«Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորական դասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց եկեղեցու դիրքորոշումը՝ հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խոսեց ասուլիսի կազմակերպման անհրաժեշտության մասին՝ հիշեցնելով Կառավարության առաջարկով ձևավորված հանձնախմբի նախապատմությունը.
«Այս մամլո ասուլիսը չէր լինի, եթե ամեն ինչ բնականոն հունով ընթանար, ինչ նկատի ունեմ՝ այդ մասին բազմիցս արդեն ասել եմ. անցյալ տարվա հունվարին վարչապետի ցանկությամբ ստեղծվեց հանձնախումբ՝ կառավարության անդամներից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներից բաղկացած, որոնք պիտի քննարկեին ոչ միայն կրթական ոլորտին վերաբերող հարցեր, այլ բոլոր այն հարցերը, որ գոյություն ունեն պետություն-եկեղեցի հարաբերությունների շրջանակից ներս:
Այդ կենտրոնական հանձնախումբը ստեղծեց ենթահանձնախմբեր, որպեսզի առանձին հարցեր ուսումնասիրվեն, և դեռ անցյալ տարվա փետրվարին կազմվեց կրթական ենթահանձնախումբը, որի մեջ մտանք ես՝ իբրև ղեկավար կամ ատենապետ, Արշակ Սրբազանը, Հայր Զաքարիան և երկու աշխարհականներ՝ Շահեն Կարա-Մանուկյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից, և Վարդան Ղանդիլյանը՝ կրթության ոլորտի մասնագետ: Այս հինգ հոգով մենք պատրաստակամություն հայտնեցինք հանդիպելու և քննարկելու կրթական ոլորտին վերաբերող բոլոր հարցերը»:
Միքայել արքեպիսկոպոսը տեղեկացրեց, որ այն ժամանակվա ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ ենթահանձնախմբի միակ հանդիպումը եղել է անցյալ տարվա հունիսի ամսին, որտեղ իրենք հնչեցրել են առաջարկ՝ կառավարության կողմից համարժեք ենթախումբը ձևավորելու մասին: Ի դեպ, հանձնախումբն այդպես էլ չի ձևավորվել: Այս տարի արդեն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նույն առաջարկն արել է նորանշանակ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին:
«Ի վերջո, մայիսի 12-ին բազմաթիվ փորձերից հետո ես կարողացա հանդիպել այսօրվա փոխնախարար տիկին ժաննա Անդրեասյանի հետ և դարձյալ դնել այդ հարցն իրենց առջև՝ ձևավորեք ենթահանձախումբ, որպեսզի մենք աշխատենք, այլապես միակողմ աշխատանքն աբսուրդ է: Որովհետև մենք չենք ստեղծվել ինքնուրույն գործելու համար, մենք ստեղծվել ենք պետական զուգահեռ հանձնախմբի հետ աշխատելու համար:
Մայիսի 12-ին տեղի ունեցավ այդ հանդիպումը, ինչը տիկին փոխնախարարը հետո ներկայացրեց իբրև համագործակցության օրինակ, մինչդեռ դա նույնիսկ քննարկում չէր, այլ պարզ զրույց և շատ սիրալիր զրույց: Դրանից հետո մինչև այսօր մենք դարձյալ սպասում ենք այդ ենթահանձնախմբի ձևավորմանը:
Հընթացս այս ամենի՝ ասպարեզ դրվեց թեզը, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պիտի հանվի՝ իբրև առանձին առարկա, բարձրագույն մակարդակով այդ մասին հայտնվեց, հետո հանրակթական չափորոշիչները դրվեցին ընդհանուր քննարկման, այդ քննարկումը չավարտված՝ դրվեցին նաև առարկայական չափորոշիչները:
Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ եկեղեցին իրենց կողմից տրված ժամկետի մեջ ներկայացրեց իր դիտողությունները, որոնց, որքան գիտեմ, առայսօր պատասխան չի եղել (թեև վերջերս տիկին փոխնախարարը դարձյալ ասաց, որ այդ պատասխանները պատրաստ են):
Այդ պատասխանները չստացած, քննարկումները չավարտած՝ ասպարեզ նետվեցին առարկայական չափորոշիչները, և մեր ենթահանձնախումը դարձյալ հավաքվեց և կարծիք հայտնեց այդ առարկայական չափորոշիչների վերաբերյալ»,- լրագրողներին պատմեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Սրբազան հայրը տեղեկացրեց, սակայն, որ այս անգամ իրենց կարծիքն ավելի ընդհանուր է, քանի որ մինչ այս պահը եկեղեցու կարծիքն այդքան լուրջ չի ընդունել կառավարության պատկան մարմինը.
