«Զինվորական ծառայությունն ավելի կարևոր է, և նրան տրվող ուշադրությունը պետք է ավելի մեծ լինի, քան պարեկինը». Հովհաննես Քոչարյան

Երևանում 2021 թվականի գարնանը կհայտնվի նոր պարեկային ծառայություն: Նախագիծը Կառավարությունը հաստատել է այս տարվա ապրիլին՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության շրջանակներում: Նոր ծառայությունը փոխարինելու է գոյություն ունեցող 2 ծառայություններին՝ պարեկային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:

Նախատեսվում է առաջին փուլում ծառայությունը ստեղծել Երևանում, որտեղ գործընթացը կավարտվի մինչև 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը: Այնուհետև բարեփոխումները կսկսեն իրականացվել մարզերում:

Նշենք, որ ոստիկանի նոր կերպարին համապատասխանելու համար դիմորդներին մի շարք պահանջներ են ներկայացվել, այդ թվում՝ 160 սմ-ից ոչ ցածր հասակ: Կան նաև տարիքային սահմանափակումներ. Դիմել կարող են մինչև  35 տարեկան  անձինք (դա վերաբերում է ոստիկանության բոլոր ծառայողներին): Տրամաբանությունը կայանում է նրանում, որ ծառայողը պետք է հասցնի կարիերայի աճ ունենալ մինչև կենսաթոշակի անցնելը:

Երևանում դասընթացի մասնակիցների համար նախատեսված է 770 տեղ, որից 230 տեղը՝ կանանց համար: Նշենք նաև, որ նոր ձևավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր պայման չէ:

168.am-ը թեմայի շուրջ զրուցել է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հետ, հետաքրքրվել, թե որքանո՞վ է անհրաժեշտ այս նոր մոդելին անցնելը:

«Անհրաժեշտությունը միանշանակ կա, որովհետև ընդհանրապես ծառայության կազմակերպման պարեկային այդ ձևը մեկ քայլ առաջ է, անվտանգային տեսանկյունից՝ ավելի հաջողված, քան թե առկա ծառայության կազմակերպման ձևերը, որովհետև ամբողջ իմաստն իրավախախտումներին արագ արձագանքումն է, այսինքն՝ այս նոր պարեկային ծառայությունը 24 ժամ տրանսպորտային միջոցներով լինելով բակերում և ճանապարհներին՝ ավելի արագ և օպերատիվ է արձագանքում խախտումներին և ահազանգերին, քան թե հիմա սովորական հերթապահ մասերից փորձեն վերակարգեր կանչելը: Երկրորդ՝ նոր պարեկները, ի տարբերություն առկա պարեկների, չեն օգտագործվում հիմնականում հասարակական կարգի պահպանման համար, այլ նաև օգտագործվում են իրավախախտներին ձերբակալելու, հետապնդելու, իրավախախտումները խափանելու և պրոֆեսիոնալ ուժ կիրառելու նպատակներով: Այսինքն՝ նրանք ծառայողներ են, որոնք ունեն ավելի շատ պրոֆեսիոնալ բարձր որակներ, կարողանում են մի շարք խնդիրներ իրականացնել՝ ունենալով համապատասխան փորձ, տեխնիկական միջոցներ և գիտելիք: Սա արդիական ծառայություն է և աշխարհում շատ տարածում ստացած: Հիմա Հայաստանում պարեկային ծառայությունն ի՞նչ սկզբունքներով է ներդրվում, 100 տոկոս չեմ կարող ասել, որ իմ իմացած կամ իմ ժամանակ ոստիկանության կողմից առաջարկած մոդելն է»,- ասաց նա:

Հարցին, թե նախկինում այս մոդելը քննարկվե՞լ է, Քոչարյանը պատասխանեց. «Բնականաբար, քննարկվել է, արդեն 3 տարի է՝ քննարկվում է և նոր դարձավ քաղաքական հանձնարարական այդ պարեկային ընդունելությունը, բայց մի քանի սկզբունքային տարբերություններ արդեն կան նախկին քննարկման առկա մոդելում: Օրինակ՝ բարձրագույն կրթության ոչ պարտադիր պայման լինելը, սա սովորական տեխնիկական հարց չէ: Տեսեք՝ օպերլիազորները բարձրագույն կրթություն ունեն, պարեկային ծառայողները, որոնք ոչ պակաս լուրջ խնդիրներ են իրականացնելու, բարձրագույն կրթությունը հանկարծ պարտադիր չէ: Այստեղ խնդիր կա, նախկինում մարդը պարեկային ծառայությունում աշխատելով, փորձ ձեռք բերելով՝ անցնում էր հաջորդ փուլ՝ աշխատանքի, ասենք՝ քրեական ոստիկանությունում, արդեն ունենալով բավականին պատկառելի փորձ՝ իրավախախտումների հետ շփվելով, բայց այս կադրային սկզբունքը կարծես չի պահպանվի, որովհետև նրանք չունեն բարձրագույն կրթություն և քրեական ոստիկանությունում հնարավորություն չեն ունենալու աշխատելու: Մեր նախկին ծրագրի համաձայն՝ սա ամենաառանցքային կետն էր՝ կադրերի հոսունություն՝ պարեկայինից դեպի քրեական ոստիկանություն և բարձր պաշտոններ, իսկ սրա համար բարձրագույն կրթությունը խիստ պարտադիր էր: Հիմա այս սկզբունքը կարծես փոխարինվեց այլ մոտեցմամբ, որ ավելի շատ պետք է շարային ուժեր ունենանք, քանակ ունենանք, քան թե իմ նշած ձևով՝ կազմակերպված պարեկներ»:

Հարցին, թե 5-ամսյա դասընթացներ է նախատեսված, արդյոք դա բավարա՞ր է մասնագիտական հմտությունները սովորելու համար, Քոչարյանը պատասխանեց. «Ոչ: Ես մտավախություն ունեմ: 5 ամսում հնարավոր կլիներ, եթե մենք ունենայինք բարձրագույն կրթությամբ կադրեր: Երբեք  ոչ մի վերապատրաստում, լինի դա 4 թե 5 ամիս, բարձրագույն կրթությանը չի փոխարինելու, դա հնարավոր չէ: Կարծում եմ, որ ֆունդամենտալ գիտելիքներ ունեցող և կիրթ մարդը կարող է 5 ամսում վերապատրաստվելով՝ ձեռք բերել այն նվազագույն հմտությունները, որոնք անհրաժեշտ են այդ աշխատանքը կատարելու համար: Ինչքան էլ որ վերապատրաստումները լինեն շարունակական, տարվա մեջ որոշակի ժամեր պարեկ վերապատրաստես, իմ կարծիքով՝ սա չի բերելու այն արդյունքին, որը նախատեսվում էր: Ե՞րբ բնակիչը կհարգի պարեկին, երբ նրա հետ շփվելուց հասկանա, որ գործ ունի գրագետ մարդու հետ: Սա սովորական ուժ կիրառող ծառայություն չէ, որ դու ոչ բարձրագույն կրթությամբ մարդկանցով կոմպլեկտավորես և ուղարկես հասարակական կարգ ապահովելու»:

Քոչարյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր է տեխնիկական հագեցվածությունը. «Պարեկը կարող է կառավարվել օպերատիվ կառավարման կենտրոնով՝ ամբողջ Հայաստանում ստացվող ահազանգերը պետք է կուտակվեն մի տեղ, այդ մի կետից փոխանցվեն փողոցում գտնվող պարեկային վերակարգերին, և նրանք արագ արձագանքեն դեպքերին: Օպերատիվ կառավարման կենտրոնն արդյո՞ք մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը պատրաստ կլինի, ես խիստ կասկածում եմ: Կարծում եմ՝ երկար ժամանակ է պետք, որ այդ կենտրոնը ստեղծվի: Նոր մեքենաներ, նոր ոստիկանական սպառազինության միջոցներ, նոր համազգեստ, նոր կապի միջոցներ, դրանք առհելի ծախսեր են, ես չգիտեմ՝ արդյո՞ք այս ֆինանսական միջոցները հիմա կան, արդյո՞ք գնումներն արդեն արվում են դրանք ձեռք բերելու ուղղությամբ, որպեսզի կարողանան խոսել այս ծառայությունը ստեղծելու մասին: Ես մտավախություն ունեմ ժամկետների մասով, որ կառավարությունն օբյեկտիվորեն կարող է չհասցնի»:

Հարցին, որ կրտսեր պարեկների աշխատավարձը տատանվելու է 250-270 հազարի շրջանակներում, այն դեպքում, երբ սահմանը պահող պայմանագրային զինծառայողների աշխատավարձն անհամեմատ ավելի քիչ է, արդյոք մտավախություն չկա՞, որ այն տղաները, որոնք որոշել էին պայմանագրային ծառայության անցնել, հնարավոր է՝ որոշեն մնալ մայրաքաղաքում և ավելի լավ պայմաններով աշխատել, Քոչարյանը պատասխանեց.

«Այդ քաղաքականությունն այնպես պետք է վարել, որ տարբերությունն ուժային ծառայողների վարձատրության միջև շատ մեծ չլինի, և զինվորական ծառայությունն ավելի գայթակղիչ լինի իր երաշխիքների մասով: Ինչքան ծառայությունը վտանգավոր՝ այնքան սոցիալական երաշխիքները պետք է լինեն ավելի ադեկվատ: Ամեն դեպքում, այդ խնդիրը, անշուշտ, կա: Ես հիշում եմ, երբ ժամանակին բացվում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիրը, դիմորդների թիվը կարծես ամեն տարի կրճատվում էր, և հոսքն ավելի շատ ոստիկանության ակադեմիա էր զգացվում, այդ խնդիրը կար, հատկապես, երբ այն ժամանակ կրթահամալիրի սաները պարտադիր զինվորական ծառայության չէին զորակոչվում, միանգամից այդ խնդիրը ծագում էր, մարդիկ գերադասում էին պաշտպանության համակարգ չընդունվել, այլ գային ոստիկանություն, որովհետև այդ նույն սոցիալական արտոնություններից օգտվում էին: Դա, իհարկե, որոշակի լուծում ստացավ, բայց խնդիրը սոցիալական երաշխիքների, վարձատրության, հավասարության մեջ է: Եթե զինվորական ծառայություն է, իհարկե, դա ավելի կաևոր է, և նրան տրվող ուշադրությունը պետք է ավելի մեծ լինի, ոստիկանական ծառայությունը դրան պետք է հաջորդի իր կարևորությամբ, այս իմաստով քաղաքականությունը պետք է ճիշտ տարվի»:

Հովհաննես Քոչարյանի խոսքով՝  ծառայության կազմակերպման ավելի արդիական մոդելը ճիշտ է հատկապես այն երկրներում, որտեղ տուրիզմի զարգացման խնդիր կա. «Օտարերկրացիներին Հայաստանի հետ կապելու խնդիր կա, որտեղ նրանց անվտանգությունն ավելի երաշխավորված է լինում, դրսից եկած հյուրերն իրենց ավելի անվտանգ են զգում: Եթե մեզ հաջողվի դա ստեղծել, ապա տնտեսությանն էլ կարող ենք օգուտ տալ: Մի շարք երկրներում արդեն տուրիստական պարեկային ծառայություն են ստեղծում: Ամենակարևորը, որ ոստիկանական ծառայողն ունենա ունիվերսալ մեկ միասնական պատրաստվածություն, հմտություններ և գիտելիք»:

Նշենք, որ ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Նախնական մասնագիտական կրթական ծրագրով սովորողները «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ համարվում են ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68.000 ՀՀ դրամ (հաշվարկային):

Տեսանյութեր

Լրահոս