Ինչո՞ւ ՀՀ վարչապետը շտապեց շնորհավորել Լուկաշենկոյին
«Չի բացառվում, որ չհաշվարկված որոշում է եղել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցած ընտրություններին, հետընտրական ցնցումներին և ՀՀ իշխանությունների շնորհավորանքին։
Հիշեցնենք, որ դեռ երեկ երեկոյան մամուլում ակտիվորեն քննարկվում ու քննադատվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շուտափույթ շնորհավորանքը։ Հիմնական փաստարկն այն էր, որ ՀՀ իշխանությունները, որոնք իրենց ներկայացնում և դիրքավորում են՝ որպես ժողովրդավար իշխանություններ, չպետք է շտապեին շնորհավորել ակնհայտ ընտրակեղծարարությունների միջոցով վերընտրված Լուկաշենկոյին՝ հատկապես այն դեպքում, երբ երկրում հետընտրական զարգացումները չեն դադարել։
Նշենք, որ ընտրությունների հաջորդ օրը՝ օգոստոսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ,
Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:
Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը: Օգտվելով առիթից, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարoրություն»:
Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ ողջ աշխարհի համար պարզ դարձավ, թե ինչ է տեղի ունեցել օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած ընտրություններում, և այն, որ Լուկաշենկոն չի ստացել քվեների 80 տոկոսը։
Ըստ նրա՝ ակնհայտ է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում էապես փոխվել են հասարակական տրամադրություններն այդ երկրում և ավտորիտար ռեժիմի գոյությունը ևս չի կարողանում զսպել այդ տրամադրությունները։
Նրա խոսքով, խնդիր է նաև առաջնորդի բացակայությունը, քանի որ շարժումներին հարկավոր են առաջնորդներ հաջողության համար, իսկ Բելառուսում երկրորդ տեղում հայտնված Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը։
«Սա, բնականաբար, լուրջ խնդիր է, քանի որ իշխանությունը հեշտությամբ կկարողանա «հանգցնել կրակը»։ Իրավիճակն ուշագրավ է այնքանով, որ երկրորդ տեղում հայտնված թեկնածուն թեև չի ընդունում ընտրությունների արդյունքները, որոշում է լքել երկիրը, չպայքարել և հասարակության պայքարող հատվածին չառաջնորդել։
Նա նման արդյունքների, ամենայն հավանականությամբ, չէր սպասում և պատրաստ չէր քաղաքական լուրջ գործընթացների։ Կարծում եմ՝ պետք է որ մարի այս ամենը, քանի որ բոլոր ընդդիմադիրները մեկուսացված են հասարակությունից, գուցե ապագայում այս էներգիան, որը կուտակվում է երկրում, այլ կերպ դուրս գա քաղաքական այլ առաջնորդների ղեկավարությամբ կամ այլ գործընթացներով»,- ասաց նա։
Վրացի վերլուծաբանի կարծիքով՝ չի բացառվում ինքնակազմակերպում այն դեպքերում, երբ գործընթացները փողոցում կրում են մասսայական բնույթ, և առաջնորդները ծնվում են հենց տեղում՝ ակտիվիստների շարքերից։
«Սակայն, որքան ես հասկանում եմ բելառուսական մամուլի հրապարակումներից, բողոքի ակցիաները մարդաշատ չեն, իսկ իշխանության տոտալ գործողություններն ունակ են դրանք հեշտությամբ ճնշել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է շնորհավորանքին, ապա Մենագարիշվիլին ասաց, որ Լուկաշենկոյին շտապեցին շնորհավորել նրա ԱՊՀ և ԵԱՏՄ գործընկերները, ինչը և սպասելի էր, քանի որ Բելառուսը հետսովետական, կարծրացած համակարգի մի մասն է, որում այդ բոլոր երկրներն են և դրանցում ընտրությունների արատավոր երևույթները։
Ըստ նրա՝ Հայաստանի դեպքում մի փոքր այլ է իրավիճակը, քանի որ Հայաստանի իշխանություններն իրենց դիրքավորում են՝ որպես նոր համակարգի կրող, սակայն ԵԱՏՄ-ի մի մասն են այնուամենայնիվ և առաջնորդվում են խաղի այդ կանոններով։
Նրա խոսքով, դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի այն դեպքում, երբ այդ կանոններն անտեսվեն, ոտնահարվեն, բնականաբար, դա ենթադրելու է խնդիրներ գործընկերների հետ, սակայն ինչ մասշտաբի` դժվար է ասել։
«Ուստի այս թեմայի վերաբերյալ համամիտ եմ թե քննադատությունների հետ, որ նման քայլը նույնացնում է իշխանություններին, բայց կարող եմ նաև բացատրել այդ որոշումն այն հանգամանքով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկիր է, դա ունի իր դրական ու բացասական հետևանքները, և այդ համակարգից տարանջատվելը բարդ է։ Չի բացառվում, որ չհաշվարկված որոշում է եղել։ Իհարկե, կարող էր այդ շնորհավորանքը մի փոքր ուշանալ նաև՝ չառաջացնելով խնդիրներ, սակայն ՀՀ իշխանություններն այդպես են հարմար գտել»,- ասաց նա։