«Որպես երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր շնորհավորել Բելառուսի նախագահին». Լարիսա Ալավերդյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորական ուղերձը դարձել է քննարկման առարկա: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Լուկաշենկոյին կարող են շնորհավորել «միայն բռնապետերն ու բռնապետական արժեհամակարգ կրողները՝ կոռուպցիոն, քրեական հակամշակույթի, հակաքաղաքակրթության ներկայացուցիչները, մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ որևէ հարգանք չունեցողները»:
Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքին անդրադարձել էր նաև Լևոն Բարսեղյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
«Պարոն Փաշինյան ջան, Մեծարգո պարոն Լուկաշենկոյին շնորհավորելուց հետո երևի արդեն ասես մարտի 1-ի գործը կարճեն, թե չէ սխալ կհասկանան»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ որպես երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր շնորհավորել Բելառուսի նախագահին:
«Խնդիրը դրա մեջ չէ: Եթե համարում են, որ դրանից հետո պետք է Մարտի 1-ի գործը դադարեցնել, ապա դա պետք է անել լրիվ այլ հիմքերով, և շարունակվի բոլորովին այլ ձևով: Ես ի սկզբանե գտնում էի, որ Մարտի 1-ի գործը սխալ ուղղությամբ են սկսել: Դա ավելի շատ այն պատասխանն է Երկրորդ նախագահին, որի ժամանակ քրեական գործ էր հարուցվել Նիկոլ Փաշինյանի դեմ: Դրա համար, չեմ կարծում, որ մեկը մյուսի հետ են կապված: Մարտի 1-ի գործը սկսվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով, սխալ, իսկ շնորհավորելու հետ կապված՝ որպես երկրի վարչապետ՝ նա պետք է շնորհավորեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը նախկինում եղել է ընդդիմություն, այսօր իշխանություն է, իսկ իշխանությունը, ըստ նրա՝ փոխում է կարգավիճակը.
«Կան պարտականություններ, որոնք նա պետք է կատարի, նա պարտավոր էր շնորհավորել: Նա չէր կարող հանդես գալ՝ ինչպես առաջվա ընդդիմություն, և քննադատեր այն, ինչ տեղի է ունեցել Բելառուսում: Այնպես որ, նրանք, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին, որ շնորհավորել է, ես դրան չեմ միանում, բայց ես քննադատել եմ նրա համար, որ ամբողջովին սխալ ուղղությամբ են սկսել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործերը»:
Ըստ նրա՝ Բելառուսում կատարվող իրադարձությունների և 2018թ. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության միջև որոշ ընդհանրություններ կան. «Դա ընդդիմադիրների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների մեջ է: Բելառուսում տեղի ունեցողը մեկ օրվա խնդիր չէ, այնտեղ էլ են աշխատել այդ նույն տեխնոլոգները»:
Լարիսա Ալավերդյանը կասկածում է, որ Հայաստանում հեղափոխությունն արվել է նրա համար, որ ՀՀ-ն թույլ երկրից ուժեղ երկիր դառնա. «Այն քաղաքական քայլերը և այն փոփոխությունները, որոնք մտցվում են, զուտ խոսում է այն մասին, որ գռեհիկ գլոբալիզմի զոհ է դառնում Հայաստանը: Այստեղ ես տեսնում եմ շատ մեծ տարբերություն՝ հռչակված նպատակների, խոսքերի և գործողությունների: Հայաստանում եղել է իշխանափոխություն՝ մի նպատակով՝ ամբողջովին խաթարվի այն դրականը, ինչ մենք ունեցել ենք, և հակառակը՝ ուժեղացվի ամբողջ բացասականը, որը ոչ միայն զուտ հայաստանյան երևույթ է, այլ գռեհիկ գլոբալիզմի գաղափարախոսություն»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը դեմ է, որ հարցերը լուծվեն բացականչություններով. «Այն ամենը, ինչ արվում է, անպայման չէ, որ արվի փողոցում: Նույն կրթական չափորոշիչների հարցը գռեհիկ գլոբալիզմի հարձակում է երկրի վրա, և սա ընդամենը մի օղակ է՝ ազգային պետությունների դեմ խոշոր երկրների պայքարի մեջ»: