«Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչքան վտանգավոր իրավիճակի մեջ ենք». Երվանդ Բոզոյան
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ քաղաքական մակարդակով ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև կապ չկա:
«Վերջին տավուշյան դեպքերի ժամանակ, հիշում եք, թե ինչ ինտենսիվությամբ էին կապված Էրդողանն ու Ալիևը, Հայաստանում այդ կապը հիմնականում արտգործնախարարների և Գլխավոր շտաբի (ԳՇ) ղեկավարների մակարդակով էր: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչքան վտանգավոր իրավիճակի մեջ ենք: Նույնիսկ Ալիևը, որ անընդհատ կապի մեջ էր Էրդողանի հետ, մեկ-մեկ կապվում էր նաև Պուտինի հետ: Փաստացի ստացվում է՝ Էրդողանի, Ալիևի և Պուտինի միջև կապ կա, իսկ մենք, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, կապը հիմնականում ԳՇ ղեկավարների և արտգործնախարարների միջև է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ անորոշ է, թե Հայաստանն ինչ բովանդակային քաղաքականություն է տանում.
«Միայն ուղենիշներով հայտարարել և թախտի վրա նստել, որ՝ ես այսպիսի քաղաքականություն եմ իրականացնում, դա քաղաքականություն չէ, դա քաղաքականության իրական բացակայություն է»:
Անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա, նա ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Բելառուսում.
«Եթե Բելառուսում խաղաղ ճանապարհով հանգուցալուծում լինի, կարող ենք ավելի հանգիստ լինել: Այդ խաղաղ ճանապարհով հանգուցալուծումը կարող է էական փոփոխություններ առաջացնել Ռուսաստանի և Բելառուսի մեջ, կարող է Բելառուսը կամաց-կամաց հրաժարվել ՀԱՊԿ-ից, եթե այնտեղ իշխանության գա արևմտամետ ուժ: Եթե այնտեղ գա ռուսամետ ուժ, ոչինչ չի փոխվի: Բայց կարող են ավելի վտանգավոր պրոցեսներ գնալ, օրինակ՝ գնան ուկրաինական մայդանի ճանապարհով, որովհետև Լուկաշենկոն իրեն շատ կոշտ է պահում, չի ցանկանում զիջումների գնալ, արդյունքում՝ Արևմուտքը նրա դեմ մարտիմեկյան գործընթաց կկիրառի, որպեսզի կարողանա ազատվել Լուկաշենկոյից: Եթե այդպիսի ճանապարհով գնա Բելառուսը, ապա այնտեղ կարող է առաջանալ ընդգծված հակառուսական իշխանություն, որը կկտրի իր հարաբերությունները թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի մակարդակով Ռուսաստանի հետ, Ռուսաստանի ամբողջ պաշտպանության համակարգը պետք է փոխվի և, բնականաբար, այդ համակարգը չի կարող ազդեցություն չունենալ նաև մեր տարածաշրջանի վրա: Այդ իմաստով՝ մենք նույնպես պետք է պատրաստ լինենք»:
Հաջորդ սցենարը, որը նա այս պահին քիչ հավանական է համարում, այն է, որ, եթե Բելառուսի պրոցեսները մի օր պայթեն Մոսկվայում, այնտեղ սկսվեն նույն գործընթացները, ինչ այսօր կատարվում է Բելառուսում, ապա, ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի կենտրոնական իշխանությունները կարող են կտրուկ թուլանալ.
«Իսկ Ռուսաստանի կենտրոնական իշխանության թուլացումն ուղղակիորեն կսպառնա ՀՀ անվտանգությանը մեր տարածաշրջանում, որովհետև Թուրքիան այսօրվա դրությամբ ուղղակի սպասում է այն պահին, որ Ռուսաստանի ազդեցությունը թուլանա, և ինքը լուծի մեր հարցը, սա է խնդիրը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում