«Այդ տղաներն արժանի են ամենաբարձր պարգևների. սա ո՛չ Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումն է, ո՛չ երկրի նախագահի, ո՛չ էլ կառավարության, սա մեր հայկական բանակի ձեռքբերումն է». Գրիգոր Գրիգորյան

Երեկ պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ուղղված միջնորդություն է ստորագրել` տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:

Վարչապետի այս որոշման առնչությամբ տարբեր կարծիքներ հնչեցին. ոմանք ակնարկեցին՝ բոլոր զինվորներն արժանի են, բայց պետական պարգևն արժեզրկվում է այս քանակի պարգևատրման արդյունքում, և, որ գոյություն ունեն «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և «Արիության» մեդալներ, և մի քանիսին կարող էին սրանցով պարգևատրել:

168.am-ի հետ զրույցում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ «Մարտական խաչ» շքանշանով 71 հոգու պարգևատրումն առաջին հայացքից հարցեր է առաջացնում, բայց երբ ուսումնասիրում ես համապատասխան անձնակազմի կատարածը, հանգում ես հետևյալ եզրակացության՝ պարգևատրման այս որոշումը ճիշտ է:

– Առաջին հայացքից ինձ մոտ էլ նման ռեակցիա եղավ, բայց երբ ուսումնասիրում ես, թե ոնց է իրականացվում պրոցեսը, երբ շատերին ճանաչում ես, երբ գործողությունների բնույթն ուսումնասիրում ես, համոզվում ես, որ դա ճիշտ է: Այն անձնակազմը, որն առաջին իսկ օրից նստել է համապատասխան դիրքում, պահել է, պահպանել այդ դիրքը. մի կողմից՝ կառուցել է, մի կողմից՝ պաշտպանել է, երբ այդ օրերին մեկ տասնյակից ավելի գրոհ և դիվերսիոն գործողություններ են հետ մղել, այո, այդ տղաները բոլորն անխտիր, արժանի են ամենաբարձր պարգևների՝ կլինի «Մարտական խաչ» թե նույնիսկ Ազգային հերոսի կոչում:

Կրկնում եմ՝ այն տղաները, որոնք այդ մի քանի օրն այդտեղ իրենց առջև դրված խնդիրը լուծել են հերոսաբար, այո, արժանի են հերոսացման, պարգևատրման: Երևի սա են հաշվի առել, որ պարգևատրվողների նման մեծ քանակ ունենք: Երկրի ղեկավարությունը գնահատել է բանակի առաջարկները: Մյուս կողմից՝ արդյո՞ք պարգևատրման կարգը նախկինում ճիշտ էր կազմակերպված, երբ շատ մարդիկ պիտի պարգևատրվեին բարձր պարգևներով և չպարգևատրվեցին, կամ ավելի ցածր պարգևներ ստացան: Գուցե նախկինները սանդղակ էին դրել և կարծում էին, որ դա բավարար է: Բայց այս համատեքստում ուզում եմ մի կարևոր բան ասել՝ տպավորություն է բոլորի մոտ, որ այս պարգևները գործող կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի գովազդի մեթոդ է, բայց սա ո՛չ Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումն է, ո՛չ երկրի նախագահի, ո՛չ էլ, առավելևս, այսօրվա կառավարության, ԱԺ-ի, որտեղ մարդիկ կան, որոնք ընդհանրապես գաղափար չունեն բանակից, զինվորական կառույցից:

Դա իրենցից որևէ մեկի ձեռքբերումը չէ: Սա մեր հայկական բանակի ձեռքբերումն է, մեր բանակն այսօր շատ առողջ կորիզ ունի. պաշտպանության նախարարից սկսած՝ մինչև կորպուսի հրամանատարներ: Իրականում այսօր մենք շատ առողջ կորիզ ունենք, ռեալ մտածող ղեկավարություն բանակի կազմում, որոնք պատրաստ են պաշտպանել մեր երկիրը ցանկացած ագրեսիայից:

Վերադառնալով պարգևատրման թեմային, հերոսությունն այնպիսի բան է, որ պահի ազդեցության տակ կարող է հերոսություն գործես, ինչպես եղավ 2016-ի ապրիլին Աբաջյանի դեպքում: Նա պահի թելադրանքով կամ ազդեցությամբ հերոսացավ, հերոսական քայլ իրականացրեց: Հերոսի կոչում կարելի էր տալ կապիտան Արմենակ Ուրֆանյանին, որն իր կատարածով արժանի էր հերոսի կոչմանը:

Այսօրվա կապիտանին՝ Ռուբեն Սանամյանին, որին Ազգային հերոսի կոչման են ներկայացրել, իրականում հերոսները շատ ակտիվ երևացող դեմքեր չեն լինում: Եվ ճանաչելով տվյալ կապիտանին, իմանալով նրա կատարած աշխատանքները, որոնք մեկնաբանելու ենթակա չեն, և պետք չէ, որ շատերն այդ մասին իմանան, թե ինչ գործողություն է իրականացրել, կասեմ միայն, որ ինքը լոկ հուլիսյան գործողությունների ժամանակ չէ, որ հերոսություններ է արել, այլ տարիներ շարունակ նա մի քանի հերոսական գործողություններ է իրականացրել և՛ մարտական դիրքում, և՛ հակառակորդի դիրքում: 2012-ին Սերժ Սարգսյանն այն ժամանակ սերժանտ-պայմանագրային Ռուբեն Սանամյանին պարգևատրել է
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հիմա էլ հերթական հերոսության համար արժանացել է Ազգային հերոսի կոչման:

Մենք ինչո՞ւ ենք մտածում, որ միայն հետմահու հերոսներ պիտի ունենանք, կամ՝ միայն գեներալը, կարկառուն դեմքը պիտի Ազգային հերոսի կոչման արժանանա: Կան իրական հերոսներ, որոնք մինչ այսօր չէին արժանացել այս կոչմանը, և հիմա բանակի ղեկավարությունը գնացել է դրան: Տավուշյան վերջին գործողությունները գուցե ծավալով այդքան մեծ չէին, բայց իր կատարած գործոնը կարևոր խնդիր է լուծել: Եվ եթե համեմատություն անենք ապրիլյան գործողությունների հետ՝ հակառակորդին պատճառած վնասների առումով, ապա հուլիսյան գործողությունների ընթացքում ինչ-որ առումներով Ադրբեջանն ավելի շատ կորուստ է ունեցել: Ճիշտ է՝ ծավալները մեծ են եղել, մեր կորուստները՝ շատ, բայց ինչ-որ առումով Ադրբեջանն այստեղ ավելի մեծ պարտություն է կրել՝ դիրքային և բարձրաստիճան զինվորականների կորուստների առումով, չհաշված նյութականը:

Հույս ունեմ, որ ամեն ինչ այսպես էլ շարունակվելու է: Իսկ հերոսները միշտ թող ըստ արժանվույն գնահատվեն՝ լինի շարքային, սպա, թե պայմանագրային: Թող յուրաքանչյուրն իր կատարած հերոսության համար արժանի գնահատական ստանա: Այս պարգևատրումներում ես տեսնում եմ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ձեռագիրը, ես բախտ եմ ունեցել երկար տարիներ ծառայել իր հետ, այո, իր ձեռագիրն է: Ինքը միշտ փորձել է իր ենթականերին ըստ արժանվույն գնահատել՝ որքանով կարողացել է: Գուցե մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, որ սա PR է, գուցե այս կառավարությունը վերցնի իր վրա, իրեն վերագրի, որ տեսեք՝ մեր ժամանակով, մեր ստեղծած բանակը…

Այս բանակն իրենց ստեղծածը չի, այս բանակը միշտ էլ հաղթել է, առաջին անգամ չէ, որ ապացուցում է իր հաղթող լինելը, և դեռ շատ անգամներ է ապացուցելու, որ ինքն այս երկրի անվտանգության խորհրդանիշն է, պահապանը: Եվ մենք պետք է փայփայենք մեր բանակը և միշտ լինենք նրա կողքին: Մեր բանակն իր տեղում է, հաղթող է, ղեկավարությունը ևս բոլորն իրենց տեղում են և գործի գիտակը: Չմոռանանք Նոյեմբերյանի հատվածում Գրիշա Խաչատուրովի օպերացիան, որի համար էլի լիքը մարդու կարելի էր հերոսացնել, և չի արվել: Երրորդ բանակային կորպուսը միշտ էլ արժանի է եղել, որովհետև միշտ պատրաստ են եղել ցանկացած գնով առավելություն և անվտանգություն ապահովել:

– Ասում եք, որ բանակի այսօրվա կորիզն առողջ է, բայց այդ մարդիկ՝ Օնիկ Գասպարյան, Գրիգորի Խաչատուրով, Դավիթ Տոնոյան և այլն, այս մարդկանց գործող իշխանություններն իրենց հետ չեն բերել, նրանք նախկին իշխանությունների օրոք են անցել իրենց փայլուն զինվորական, ռազմական ճանապարհը և հասել այսօրվա պաշտոններին, դարձել գեներալներ:

– Այո, սա իշխանության հետ կապ չունի: Այս իշխանությունը ոչ մի ներդրում էլ չունի այս բանակում: Բանակն իր կյանքով ապրում է, միակ տարբերությունն այն է, որ, եթե բանակի ղեկավարությունը, օրինակ, 50 հոգու է ուզում պարգևատրված տեսնել, գործող իշխանությունները չեն առարկում, ի տարբերություն նախկինների: Միակ բանը, որով կարող են հպարտանալ՝ տեսեք, մենք չարհամարհեցինք բանակի որոշումները: Բայց եթե բանակը գործողություն է կատարել և արդյունքի հասել…

– ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ «հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից»:

– Բարելավումներ եղել են, այո, մյուս կողմից, այն, ինչ այսօր կա, նախկին իշխանությունների ժամանակ կնքած պայմանագրերի արդյունքում է եղել, որ պիտի ունենայինք: Ինչ վերաբերում է հուլիսյան գործողություններին, ի՞նչն է Փաշինյանը ղեկավարել: Եթե նայենք իրականությանը, հիմա քաղաքական հայտարարություն պիտի անեմ, որը չեմ ուզում, բայց նախքան դեպքերն օրը 12 անգամ երկրի վարչապետը «լայվ» էր մտնում, ամբողջ Ֆեյսբուքը ողողված էր իրենց գրառումներով, հենց դեպքերը սկսեցին, առաջին երկու օրը ոչ մեկի ձայնը չէր լսվում, բայց երբ դեպքերը դրական արդյունքներ տվեցին, երբ համոզվեցին բոլորը, որ հաղթողի դերում ենք, բոլորը միանգամից «ջրի երես» դուրս եկան և սկսեցին «դոշ ծեծել», թե՝ մենք, մեր բանակը… Ոչ, ոչ մի անգամ քաղաքական ղեկավարությունը չի ղեկավարել բանակի գործողությունները:

Բանակը միշտ իր տեղում է եղել՝ և՛ Վազգեն Սարգսյանի ժամանակ, և՛ Միքայել Հարությունյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Սեյրան Օհանյանի, եթե սկզբից գանք: Ի դեպ, Սերժ Սարգսյանը պաշտպանության լավագույն նախարարներից մեկն է եղել, իր ժամանակով բանակում լուրջ բարեփոխումներ են իրականացվել: Ինչի՞ ենք մարդու վրա միայն ուզում ցեխ շպրտել, լավ բաներ ունի մարդն արած, չէ՞:

Սեյրան Օհանյանը ևս քիչ ներդրում չունի բանակում: Բանակի ստեղծման օրվանից դրական բաներ են արվել, այդ ամենը կատարելագործվել է, զարգացել, բանակի այսօրվա ղեկավարությունը 20-30 տարի առաջ շարքային կարգավիճակում էր և թրծվելով՝ եկել-հասել է այսօրվան: Օնիկ Գասպարյանը շարքայինից հասել է ԳՇ պետի պաշտոնի, որին հարգում են և սիրում:

Եվ չեմ մտածում, որ երբևիցե իրեն կարող է չսիրեն: Իմ ծառայության ընթացքում չեմ տեսել, որ ինքը կոնկրետ մեկին հրաման տա, իր հանգիստ արտահայտված խոսքը որպես հրաման են ընդունել, և բոլորի համար պատիվ է եղել Օնիկ Գասպարյանի ասածը կատարելը, թեկուզ՝ կյանքի գնով: Եվ դրանով է հզոր 3-րդ բանակային կորպուսը, քանի որ այդ ամենն ինքն է ներդրել, չնայած չեմ ուզում անտեսել նախկին հրամանատարներին, որոնց ժամանակ ևս հաջողություններ ենք ունեցել: Այո, պիտի զարգանա բանակը, վաղվա սերունդը կարող է էլ ավելի լավը լինել: Մենք հպարտ կլինենք, եթե վաղվա սերունդը մեզանից լավը լինի, քանի որ կնշանակի, որ մեր պետության անվտանգությունն առավել երաշխավորված է:

Տեսանյութեր

Լրահոս