«Ես՝ իբրև այս ենթահանձնախմբի ատենապետ, այնքան մտահոգված չեմ մեր պատասխանի բովանդակությամբ, որքան մտահոգ եմ այս երկխոսության բացակայությամբ. արդեն երկու տարի է՝ մենք գոյություն ունենք, որպեսզի աշխատենք կառավարության ներկայացուցիչների հետ, և չենք աշխատում: Մենք միշտ պատրաստակամ ենք եղել ցանկացած պահի այդ հանդիպումը ունենալ, և այդ հանդիպումը չեղավ:
Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու, այլ մեկնաբանություն այս պահին ես չունեմ: Իսկ եթե այս մոտեցումը պիտի շարունակվի, մենք էլ պիտի սկսենք զբաղվել մենախոսություններով, և մեր կարծիքը հայտնենք հրապարակային՝ մեր հույսը դնելով հասարակական կարծիքի ձևավորման վրա»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետը նաև վստահեցրեց՝ եկեղեցին և եկեղեցականները մասնավոր, ճղճիմ, շահադիտական նպատակադրում չունեն այս ամենի մեջ: «Մեր նպատակը հայ սերնդին լիարժեք հայ ինքնությանը համապատասխան, հայ քրիստոնեական ինքնությանը համապատասխան կրթություն ստանալու և կրթություն տալու մտահգությունն է»,- ասաց Սրբազանը:
«Կրթության վերաբերյալ եկեղեցին պետք է ունենա իր տեսակետը, որովհետև հայ դպրոցի հեղինակը, հայ դպրոց արարողը, ստեղծողը, դարեր շարունակ պահողն այդ նույն եկեղեցին է եղել»,- ասաց Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ներկայացնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումները՝ հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։
Ասուլիսին ներկա էր նաև Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ով մի քանի դիտարկումներ արեց «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ինտեգրման վերաբերյալ: Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենը նկատեց՝ առարկան մեր նորանկախ պետության կրթական ոլորտի ամենակարևոր ձեռքբերումներից է. «Հայ եկեղեցու առարկայի նպատակն է՝ ազգային ինքնագիտակցության և ինքնության ձևավորումը, պատրաստումը, ազգային-հոգևոր նկարագրի ամբողջացումը:
Իբրև այս ոլորտի պատասխանատու՝ կարող եմ փաստել, որ առարկան եղել է ամենօրյա ուշադրության ներքո, և դպրոցներում աշակերտների, իրենց ծնողների հետ հանդիպումների, դասալսումների ժամանակ մենք պարզապես հիացական խոսքեր ենք լսել, որ առարկան ինչքան կարևոր է մեր մատաղ սերնդի դաստիարակության համար:
Այս առարկայի ներմուծմամբ այն բացն է լրացվում, որը կար խորհրդային տարիներին, այն բացը, որ մեր ծնողները չկարողացան ստանալ դպրոցում: Եվ պիտի նաև նշեմ, որ այն որքան հետաքրքիր է մեր աշակերտների համար, նույնքան և առավել հետաքրքիր է նրանց ծնողների համար»:
Հոգևորականը վստահեցրեց, թե ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների այն պնդումները, որ իրենք ընտրել են առարկայի ինտեգրման ճանապարհը, և առարկայի ամբողջ նյութը կարող ենք տեսնել տարբեր առարկաներում, չի համապատասխանում իրականությանը: Ըստ նրա՝ ինտեգրման գործընթացում կորել է բուն նպատակը, բովանդակությունը խեղաթյուրվել է. «Ամբողջությամբ դուրս է բերված 5-րդ դասարանի դասագրքի նյութը. այն ներառում էր Աստվածաշունչ մատյանից վերցված կրթադաստիարակչական, ուսուցողական նշանակություն ունեցող պամություններ:
10-11-րդ դասարանների նյութը նույնպես չկա: 10-րդ դասարանում ուսումնասիրում են քրիստոնեական բարոյագիտության կարևոր սկզբունքները, և դասընթացի մեջ նաև մեծ տեղ է հատկացված ՀԱԵ վարդապետների մեկնություններին, հոգևոր-բարեպաշտական արարողություններին, Սուրբ Պատարագին և ժամերգություններին: 11-րդ դասարանի դասագրքի նյութը նույնպես չկա. այստեղ խոսվում էր ազգային հիմնարար արժեքների, քրիստոնեական արժեհամակարգի մասին»:
Ըստ Զաքարիա ծայրագույն վարդապետի՝ նյութերը, որոնք պահպանվել են, փոխվել են շեշտադրումները. «Ամբողջ նյութից պահպանվել է առավելագույնը 30 տոկոսը:
Պաշտոնյաների այն բոլոր պնդումները, թե այս առարկան ինտեգրված է այլ առարկաների մեջ և ավելիով պետք է մատուցվի երեխաներին, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս քայլով փորձ է արվում նսեմացնել 2000-ամյա Հայոց եկեղեցու դերակատարությունը՝ մոռանալով, որ Հայ եկեղեցին հոգևոր կառույցից զատ՝ նաև ազգային հաստատություն է, որի սահմանները չեն սահմանափակվում ՀՀ-ում, այլև ամբողջ սփյուռքում»: