Բաժիններ՝

«Դժբախտաբար, «հայի ճակատագիր» է՝ քանդվելուց հետո նորից վերականգնել մեր տները, եկեղեցիները, դպրոցները». Նժդեհ Մկրտչյան

«Այս պայթյունը բավական ծանր պայթյուն էր, որին զոհ դարձան մեծ թվով մարդիկ: Շատ վիրավորներ, նյութական մեծ վնասներ կան, ինչը հատկապես այս օրերին, երբ Լիբանանը տնտեսական տագնապի մեջ է, կորոնավիրուսի դժվար օրերի մեջ է, կարծեք նոր բեռ եղավ, նոր դժբախտություոն եղավ Լիբանանի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Վանա Ձայն» ռադիոկայանի հաղորդավար Նժդեհ Մկրտչյանը՝ անդրադառնալով օգոստոսի 4-ին Բեյրութի ողբերգական պայթյունին։

Մեր զրուցակիցը կարևորեց այս օրերին հայ կամավորների աշխատանքը հայաբնակ թաղամասերում և լիբանանահայ համայնքին աջակցելու գործում Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ՝ հայ եկեղեցու դերը:

Մեր հարցին, թե լիբանանահայերը մտածո՞ւմ են հայրենադարձության մասին, Նժդեհ Մկրտչյանը պատասխանեց.

«Հայրենադարձության մասին կան մտածումներ, այդ մտածումը կար նաև տնտեսական ճգնաժամի ընթացքում, և դուք էլ տեսաք՝ որքան մարդ եկավ Հայաստան, հաստատվեց Հայաստանում:

Մարդիկ ասում են, որ, եթե պիտի թողնեն այս երկիրը, նախընտրում են Հայաստան գնալ, բայց պետք է ավելացնենք, որ լիբանանահայ գաղութը սփյուռքի սիրտը հանդիսացող գաղութ է, ինչը պարտավորեցնում է պահպանելու այս գաղութը և վերականգնելու: Ժողովրդի մեջ կա այդ հավատը: Դժբախտաբար, «հայի ճակատագիր» է կարծեք՝ քանդվելուց հետո նորից վերականգնել մեր տները, եկեղեցիները, դպրոցները, կյանքը նորից շարունակել:

Լիբանանահայ Հրաչ Այնթաբլյանը, ով այժմ երևանաբնակ է, պատմեց, որ պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի իր տան մոտ, այնտեղ գտնվող ընտանիքի անդամները միայն երջանիկ պատահականությամբ տանը չեն եղել.

«Ամբողջ այդ շրջանը՝ 9 կմ տարածքով, վնասվել է: Ամենաշատ վնասված շրջանը Մար-Միխայելն է, Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասը քիչ հեռու է, բայց նորից վնասվել է, պայթյունի ալիքը հասել է մինչև Անթիլիաս»:

Ի դեպ, այսօր երեկոյան Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Լիբանան:

Լիբանան են այցելելու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքում հստակեցնեն, թե այլ ինչ միջոցների կարիք կա՝ ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ՝ տեղի հայ համայնքին աջակցելու համար:

«Այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք: Երեքն էլ հումանիտար աջակցություն է լինելու՝ դեղորայք, սնունդ»,- երեկ՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս