«Մեզ վրա պատվաստանյո՞ւթ են փորձարկում. դա հանցագործություն է. իսկ Նուբար Աֆեյանի ընկերությունը պատվաստանյութի պատճառով դատարանում է հայտնվել».  Պետրոս Անանիկյան

«Ամերիկայի Միացյալ Նահանգներում տրվել է կորոնավիրուսով վարակվածների մահվան տոկոսի գնահատում, որը կազմել է 0.2-04 տոկոս, իսկ այն մարդիկ, որոնք 50 տարեկանից փոքր են՝ նրանց մոտ մահվան հավանականությունը կազմում է 0.02-0.05 տոկոս ընդամենը։  Կանադայի առողջապահության նախարարությունը տվել է հետևյալ տվյալը՝ կորոնավիրուսից մահացածների միջին տարիքը 83 է, որից հետո կոչ է արել հիշել՝ Կանադայում մարդու կյանքի միջին տևողությունը 82 է։ ԱՄՆ-ում ևս մահացածների մոտ 40 տոկոսը նույնպես արձանագրվել է մեծահասակների տներում։ Սրանից բացի, եթե նայում ենք աշխարհի այն երկրների վիճակը, որոնք կորոնավիրուսի դեմ հատուկ միջոցառումներ չեն իրականացրել, ապա տեսնում ենք, որ, օրինակ, 10 մլն բնակչություն ունեցող Շվեդիայում 5700 մահ է արձանագրվել, որի 70 տոկոսն արձանագրվել է  այդ երկրում գործող մեծահասակների տներում։ Բելառուսում էլ  արձանագրվել է ընդամենը 543 մահ, իսկ այս երկիրը ոչ մի հակաճգնաժամային միջոցառում չի իրականացրել և ունի նման ցածր մահվան ցուցանիշ։ Բերեմ մեկ այլ հետաքրքիր օրինակ՝ Առողջապահության  համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այսօր աշխարհում արձանագրվել է  կորոնավիրուսի հետևանքով մոտ 700 հազար մահ, և սա՝ այն դեպքում, երբ, ըստ նույն կազմակերպության, 2017 թվականին սովորական թոքաբորբից աշխարհում մահացել էր 3 միլիոն մարդ, որոնց 1/3-ը՝ մինչև  5 տարեկան երեխաներ»,- այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ներկայացնելով կորոնավիրուսի վարակի հետևանքով աշխարհի մի շարք երկրներում արձանագրված մահվան ցուցանիշները, ասաց Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմավարական բարեփոխումների Ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը։

 Ըստ նրա՝ Հայաստանում ունենք 40 000 վարակակիր և 1000 մահ, իսկ այս թվերն ավելին են նախորդ տարվա համեմատ, որովհետև մինչև այս վարակն էլ ՀՀ-ում  մահանում էր օրական 50-60 մարդ։

«Կորոնավիրուսի հետևանքով, այսպես ասած, մահերը եթե 1000-ն են, դա ստացվում է, որ օրական 12-13 մարդ է մահացել այս ամիսների ընթացքում. բայց նշեմ, որ դարձյալ մինչև այս վարակը միայն չարորակ ուռուցքներից Հայաստանում մահանում էր 14 մարդ. այսպիսին էր մեր վիճակագրությունը մինչև  այս վարակը»,- ասաց Պետրոս Անանիկյանը։

Պրոֆեսորը ներկայացրեց նաև այն վիճակագրությունը, որն արձանագրվել է Covid 19-ի հետևանքով պլանային բուժման հետաձգման հետևանքով, և ցավով նշեց, որ ի տարբերություն  աշխարհի շատ երկրների՝ Հայաստանում չի վարվել նման  կարևոր վիճակագրություն։

«Օրինակ՝ Անգլիայի տվյալներով՝ մոտ 2 միլիոն մարդու պլանային վիրահատություն են հետաձգել, իսկ ըստ մասնագիտական հաշվարկների՝ պարզ է, որ այս թվի 10 տոկոսը բերելու է մահվան։ ԱՄՆ-ում ունեն 650 հազար մարդ, որոնք ամեն օր ստանում են չարորակ ուռուցքների դեմ բուժում, որոնցից այս վարակի հետևանքով կարողանում է բուժումը շարունակել ուղիղ կեսը, իսկ դա նշանակում է՝ այն մյուս կեսի՝  մոտ 10 տոկոսի մոտ լինելու են  բարդություններ, ու դրանք բերելու են մահվան։ Սրանից բացի՝ 85 տոկոսով կրճատվել են փոխպատվաստումների վիահատությունները,  45 տոկոսով  կրճատվել են ինսուլտի շտապ ախտորոշման դեպքերը։ Ցավոք, Հայաստանում չկան տվյալներ, թե պլանային բուժում ստացողների ինչ վիճակագրություն ունենք»,- ասաց Անանիկյանը։

Պետրոս Անանիկյանն անդրադարձավ նաև Բեռլինում և եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած հակադիմակային ակցիային և նշեց, որ մեկնարկած բողոքի ակցիաները ցույց  են տալիս, որ այս շարժումը բավականին մեծ տարածում է ստանալու, որովհետև չէր կարելի այսքան ժամանակ միանշանակ պնդել, որ բաց տարածքում դիմակ կրելն օգուտ է։

«Չի՛ կարելի նման պնդում անել, չի կարելի ասել, որ դա օգուտ է տալիս, վերջացրեք։ Իհարկե, մենք օրինապաշտ ենք, կրում ենք, բայց դա չի խանգարում, որ մենք ասենք՝ բաց տարածքում դիմակ կրելը սխալ է, ավելի շատ վնաս է բերում, և ոչ թե՝ հակառակը։ Ես, օրինակ, արդեն նկատում եմ, որ ունեմ սիրտ-թոքային խնդիրներ։ Կրկնում եմ, եթե ապացուցվի, որ այս դիմակ կրելը վնաս է տվել ժողովրդին, իսկ դա կապացուցվի, մեր առողջապահության նախարարը լուրջ պատասխանատվություն է կրելու»,- ասաց  նա։

Ինչ վերաբերում է պատվաստանյութի  ստեղծմանը, որը, ըստ Արսեն Թորոսյանի, կլինի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկիզբին,  Պետրոս Անանիկյանն ասաց.

«Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Գերմանիայի հատուկ հետազոտություններ արած բժշկական հաստատությունները հայտարարում են, որ վարակված մարդու մոտ հակամարմինները 2-3 ամիս են ընդամենը պահպանվում, այդ դեպքում ի՞նչ պատվաստանյութի մասին է խոսքը։ Բացի այդ, եթե հակամարմինները պահվեին գոնե մեկ տարի մարդու օրգանիզմում, ապա մենք պետք է ունենայինք  պատվաստանյութ, որն առնվազն 5 տարի փորձարկում է անցել,  բայց եթե ասում են, որ հունվարին կունենանք, դա նշանակում է, որ այն անցել է, լավագույն դեպքում, 4 ամսվա փորձարկում։ Եթե երեք ամիս փորձեցինք, պարզեցինք՝ անվտանգ է, բայց 1.5 տարի հետո պարզվեց, որ այդ պատվաստանութը բերում է չարորակ ուռուցքների, չբերության, ի՞նչ են անելու այն ժամանակ։ Ինչ վերաբերում է նրան, որ ասում են, թե Նուբար Աֆեյանին փոխկապակցված ընկերությունը հաջողության է հասնում պատվաստանյութի հարցում, ապա պետք է հիշենք, որ այդ նույն ընկերությունը պատվաստանյութերի պատճառով Աֆրիկայում և Հնդկաստանում դատական գործերի մեջ է հայտնվել, այնպես որ, եկեք չխոսենք այդ մասին։ Էլ չեմ խոսում այն մասին, որ պատվաստանյութը դեռ չհաստատված՝ Առողջապահության նախարարն ասում է, թե՝ քանի որ մենք մեծ երկիր չենք, չենք կարող ինքներս ստեղծել, լավ կլինի, որ մեր երկրում կլինիկական փորձարկումներ անեն. ասել եմ ու կրկնում եմ՝ դա հանցագործություն է, մեզ վրա պատվաստանյո՞ւթ են փորձարկում. ի՞նչ է նշանակում դա։

Նշեմ, որ կորոնավիրուսը շատ արագ մուտացիայի է ենթարկվում, և դա նշանակում է, որ անգամ, եթե պատվաստանյութը լինի, այն մի քանի ամիս անց չի օգնելու»: Պրոֆեսորը շեշտեց, որ, եթե  հայտնվի այդ պատվաստանյութը, ապա ինքը կփորձի չպատվաստվել։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս