ-ից պատասխանել էին. «ՀՀ ԱԺ պատգամավորների՝ COVID-19-ի կանխարգելման համար ստեղծված գանձապետական հաշվեհամարին հավելավճարները փոխանցելուց հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու Ձեր հարցումը կարող եք ուղղել ՀՀ ԱԺ պատգամավորներին, քանի որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին տեղեկատվությունը կարող է տրամադրել միայն տվյալ անձի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում: Հավելենք նաև, որ 2019 թվականից մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից»: