Հայաստանից պատվիրակություն է մեկնելու Լիբանան
«Իսկապես աննախադեպ ծանր իրավիճակ է. ամբողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում տարբեր ռազմական գործողությունների ականատես էինք եղել, բայց նման տարողությամբ և նման ծանր հետևանքներով այսպիս հզոր պայթյունի ականատես չէին եղել, չէինք ապրել»,- «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսաքննարկման ժամանակ նշեց Բեյրութում հրատարակվող «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ հավելելով, որ մարդկային զոհերի, վիրավորների, նյութական հսկայական վնասների կողքին հոգեբանական լուրջ խնդիրներ կան:
Անդրադառնալով հայ համայնքի զոհերի ու վիրավորների մասին տեղեկությանը՝ Շ. Գանտահարյանը նկատեց. «Այս պահի դրությամբ պետք է ասել, որ 11 զոհ և 250 վիրավոր կա լիբանանահայ համայնքից: Ցավով կարող եմ ասել, որ այդ թվերը կարող են փոխվել, որովհետև դեռևս նաև անհայտ կորածներ կան, և չենք իմանում, թե 250 վիրավորներից քանիսի կյանքին է վտանգ սպառնում»:
Բանախոսը նկատեց, որ վերանորոգման ենթակա բնակարանները վերանորոգվում են, իսկ անօթևան ընտանիքներին ձեռք են մեկնում տարբեր կառույցներ. «Նրանք, ովքեր որևէ հնարավորություն չունեն, դիմել են համայնքի կենտրոններին, կուսակցություններին, միութենական, բարեսիրական կենտրոններին, որպեսզի նաև ազատ գտնվող բնակարաններ տրամադրվեն: Նաև քննարկվի հավաքական կացարաններ տրամադրելու հարցը: Գիտենք նաև, որ պետությունը նման աշխատանքի մեջ է, և այս օրերին թե՛ կորոնավիրուսի պատճառով, թե՛ ընդհանրապես Լիբանանն արդեն իսկ ծանր ֆինանսական տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված լինելու պատճառով՝ հյուրանոցներն ազատ էին, և սկսել է հյուրանոցները տրամադրել՝ իբրև հավաքական կեցության վայր անօթևանների համար»:
Նա տեղեկացրեց, որ նավահանգստին մոտ գտնվող դպրոցներ, եկեղեցիներ, միութենական, կուսակցական կենտրոններ, մամուլի խմբագրություններ են վնասվել:
Շահան Գանտահարյանը նաև հավելեց, որ, երբ Բեյրութի նավահանգստի շրջանը հայտարարվել է աղետի գոտի, արդեն իրար հետևից տարբեր պետություններ հայտարարել են իրենց աջակցելու պատրաստակամությունը, և ոչ միայն հայտարարել, արդեն գործնական քայլեր են արել և շուտով նաև սպասում են Երևանից եկող օժանդակության:
Ի դեպ, տեսաքննարկմանը ներկա Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ Հայաստանից Լիբանան է մեկնելու պատվիրակություն, որի կազմում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և Ազգային ժողովի Հայաստան-Լիբանան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը.
«Մենք մեկնում ենք, ամենայն հավանականությամբ, վաղը երեկոյան: Սակայն սա երեք թռիչքներից առաջինն է մարդասիրական: Բնական է, որ պայթյունից անմիջապես հետո ՀՀ կառավարությունը ձեռք մեկնեց Լիբանանի կառավարությանը, ավելի շուտ՝ հայ ժողովուրդը ձեռք մեկնեց եղբայրական Լիբանանի ժողովրդին, քանի որ Լիբանանը յուրահատուկ պետություն է, և Լիբանանի ժողովուրդը շատ ջերմորեն է ընկալվում հայ ժողովրդի կողմից՝ որպես մի ժողովուրդ, մի պետություն, որը հյուրընկալեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ մեր հայրենակիցների և հնարավորություն տվեց, որպեսզի արևմտահայությանն իր մշակութային և համայնքային մայրաքաղաքը ձեռք բերի այնտեղ:
Ինչպես նշեցի՝ երեք օդանավ է լինելու մարդասիրական բեռով, բնական է, որ օդանավի օգնությունը կազմվել է՝ հիմնվելով այն ցուցակի վրա, որը մեզ ներկայացրել է Լիբանանի կառավարությունը, Լիբանանի մեր գործընկերները»:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը նկատեց, որ չի ցանկանում, որ օգնությունն ընկալվի՝ իբրև օգնություն միայն հայ համայնքին. «Մենք գնում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին, դրա մեջ մտնում է նաև հայկական համայնքը»:
Զարեհ Սինանյանը Լիբանանում իրենց պատվիրակության առաքելությունը որակեց «փաստահավաք առաքելություն». «Մեր նպատակը տեղում ծանոթանալն է այն բոլոր վնասներին, արհավիրքին, տեղում ծանոթանալ մեր հայրենակիցների տրամադրությունների հետ, որպեսզի մենք էլ հասկանանք, թե ինչ է ակնկալվում ՀՀ կառավարությունից երկարաժամկետ իմաստով:
Մենք մինչև համավարակն արդեն տեղեկացված էինք, թե որքան լուրջ է տնտեսական իրավիճակը Լիբանանում, և հասկանում էինք, որ կա մի զանգված լիբանանահայության, որը ցանկություն ունի Հայաստան գալու» :
Զարեհ Սինանյանը տեղեկացրեց նաև, որ հայաստանյան պատվիրակության հետ Լիբանան են մեկնելու նաև լրագրողներ, որոնք տեղում կլուսաբանեն իրականությունը:
Նա կարևորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի այցելությունը Լիբանան, որովհետև, ըստ Սինանյանի, մինչ պայթյունն իրենք ակտիվ քննարկում էին այս տարվա դրամահավաքն անցկացնել Սփյուռքի կարիքների համար. «Այս իմաստով էլ կարևոր է, որ մեր հայրենակիցներն իմանան, որ համահայկական կառույցները ծառայում են ոչ միայն Հայաստանին, այսինքն՝ Արցախին ևս, այլ՝ համայն հայությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում