«Եթե նախկինում շատ լուրջ չէի վերաբերվում, հիմա մտածում եմ՝ գուցե այդ մարդիկ ճի՞շտ են, գուցե կա՞ քողարկված օրակարգ, որ մեր ազգային շահերին հակասում է». Ռուբեն Մելիքյան
«Ես էլ այդտեղ չեմ տեսնում տրամաբանություն: Նաև սրճարաններում, ինչքան ժամանակ է, մարդիկ նստում են ու կարող են մի բաժակ ջուր վերցնել ու ժամերով առանց դիմակի մնալ: Առհասարակ այս ամառվա պայմաններում խիստ վիճելի են այն բոլոր սահմանափակումները, որոնք առկա են»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է տրամաբանությունը եթերային տաղավարներում դիմակ կրելու, երբ հաղորդավարի ու հյուրի մեջ կա առնվազն 2 մետր հեռավորություն, իսկ, օրինակ, հիմա արդեն թույլատրվում է անձնական օգտագործման մեքենաներում դիմակ չկրել կամ 40 հոգով միջոցառում անցկացնել:
Խոսելով սահմանափակումների թուլացման ու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ, եթե համաճարակային վիճակը սահմանափակումների թուլացման արդյունքում դեպի վատը գնա, ու գրանցվի վարակման թվերի աճ, իշխանությունները ստիպված կլինեն գնալ տոտալ սահմանափակումների, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ինքն այստեղ տեսնում է վերապահում առ այն, որ բոլորը թող իմանան, որ, եթե կառավարությունը գտնի, որ անհրաժեշտ է գնալ խիստ սահմանափակումների ռեժիմի, կառավարության համար դա 5 րոպեի հարց է, որովհետև արտակարգ դրության ռեժիմը պահպանվում է:
«Ես դա միայն անվանապես կկապեի հակահամաճարակային իրավիճակի հետ: Կարծում եմ՝ դա կարող է նաև քաղաքական իրավիճակով պայմանավորված լինել»,- ասաց իրավապաշտպանը:
Անդրադարձ կատարվեց այն թեմային, որ, եթե նախորդ իշխանությունների ժամանակ մարդու իրավունքների ոլորտում ցանկացած խախտում կարժանանար եվրոպական, միջազգային կառույցների կոշտ քննադատությանը, այսօր տեսնում ենք, որ մեր նոր իշխանություններին ըստ էության ներվում է ամեն ինչ, ու անհասկանալի է, թե ինչի դիմաց է այս հանդուրժողականությունը:
«Ես կդժվարանամ այս հարցին պատասխանել, քաղաքական լուրջ բաղադրիչ ունեցող հարց է, բայց եթե նախկինում ես շատ լուրջ չէի վերաբերվում այն փաստարկներին, որ գործ ունենք քողարկված գործարքների հետ, հիմա մտածում եմ՝ իսկ գուցե այդ մարդիկ ճի՞շտ են: Գուցե կա օրակարգ, որ մեր ազգային շահերին հակասում է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» գործով դատավարության՝ ավարտին մոտենալուն ու վերջին դատական նիստում դատախազի մեղադրական ճառին, մեղադրանքի կողմի պահանջած պատժաչափերին ու դրան հետևած զինված խմբավորման անդամների ու նրանց համակիրների կոշտ հռետորաբանությանը, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ, եթե դիտարկում ենք դատախազի կողմից խնդրված պատժաչափերի թվերը, դրանք ամենևին մեծ չէին:
«Այդ կազմակերպությունն անկեղծորեն և բացեիբաց հայտարարում է, որ իրենք ընդունում են ապստամբության իրավունքը: Իրենք որ խոսում են օրինական միջոցներով պայքարի մասին, ես ենթադրում եմ, հաշվի առնելով համատեքստը, որ այդ մարդիկ համարում են իրենց կողմից իրավաչափ համարվող ապստամբության իրավունքը: Իմ մոտեցումն այս հարցում չի փոխվել, եթե մենք ճանաչում ենք ապստամբության իրավունքը, մենք չպետք է ճանաչենք պետությունը գոյատևելու հնարավորություն ունեցող ինստիտուտ, որովհետև յուրաքանչյուր օր ինչ-որ մի խումբ կարող է ձևավորվել, որոնք կհայտարարեն, որ իրենք էլ գտնում են՝ հիմա է իշխանությունը բռնազավթված»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ նախորդ իշխանությունները «Սասնա ծռերի» համար արել են առավելագույնը՝ նրանց պարգևելով կյանք, որովհետև քիչ կլինեն դեպքեր, երբ մարդիկ ոստիկանական գունդ կգրավեն, ոստիկաններ կսպանեն, ու իրենցից որևէ մեկը չի սպանվի:
Մանրամասները՝ տեսանյութում