«Մեկ ծառ չտնկողն իրավունք չունի մեր առողջ ծառերը հատել». Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանին
«Երևանում կանաչապատում չի իրականացվում, թող Հայկ Մարությանը վերցնի իր ուղիղ եթերի սարքը և ցույց տա գեթ մեկ ծառ, որը տնկել է այս երկու տարիների ընթացքում։ Մեկ ծառ չտնկողն իրավունք չունի մեր առողջ ծառերը հատել։ Ծառերը հատում են և գումար են աշխատում, ի դեպ, գումար աշխատողներն էլ պետք է լինեն Հայկ Մարությանի մտերիմ շրջապատից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակի ծառահատմանը։
Նա բնապահպաններին կոչ արեց առանց վախենալու պայքարել այս ապօրինության դեմ և որևէ մեկից ու ոչնչից չվախենալ։
Ըստ նրա, կորոնավիրուսի համավարակի պայմաններում դեռ բավական չէ, որ մարդկանց զրկում են թթվածին շնչելուց, քանի որ ստիպում են դիմակ կրել, դրան զուգահեռ էլ՝ ծառերն են հատում։
«Սա թեմայի հետ կապ չունի, բայց ուզում եմ նաև ասել, որ մենք բացահայտել ենք, գիտենք, որ պարոն Նիկոլը մեզ տուգանում է, քանի որ ուզում է հետո դրանք չեղարկի, որպեսզի հանրությունն ասի, թե ինչ լավ վարչապետ ունի Հայաստանը։ Ոչ, Նիկոլ Փաշինյանն այդքան չի աճել, որպեսզի կարողանա ներել որևէ մեկի տուգանքը։ Ես արդեն 100 հազար դրամից ավելի տուգանք ունեմ»,- եզրափակեց Սոնա Աղեկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում