«Լուրջ բախումներ Լիբանանում ԱՄՆ-ի և Իրանի միջև կտեսնենք, վատ կանխատեսում ունեմ». Արմեն Պետրոսյան

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 4-ին Լիբանանում տեղի ունեցած ողբերգությանն արձագանքեց՝ ժամանակին ցուցաբերելով բարոյական աջակցություն և հղելով ցավակցական խոսքեր, Արտաքին գործերի նախարարությունում էլ ձևավորվեց աշխատանքային խումբ՝ այդ պետության կարիքների գնահատման համար, բայց բարոյական օգնությունից բացի՝ օգնություն ցուցաբերելու համար պետք է մեր պետությունն ունենար նման դեպքերի համար անհրաժեշտ մշակված ռազմավարություն, որը, սակայն, չունի։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդադառնալով Բեյրութում տեղի ունեցած ողբերգությանն ու դրան հայաստանյան արձագանքներին, ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Բայց որպեսզի Հայաստանի արձագանքն առավել առարկայական և ազդեցիկ լիներ, պետք էր, որ այն լիներ համահայկական մակարդակով, իսկ երբ ես նշում եմ, որ անհրաժեշտ է ռազմավարություն ունենալ, նկատի ունեմ առաջին հերթին հենց այդ համահայկականության ապահովումն ու անհրաժեշտ գործիքների ներդրումը»,- ասաց Պետրոսյանը։

Դիտարկմանը, որ Հայաստանում հնչում են մտահոգություններ, որ, օրինակ, Ռուսաստանից այսօր արդեն Լիբանան է թռել օգնության 5-րդ ինքնաթիռը, մինչդեռ խոշոր հայկական համայնք ունեցող Լիբանան ՀՀ-ից ինքնաթիռ կհասնի աղետից մի քանի օր անց՝ շաբաթ օրը, Արմեն Պետրոսյանը պատասխանեց.

«Ես, օրինակ, չէի համեմատի ՌԴ-ի նման գերտերության հետ, որը, ի դեպ, մշտապես ունի նման պարագաները պատրաստ դրած, իսկ մենք չունենք, դա մեզ համար խնդիր է, դեռ պետք է հավաքագրել, և այլն։ Համաձայն եմ, որ օրախնդիր է այն, որ արագ չենք արձագանքում։ Օրինակ, «Հայաստան Համահայկական հիմնադրամը» պետք է արդեն պատրաստ միջոցներ ունենար և ուղարկեր, ես բազմաթիվ անգամներ եմ այս հարցը բարձրաձայնել, առաջարկել եմ, օրինակ, ստեղծել մի կառույց, որը նման իրավիճակների դեպքում արագ կարձագանքի, իսկ դա արդեն իմ նշած անհրաժեշտ ռազմավարության մի կարևոր բաղադրիչը կլիներ։ Պետք է վերանայվի սփյուռքի հետ մեր քաղաքականությունն ու Հայաստանի դերը համահայկական տարաբնույթ խնդիրների լուծման գործընթացում»։

Ինչ վերաբերում է Լիբանանում գտնվող հայ համայնքին աջակցելու ձևերին՝ հայրենադարձության կազմակերպում, թե տեղում աջակցություն, որպեսզի այդ երկրում մեր համայնքը չթուլանա, Արմեն Պետրոսյանն ասաց, որ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ Լիբանանում ուժեղ համայնք և, առհասարակ, Մերձավոր Արևելքում ուժեղ հայկական համայնք ունենալն առաջին հերթին մեզ համար ունի ռազմավարական նշաակություն։

«ՀՀ-ն պետք է առաջարկի ծրագրեր, իսկ լիբանանահայերն ինքնուրույն որոշեն՝ պատրա՞ստ են թողնել այնտեղ այն, ինչ ունեն, ու գալ Հայաստան, թե՞ ոչ։ Հայրենադարձություն կարող է Հայաստանն ապահովել, եթե տարատեսակ ծրագրեր առաջարկի մարդկանց։ Բացի այդ, տարբեր համայնքներից, երբ փորձում ենք գնահատել արձագանքները, տեսնում ենք, որ Լիբանանում շատ են այն կառույցները, որոնք պնդում են, որ հայկական համայնքի անդամները պետք է շարունակեն մնալ երկրում։ Ինչ վերաբերում է օգնությանը, ապա այստեղ անհրաժեշտ է համահայկական ամբողջ ներուժի համախմբում»,- ասաց Պետրոսյանը։

Հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունը կարողանո՞ւմ է ապահովել համահայկական ներուժի համախմբում՝ մասնավորապես օգտագործել ամբողջ աշխարհում Հայ հեղափոխական դաշնակցության ունեցած ռեսուրսները և հայ մեծահարուստների կարողությունները, թե՞ մեր մեծահարուստները ստիպված են այդ համահայկականության բացակայության դեպքում առանձին և շատ արագ օգնել հայ համայնքին, ինչպես արեցին, օրինակ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Արմեն Պետրոսյանը պատասխանեց.

«Նման դեպքերում պետք է երկրորդական դառնան քաղաքական, գաղափարական հակասությունները։ Ես նկատում եմ, որ երկխոսության հարցում խնդիրներ չեն առաջանում»։

Ինչ վերաբերում է Լիբանանում տեղի ունեցածի և աշխարհաքաղաքական զարգացումների միջև կապին՝ ապա, ըստ արաբագետի, տեղի ունեցած պայթյունը Լիբանանում համակարգային պետական կառավարման՝ քաղաքական, տնտեսական խնդիրների հետևանք ու անփութության արդյունք է, և՝ ոչ ավելին։

«Միանշանակ է, որ պայթյունի հիմնական պատճառը հանցավոր անփութությունն է եղել, որը, իհարկե, կխաղարկեն այն պետությունները, որոնք իրենց դիրքերն են փորձում ամրացնել Լիբանանում, իսկ թույլ Լիբանանը ձեռնտու է առաջին հերթին Իսրայելին, բայց սա չի նշանակում, որ կարող ենք պայթյունի մեջ Իսրայելին մեղադրել, որովհետև ակնհայտ է՝ եթե որևէ պետություն կանգնած է այս աղետի հետևում, ապա տվյալ պետության ամբողջ ղեկավարությունը կանգնելու է տրիբունալի առաջ, բայց մեծ հավանականությամբ ես բացառում եմ որևէ այլ պետության մասնակցություն այս ամենին»,- ասաց արաբագետը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, սակայն, որ դեռևս Լիբանանում վերքերը տաք են, քաղաքականությունը մղվել է ետին պլան, սակայն այս աղետի հետևանքների առաջին փուլը թոթափելուց հետո բոլոր գործընթացները տեղափոխվելու են քաղաքականություն, այդ թվում՝ արտաքին։

«Այս իրավիճակից Լիբանանին դուրս գալու համար երկու բան է պետք՝ բավականին զգալի ֆինանսական աջակցություն և երկրի ներսում բարեփոխում։ Ֆինանսական օգնությունը ենթադրում է լուրջ խաղացողների ներկայություն, մենք առաջիկայում Լիբանանում տեսնելու ենք լուրջ խաղացողների միջև սակարկություն և բախումներ։ Լիբանանին աջակցելու դիմաց պահանջել և պահանջելու են այդ երկրում «Հեզբոլահի» և Իրանի դիրքերի թուլացում։ Լիբանանում տեսնելու ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև, Սաուդյան Արաբիա-Իրան լուրջ բախումներ։ Շատ վատ կանխատեսում ունեմ, որ այս իրավիճակից կարողանալու է օգտվել Թուրքիան»,- ասաց արաբագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս