«Միակ հատվածը, որտեղ կորցրել ենք՝ հետ չենք բերել՝ հարավն է․ 112-րդ մարտական դիրքից մինչև 118-րդ մարտական դիրքի մատույցները»․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, «Ապրիլյան պատերազմ 2016» կայքի համակարգող Էդգար Էլբակյանը գիտի, թե ինչ քանակի դիրքային կորուստներ է հայկական կողմն ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում:

«Երկրորդեմ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը, այսինքն՝ առանց թիվ հնչեցնելու՝ ասեմ, որ դա 20 չէ, 20-ից քիչ է: Ավելին, եղել են դիրքեր, որոնք ինչ-որ ժամաքանակ մնացել են թշնամու վերահսկողության տակ, հետո ետ են վերցվել: Ամենահայտնին, օրինակ՝ Մարտակերտի պաշտպանական շրջանում  նախկին 116-րդ մարտական դիրքն է, որը մեզ հայտնի է Արմենակ Ուրֆանյան, Քյարամ Սլոյան, Անդրանիկ Զոհրաբյան, Ռոբերտ Աբաջյան զինծառայակիցների դիմադրությամբ: Դիրքը շուրջ 40 րոպե մնացել է թշնամու վերահսկողության տակ, ապա հետ է վերցվել: Հիմա ես չգիտեմ՝ միգուցե իրենց այդ դիրքը հաշվել են կորուսյալ դիրք՝ զուտ այդ 40 րոպեի պատճառով: Հյուսիսում, այսինքն՝ թալիշյան հատվածում մի մասը կորսվել է, երբ հարևան դիրքն ընկել է, հարևան դիրքից դուրս է եկել ընդհանուր անձնակազմը, հետո, երբ ընդհանուր հակագրոհ է եղել՝ վերագրավել ենք ամբողջ գիծը, նորից հետ ենք բերել: Միգուցե նրանք սա էլ են հաշվել՝ որպես կորուսյալ դիրք: 20 չի կարող լինել: Միակ հատվածը, որտեղ ինչ կորցրել ենք՝ հետ չենք բերել՝ հարավն է՝ 9-րդ պաշտպանական շրջանը՝ 112-րդ մարտական դիրքից մինչև 118-րդ մարտական դիրքի մատույցները. կարելի է հաշվել, թե 12-18 քանի դիրք է լինում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ շահարկումները քաղաքական նպատակ ունեն. «Եթե միակողմանիորեն թմբկահարում, թիվ են ասում, առանց ներկայացնելու նաև հակադիր կողմը, որպես հետազոտող՝ շատ լուրջ հիմքեր ունեմ կարծելու, որ այստեղ կա քաղաքական շահարկման աստառ»:

Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը 2 տասնյակից ավելից դիրք է կորցրել: Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ սխալ թիվ է հնչել: Սերժ Սարգսյանի կարծիքով՝ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովն իր ամբողջական աշխատանքը չի ավարտել: Սերժ Սարգսյանի ասուլիսից հետո Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հաստատել էր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած թիվը՝ նշելով, որ հայկական կողմը կորցրել է 20-ից ավելի դիրքեր, որոնց մի մասը ռազմավարական նշանակություն ունեին:

Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմի և տավուշյան մարտերի համեմատություններին, քաղաքագետը նշեց, որ դրանք ընդհանրապես համեմատելի չեն. «Գործողությունների աշխարհագրությունն է ամբողջովին տարբեր: Այնտեղ հարյուրավոր կիլոմետրեր են, իսկ Տավուշում՝ մոտ մեկ կիլոմետր, կրակի խտությունն է ուրիշ, կողմերի նպատակներն են ուրիշ, էլի մի բան կա, որ տարբերվում է, չեմ ուզում ասել, բայց դա էլ է ուրիշ, արդյունքներն են տարբեր: Այստեղ համեմատության ընդամենը 2 եզր կարող է լինել՝ մեկը՝ քաղաքական շահարկման իմաստով, ինչը և արվում է, երկրորդը՝ տեղեկատվական»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 1994թ. ի վեր ապրիլյան դեպքերը ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին. կարո՞ղ ենք դրան ավելացնել նաև տավուշյան մարտերը, թե՞ ոչ, նա այսպես պատասխանեց. «Ոչ, չենք կարող: Տավուշյանից շատ ավելի մեծ մասշտաբ և կարևորություն ունեցող դեպքեր են եղել: Շատ դժվար էր Չինարի գյուղ մտնել 2000-ականներին, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահ, հետո Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ: Այնտեղ ահռելի աշխատանք է տարվել՝ հենց միայն այդ հատվածում, դեռ Նախիջևանի և մյուս հատվածների մասին չեմ խոսում»:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն շահարկումներին, թե Ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի կուտակումներ են եղել, Էդգար Էլբակյանն ասաց, որ այդ կուտակումները հիմա էլ կան. «Այդ կուտակումները կային 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին, երբ Սասուն Միքայելյանն ասում էր՝ ոչ մի կուտակում չկա: Եկեք՝ փաստերով խոսենք: 2018թ. Նախիջևանում հակառակորդը ունեցել է դիրքային բարելավում. որակական կշիռ ու կարևորություն ունեցող տարածքի մասին է խոսքը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս