«Ապրիլյան մարտական գործողություններից հետո Արցախի զինված ուժերը նոր դիրքային այնպիսի դասավորվածություն ունեն, որ ցանկացած ժամանակ կարող են հակահարձակողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում արագ վերականգնել մեր կորուստները». Սեյրան Օհանյան
«Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե «Ապրիլյան պատերազմում երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ»:
Նա նաև նշել է, թե Սերժ Սարգսյանը կամ չի կարդացել, կամ էլ ուշադիր չի կարդացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին տված այն հանձնարարականը, որի հիման վրա ուսումնասիրվել են Ապրիլյան դեպքերը:
Ըստ Քոչարյանի, եթե իշխանափոխություն չլիներ, այդ խիստ գաղտնի փաստաթուղթը որևէ մեկը չէր կարդա՝ հասկանալու, թե բանակի բացթողումներն ինչ մակարդակի վրա են եղել:
Թե որտեղից է Անդրանիկ Քոչարյանը ենթադրում, որ այդ ռազմական վերլուծությունը ժամանակին ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը չի կարդացել, պարզ չէ:
Երկրորդ՝ խիստ գաղտնի ռազմական վերլուծություն պարունակող փաստաթուղթը չպետք է հասու լինի ամեն մեկին և ամեն մեկը կարողանա դա կարդալ՝ ինչ իշխանություն էլ լինի: Երրորդ՝ Անդրանիկ Քոչարյանը չսպասելով աշնանը, երբ պիտի Ապրիլյան հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվի՝ թույլատրելիի սահմաններում, առաջ ընկնելով, ըստ էության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է հայտնում, որի՝ իրականությանը համապատասխանության հարցը քննարկելի է, այսինքն՝ ռազմական գործի մասնագետները դեռ պիտի հաստատեն:
168.am-ի հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար և ռազմական գործի մասնագետ, և դատելով զուտ երևույթը, սխալ համարեց Ապրիլյան պատերազմի հետ կապված նորից հրապարակային շահարկումները և մեկնաբանությունները, ավելին, փորձերը՝ նմանեցնելու Ապրիլյան պատերազմը հուլիսյան գործողությունների հետ:
«Ակնհայտ է՝ մասշտաբային առումով և նաև զորքերի միջոցների կիրառման, անհամեմատելի գործողություններ են: Ռազմական գործողությունների մեկնաբանությունները թույլ տվեք ռազմական ղեկավարությանը, թող իրենք իրականացնեն: Երկրորդ՝ ակնհայտ է, չէ՞, որ, եթե ապրիլյան պատերազմի ժամանակ կան որոշակի տարածքային կորուստներ, նշանակում է՝ որոշակի քանակությամբ դիրքեր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության տակ: Բայց ես մեկ անգամ չէ, որ խոսել եմ դրա մասին և ասել, որ մարտական գործողություններից հետո Արցախի զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն իրականացրել են, այն է՝ նոր դիրքային այնպիսի դասավորվածություն ունեն, որ ցանկացած ժամանակ կարող են հակահարձակողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում արագ վերականգնել մեր կորուստները, և նաև՝ դիրքերի բարելավում իրականացնել: Ընդ որում` ասեմ, որ դիրքերի բարելավման գաղափարը բոլոր առումներով՝ և՛ Արցախի, և՛ ՀՀ ԶՈւ ուժերի հատվածում, ներդրվել է այն ժամանակ, երբ եղել եմ Արցախի ՊԲ հրամանատար, և երբ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարար: Այնպես որ, մեր զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը կատարել են, զինված ուժերը կատարելագործվում են, և վերջին գործողությունը ցույց տվեց, որ զինված ուժերն անընդհատ զարգանում են: Այդպես էլ պետք է լինի: Բայց նորից եմ ուզում կրկնել, որ զինված ուժերին վերաբերող մասը, հատկապես, որը գաղտնի կամ հույժ գաղտնի տեղեկություններ են, հրապարակային քննարկման ենթակա չեն, թույլ տվեք, որ մասնագիտությամբ զբաղվեն մասնագետները: Ես ասել եմ և նորից եմ կրկնում՝ ես հանձնաժողով չէի կազմի, և եթե կազմեի էլ, ապա հանձնաժողովը համապատաասխան աշխատանք կտաներ միայն ՀՀ ԶՈւ ղեկավարության հետ՝ իրենց վերաբերող մասով»,- շեշտեց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, այս տարվա հունվարի վերջին՝ իր մասնակցությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ապրիլյան պատերազմում ճակատագրական սխալներ չեն եղել: Այսինքն՝ բանակն իր առջև դրված խնդիրները կատարել է, և բանակի հրամանատարական կազմը, զինծառայողների, սպաների հերոսությունների շնորհիվ (ՀՀ պաշտպանության նախարարության գործողություններն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարության հետ՝ համագործակցության և աջակցության շրջանակներում)՝ կարողացել են հասնել նրան, որ մարտական գործողությունները կանգնեցնեն:
«Մենք եզրահանգումներ ենք կատարել մի քանի հարթություններում, ռազմաքաղաքական հարթությունում՝ մենք այն եզրակացության ենք եկել այն ժամանակ, որ ՀՀ և Արցախի զինված ուժերի ղեկավարությունը և նրա բոլոր օղակներն ի վիճակի են խաղաղ պայմաններից պատերազմական ժամանակահատվածի անցնելու, որովհետև այդ ամենը տարիների ընթացքում փորձարկվել են տարբեր զորավարժություններում, օրինակ՝ «Շանթ-2015» զորավարժությունում: Իհարկե, մենք քննարկել ենք, եղել են նաև տարբեր բացթողումներ և թերություններ, ասացեք տեսնեմ՝ մեկ աշխատող մարդու, որը որ սխալներ թույլ չի տալիս։ Իմ երկարատև աշխատանքի ընթացքում միշտ ասել եմ՝ սխալ ունենալը և այդ սխալները վերացնելը մեծ թերություն չէ, սխալ ունենալը, բայց չվերացնելը նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն։ Ապրիլյան պատերազմում ճակատագրական սխալներ չեն եղել, հանձնաժողովում մենք բաց, ջերմ ու ընկերական մթնոլորտում քննարկումներ կատարեցինք, որի վերաբերյալ հանձնաժողովն իր եզրակացությունները կանի»,- շարունակել էր Սեյրան Օհանյանը։
Իր հերթին՝ Անդրանիկ Քոչարյանը նիստից առաջ վստահություն էր հայտնել, որ Սեյրան Օհանյանը կօգնի իրենց շատ բան հասկանալու: