«Բավականին բարդ որոշում է մեզ համար լինելու». Լուսինե Բադալյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի հետ հանդիպումից հետո

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ հանդիպում է անցկացրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։ Նրա թեկնածությունն առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը։ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնի համար ևս քննադատության տեղիք էր տվել։ Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը փոխանցեց իր տպավորությունները:

«Ընդհանուր առմամբ, տպավորությունները նորմալ էին, դրական, ինչպես և բոլոր թեկնածուների հետ, որ ժամանակի ընթացքում առիթ ունեցել ենք հանդիպելու: Բայց շատ դժվար կլինի հիմա ակնարկել, որպեսզի հասարակությունը կամ թեկուզ լրագրողները պատկերացում կազմեն՝ ինչպես է լինելու քվեարկությունը, որովհետև քվեարկությունը գաղտնի, փակ քվեարկություն է:

Հարցերը, նույնիսկ հարցերը շատ ժամանակ չեն արտահայտում մեր դիրքորոշումը, որովհետև մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումները բոլոր թեկնածուների, անկախ մեր վերաբերմունքից, շատ սուր են լինում: Հիմնականում սուր հարցեր են լինում, որովհետև հենց էդ սուր հարցերն են, որոնք մեզ տալիս են հնարավորություն կողմնորոշվելու՝ ինչպե՞ս է կարողանում թեկնածուն իրեն դրսևորել սուր հարցերի ժամանակ, ինչպե՞ս է կարողանում պատասխանել, խուսանավո՞ւմ է արդյոք պատասխաններից, թե՞ պատրաստ է անկեղծ երկխոսության մեջ մտնել: Եվ կարծում եմ, որ այս հանդիպումը մյուս հանդիպումներից էականորեն չէր տարբերվում, և հարցերն էլ, ինչպես միշտ, սուր էին, պատասխանները՝ բավարար, բավարար»,- ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումից հետո ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Լրագրողների հետ զրույցում պատգամավոր Լուսինե Բադալյանն ասաց, թե Խունդկարյանին ուղղել են նաև աղմկահարույց հարցեր՝ մասնավորապես, կապված վերջինի քննած գործերի հետ:

Երբ հայտնի դարձավ, որ դատավորների ընդհանուր ժողովը հենց Երվանդ Խունդկարյանին է ընտրել՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու, մամուլը սկսեց գրել, որ Խունդկարյանը ցանկանում է հայտնվել ՍԴ-ում ու ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը: Ըստ Լուսինե Բադալյանի՝ Երվանդ Խունդկարյանի՝ հետագայում ՍԴ նախագահի լիազորությունները ստանձնելու վերաբերյալ հարց ևս հնչել է, այն էլ՝ մի քանի անգամ:

«Ամեն դեպքում ցույց չտվեց այդ հավակնությունները, նույնիսկ, եթե կային, և ես դա շատ դրական եմ գնահատում, որովհետև բոլորն էլ կարող են իրենց հոգու խորքում ցանկանալ լինել ՍԴ նախագահ: Բայց ի վերջո ՍԴ դատավորները պիտի ընտրեն իրենց նախագահին, և սա հիմնականում լինում է շատ անկանխատեսելի:

Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները մեզ համար նախագահի պոտենցիալ թեկնածու են, անկախ նրանից՝ մե՞նք ենք ընտրել, թե՞ արդեն նախկինում ընտրված և շարունակում են պաշտոնավարել, դատավորները, նրանք էլ են պոտենցիալ թեկնածու»,- ասաց Լուսինե Բադալյանը:

Լրագրողները պատգամավորից նաև հետաքրքրվեցին, թե ըստ ստացած պատասխանների՝ կարո՞ղ են ասել՝ արդյո՞ք կան էական տարբերություններ թեկնածուի և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների դիրքորոշումներում:

«Պարոն Խունդկարյանն իրավաբանին հատուկ, շատ հատուկ զգուշավորությամբ էր պատասխանում հարցերին, և ես բացասական առումով նկատի չունեմ, որովհետև կարծում եմ, որ բոլոր իրավաբանները, համենայն դեպս, լավ իրավաբանները, միշտ չափազանց կշռադատված են իրենց խոսքում, և էնտեղ էմոցիոնալ որևիցե բան չի լինում: Եվ պարոն Խունդկարյանը դրա յուրահատուկ օրինակն էր: Սա չեզոք կարծիք եմ ասում, ո՛չ դրական, ո՛չ բացասական երանգներ սրա մեջ մի փնտրեք:

Դրա համար ասել, թե եղել են ինչ-որ մոտեցումներում շատ, էսպես, խիստ տարբերություններ, ես դրանք չեմ նկատել: Հիմնականում նորմալ, միջին, չափավորված խոսք, բայց միևնույն ժամանակ՝ աշխատանքը և քայլերն են ապացուցում հիմնականում մարդու դիրքորոշումը, որովհետև բոլորս էլ ինչ ասես կարող ենք խոսել, ասել, ներկայացնել, բայց գործի մեջ հնարավոր է, որ այդ ամենը չկարողանանք իրագործել:

Այս առումով էլ բավականին բարդ որոշում է մեզ համար լինելու: Նույնիսկ էն մարդիկ, որոնք գալիս են և այնքան են խոսում, որ հենց քո հոգու լարերի վրա կարծես թե նվագեն, էնպես են խոսում, իրականում հետո ցույց է տալիս, որ պրակտիկայում դա այնքան էլ կիրառելի չի եղել կամ այդքան էլ հաջողված չի եղել կոնկրետ գործողություններում»,- ասաց պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս